Եվրոպական խաղեր. մրցումային 7-րդ օրվա արդյունքները

Հեղինակ՝ Nairi Manukyan

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով շարունակվում են բռնցքամարտի, սուսերամարտի և ջրացատկի մրցումները: 

Հայ բռնցքամարտիկներից հունիսի 26-ին երկրորդ հաղթանակն է տարել ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Վերջինս Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում մենամարտել է սերբ Վլադիմիր Միրոնչիկովի հետ և տեխնիկական նոկաուտով կամային հաղթանակ է տարել մենամարտի վերջին րոպեներին: Հիշեցնենք՝ Հակոբյանը մեկնարկում 4:1 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից երեկ ռինգ են դուրս եկել նաև Էլիդա Քոչարյանը (60 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Նարեկ Մանասյանը (92 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Սոնա Հարությունյանը (66 կգ), որոնք, սակայն, պարտվել են հենց մեկնարկում ու դուրս մնացել հետագա պայքարից:

Այսօր՝ հունիսի 27-ին, 1/8 եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը:

Բազեյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Լատվիայի ներկայացուցիչ Մատվեյ Պրոկուդինսի, Մադոյանը՝ էստոնացի Պավել Կամանինի, իսկ Չալոյանը՝ չեխ Մարտին Պինչի հետ: Այսօր պայքարի դուրս կգան նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանն ու Տաթև Խաչատրյանը: Գրիգորյանը 50 կգ քաշայինների 1/8 եզրափակչում կմենամարտի Թուրքիայի ներկայացուցիչ Նազ Ջակիրօղլուի հետ, իսկ Խաչատրյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Մահսաթի Համզաևան:

Լեհաստանի Կրակով քաղաքում երեկ մեկնարկել են նաև սուսերամարտի մրցումները: Հայաստանի բազմակի չեմպիոն ու առաջատար խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, հաղթահարելով որակավորման փուլը, դուրս է եկել լավագույն 64 մարզիկների խումբ, որտեղ սակայն 15-5 հաշվով զիջել է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Աննա Զենսին:

Պողոսովան շուրջ 16 տարի է ՝ զբաղվում է սուսերամարտով, ասում է՝ նպատակն իր երբեմնի լավագույն արդյունքը գոնե կրկնելն էր, ցավոք՝ չստացվեց. «Անկախ Հայաստանի պատմության մեջ մեր լավագույն արդյունքն իմն է՝ աշխարհի առաջնությունում 8-րդ հորիզոնականը: Նպատակ ունեի գոնե կրկնելու այդ արդյունքը, ցավոք՝ չստացվեց: Եվրոպական խաղերում հեշտ մարտեր ու հեշտ մրցակիցներ չկան. գրեթե բոլոր մրցակիցներս տիտղոսակիր մարզիկներ էին՝ աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոններ, որոնք լրջորեն նախապատրաստվել էին այս վարկանիշային մրցաշարին»:

Խոցասուսերի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը, ամփոփելով Էմմա Պողոսովայի մրցելույթը, նույնպես նշում է, որ մարզուհուց ավելին էր սպասում: Մարզչի խոսքով՝ առաջիկայում մասնակցելու են մեծահասակների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 22-ից 30-ն Իտալիայի Միլան քաղաքում, իսկ սեպտեմբերին Երևանում միջազգային մրցաշար կանցկացվի:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանն ու Բորիս Դադայանը, որոնք, սակայն, չեն կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Այսօր մարտուղյակ դուրս կգան խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանն ու Գրիգոր Մնացականյանը:

Հունիսի 27-ին կավարտվեն նաև ջրացատկի մրցումները: Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Գրիգորյանը հանդես կգա 10 մ. աշտարակացատկում: Ավելի վաղ Հայաստանի ջրացատկի հավաքականը Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան, Ալիսա Զաքարյան կազմով մասնակցել էր խառը զույգերով 3 մ. և 10 մ. ցատկերի թիմային առաջնությանը: Մեր քառյակը վաստակել էր 215,85 միավոր և 9 մասնակիցների պայքարում գրավել 8-րդ տեղը:

Հուլիսի 28-ից Եվրոպական խաղերում իրենց ուժերը կփորձեն թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն