Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հեղինակ՝ Nairi Manukyan

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը կիսաեզրափակչի 6 մասնակից կունենա։

Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից՝ ևս ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Բարեղամ Հարությունյանը մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով առավելության է հասել լեհ Յակուբ Սլոմինսկիի նկատմամբ, Ռուսլան Ասլիկյանը պարտության է մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Տիբոր Կատոնային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Ադրիան Ֆլորին Պրեդայի նկատմամբ, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում նույն՝ 5:0 հաշվով պարտության է մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովին, իսկ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել ալբանացի Գելիան Ռայկուից։

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայ բռնցքամարտիկները կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար։

Ցերեկվա մրցահերթում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) կմենամարի Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահտինի հետ, Ռուսլան Ասլիկյանը (54 կգ) կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուզնեցովի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) ուժերը կչափի բելառուս Ալեքսեյ Ալֆիրոյի հետ։

Երեկոյան մրցահերթում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը կմրցի Մալթայի ներկայացուցչի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի իսպանացի Գաբրիել Էսկոբարը, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Հունաստանի ներկայացուցիչ Վագկան Նանիցանիանի հետ։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ), տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։

Մրցավայր են մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը: Եվրոպայի գավաթի խաղարկության մրցավարական անձնակազմում ներգրավված է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն