Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել. Հրանուշ Հակոբյան

Հեղինակ՝ Nairi Manukyan

Սիրելի՛ և քաջարի՛ Արցախահայություն, մեր հայրենակիցներ, սփյուռքի իմ բարեկամներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Մկրտության և Աստվածահայտնության Հրաշափառ տոների առիթով ընդունված է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել միմյանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մեջ է և փրկության կարիք ունի:

Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել, քանզի միջազգային հանրության անտարբերության արդյունքում վտանգված են Արցախն ու Արցախահայության ճակատագիրը: Այս ծանր իրավիճակում զորակցություն եմ հայտնում իմ ընկերներին, բարեկամներին, Արցախում ապրող մեր հերոս, տոկուն, հայի իսկական տեսակին և թանկագին հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մաղթում եմ խաղաղություն և առողջություն, միասնություն և բռունցքվելու ու գոտեպնդվելու կարողություն՝ պատերազմական հանցագործներին դիմակայելու համար։ Ինչպես մեծն Թումանյանն է ասել . ‹‹Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան, Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան››։

2022 թվականը մոտենում է իր ավարտին։ Հայ ժողովրդի համար ավարտվում է դժվարություններով ու ցավով լեցուն ևս մեկ տարի… 2022-ին շարունակեցինք կրել Արցախյան քառասունչորսօրյա դաժան պատերազմի ծանր ու անողոք հետևանքները։ Նոր աղետ դարձավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, դարձյալ հարյուրավոր պայծառ երիտասարդների կորուստ կրեցինք, և այսօր էլ մեր Հայրենիքի շուրջ տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ։ Ուստի, Ամանորի տոնական տրամադրության փոխարեն հայ մարդուն պատել են մտահոգությունները, մեր հոգիներում անթեղված են անասելի ցավ ու տագնապ: Այն ամենին, ինչին ականատես ենք, ավա՜ղ, թուրք-ադրբեջանական զավթողական նկրտումների արդյունքն է, ցեղասպանությունների միջոցով խնդիրներ լուծելու, կենսատարածքներ գրավելու և մշակութային ցեղասպանության ճանապարհով հայկական քաղաքակրթության հետքերը շարունակաբար վերացնելու թուրքիայի և ադրբեջանի անպատիժ քաղաքականության հետևանքը: Ավելին՝ այս իրողությունները մարդկության խաղաղ ապագային ուղղված նոր կացնային հարված է:

Այո՛, դարեր շարունակ մեզ կոտորել են, սպանել, ոչնչացրել հայկականն ու հայեցին, սակայն մենք գտել ենք ապրելու և փյունիկի պես վեր հառնելու ուղին, մենք թույլ չենք տվել, որ թշնամին մեզ արմատախիլ անի, որովհետև մենք ապավինել ենք մեր մտքի զորությանն ու հավատքին: 2023 թվականից սպասումներ ունենք, ունենք փափագ և հույս, որ լավ է լինելու, հավատում ենք, որ թանձր խավարից հետո արշալույսն է ծագելու: Եվ հույսը երբեք չպետք է մարի, և, ապավինելով հույսին, Նոր տարին պարտավոր ենք դիմավորել այն վստահությամբ, որ ժողովուրդը դուրս է գալու թմբիրից և վերատեսության է ենթարկելու իր կյանքը, իր առաքելությունը և միասնաբար կերտելու է հզոր Հայաստան, որ Հայաստանում և Սփյուռքում առկա բոլոր հնարավորություններն օգտագործվելու են Արցախին և այնտեղ ապրող հայ ժողովրդի մի հատվածին փրկելու, նրանց արդար իրավունքները պաշտպանելու համար: Մենք չունենք ընկճվելու, զենքերը վայր դնելու՝ այդպիսով թշնամու ձգտումներին նպաստելու իրավունք: Հիշենք մեծ մարդասեր, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հայտնի միտքը. «Հայոց պատմությունն անվերջ փորձարկումների պատմություն է, ապրելու փորձարկում»։ Հայրենիքը, հայոց պետականությունը, Արցախը և համազգային միասնությունն այն ամուր հիմքերն են, որոնց վրա յուրաքանչյուրս պիտի ավելացնենք մեր քարը և միասնաբար կառուցենք Հայաստանի անխորտակ տաճարը:

2023-ին մեր կարևոր անելիքը պետք է լինի ի սեր Հայրենիքի՝ համախմբվել, ձերբազատվել անհանդուրժողականության և ատելության չարիքից, հրաժարվել անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինել բարի, սիրով, միաբան ու միակամ, որպեսզի ի զորու լինենք թշնամուն հեռացնել մեր տարածքներից, Հայրենիքում վերստին հաստատել խաղաղություն և լծվել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի: Մնում է հավատալ, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի համախմբմամբ 2023 թվականը կդառնա հայրենափրկության և հայրենաշինության տարի։ Նոր տարվա նախաշեմին ցանկանում եմ հիշել Երվանդ Օտյանի հետևյալ խոսքերը. «Կան մարդիկ, որ հավատում են, կան մարդիկ, որ չեն հավատում: Ես այն մարդկանցից եմ, որ հավատում եմ»: Ես միանում եմ Երվանդ Օտյանի այս խոսքերին և համոզված պնդում, որ չհավատալը դյուրին ճանապարհ է. մերժում ես և վերջ: Իսկ հավատալը դժվար է, որովհետև, եթե հավատում ես, քեզ վրա բեռ ես վերցնում և ձգտում ես այդ բեռը պատասխանատվությամբ կրել: Ես հավատում եմ հայ ժողովրդի ներուժին, հավատում են ինձ այնքան հարազատ դարձած սփյուռքահայերին և կարծում եմ, որ մենք այս հավատով, հույսով և սիրով մեծ գործեր ենք անելու, հայրենաշունչ ծրագրեր կյանքի կոչելու։ Մեր պարտքն ու պատասխանատվությունն է սերունդներին փոխանցել հայ ժողովրդի ազգային արժեհամակարգի սրբության սրբոցները` Նաիրյան ոգու ապրելու և հաղթելու կենսուժը, Հայոց տենչի և Նաիրի երկրի պայծառ Տեսլականը, մեր հավաքական անկոտրում Ոգին, մաքառման Կամքը, հայրենասիրության տոհմիկ Առաքինությունը և Հայրենիքին ծառայելու Առաքելությունը։

Հավատանք Հայոց Հայրենիքի՝ Հայաստանի, այդ թվում Արցախի հավերժությանը և գոտեպնդված գործենք՝ ի կատարումն Վահան Տերյանի հավատո հանգանակի. «Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման։ Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր… Հայրենիքի ճակատագրով պետք է մտահոգվենք բոլորս` միմյանց աջակցելով, միմյանց լրացնելով և հավատալով… Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն, Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»:

ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն