Ամերիկահայ գրող Նունե Փեներջյանի կարծիքը հասարակական գործիչ, «Հայրեններ» գրաշարի հեղինակ Մամիկոն Խուրշուդյանի մասին

Հեղինակ՝ Nairi Manukyan

Այդ օրը պատերազմին շատ մոտ էի նստել: Իմ ու պատերազմի արանքում մի փոքրիկ արահետիկ էր, որով աթոռներին քսվելով անցնում-դառնում էին ուշացած հյուրերն ու իրար ողջունել ցանկացողները:
Պատերազմը այդքան մոտ երբևէ չէի պատկերացրել ու ստացվեց այնպես, որ այդ օրը մեկ սեղան հեռավորությունից ես տեսա նրան,,,
Հետո պատերազմը շարժվում էր,,, իրեն մոտիկացող ջերմություն ու կարեկցանք արտահայտող դեմքերին պատասխանում էր ժպիտով, հարգանքով ու երախտագիտությամբ: Ես մնացած ամեն ինչ թողած արդեն սկսել էի միայն պատերազմի կողմը նայել ու զարմանքով նկատել, որ նա դեմքեր ունի: Եվ ի՜նչ դեմքեր,,, Ես հասցրել էի այսպիսի ոչ երկրային դեմքեր տեսնել սառը քարերի վրա՝ հրեշտակաբլուրում, ուր հաճախ էի եկեղեցու փոխարեն գնում՝ մաքրվելու: Հիմա հենց կողքիս՝ մի սեղան հեռավորությունից տեսնում էի արդեն երկրային դեմքեր, որոնցից յուրաքանչյուրի վրա էր նստած պատերազմը,,, ահա, թե որտեղ էի տեսել պատերազմը,,, մի սեղան այն կողմ պատերազմը:
Հետո պարզվեց, որ անուններ ունի նաև,,, Կամո, Արթուր, Դավիթ,,,
Ամեն ինչ խառնվել էր գլխումս ու սրտումս: Մի սեղան այն կողմ Կամոն էր նստած, որ դեռ ու դեռ երկար պատերազմ պիտի բուրեր: Դավիթն էր ու Արթուրը, Հրաչն էր ու Գոռը, Արմանն էր ու Նորայրը, Գարիկն էր ու Կարենը,,,
Ես ամբողջ երեկոյի ընթացքում նայում ու նայում էի պատերազմին ու զարմանում, որ նա անպատմելի ու աննկարագրելի գեղեցիկ դեմքեր ունի այս սեղանի շուրջ ու սառը քարերի վրա,,,

Ես պատերազմի մասին չեմ գրելու,,, դրա իրավունքն էլ ես չունեմ էրեխեք ջան: Ես հեռու եմ եղել,,, բայց պատերազմը մինչև այսօր իր ուսերին կրող ընկերոջս՝ Մամիկոն Խուրշուդյանի մասին ուզում եմ ամեն օր պատմել: Այս բոլոր տղաներին նրա միջոցով եմ տեսել 2021 թվականին Ռոյալ Երևան ռեստորանում մրցանակաբաշխության ժամանակ: Նրանք, մոտ 40 հոգի էին, շատ ծանր վիրավորում ստացած զինվորներ, որ կռվել էին 44 օրյա դժողքի օրերին: Նրանք հիմա էլ Մամիկոնի շուրջն են, կամ Մամիկոնն է նրանց, բոլոր 40 տղաների շուրջը:

0 Մեկնաբանություն
3

Թողնել մեկնաբանություն