ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը 90 տարեկան է

Հեղինակ՝ Nairi Manukyan

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կայացել է անվանի արվեստաբան, դերասան, թատերական և մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սերոբ Անտինյանը Սերգեյ Առաքելյանին է փոխանցել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Առաքելյան, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները՝ ամուր առողջության, երջանիկ տարիների և երկարակեցության ջերմ բարեմաղթանքներով: Դուք հայ թատերարվեստի և երաժշտաթատերական ոլորտի իսկական նվիրյալ եք, ով իր նշանակալի ավանդն է ունեցել հայ թատերարվեստում, թատերահամերգային բնագավառում և հանրային մշակութային կյանքում»:

Վ. Դումանյանի բնորոշմամբ՝ Սերգեյ Առաքելյանը հայ թատերարվեստի այն անուններից է, որոնք նույնացվում են համեստության, անխոնջ աշխատանքի ու անսահման նվիրումի հետ: Նվիրյալներն իրենց քրտնաջան աշխատանքով և անմնացորդ սիրով ծառայում են թատրոնին, արվեստին, մշակույթին:

«Այդպիսի մի անձնավորություն է դերասան, արվեստաբան, թատերական և մշակութային գործիչ Սերգեյ Առաքելյանը: Հիրավի, հարուստ և բազմաժանր է անվանի դերասանի ու արվեստագետի գործունեությունը: Նա ստեղծագործական լայն ընդգրկմամբ հասցրել է նշանակալի ավանդ թողնել թատերարվեստի, երաժշտարվեստի ու մշակութային-հասարակական գործունեության գրեթե բոլոր բնագավառներում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Անշուշտ, հարուստ և բազմաժանր է անվանի դերասանի ու արվեստագետի գործունեությունը: Որպես դերասան, գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր, մշակութային միջոցառումների հմուտ կազմակերպիչ և հասարակական գործիչ՝ նա իր նշանակալի ներդրումն է ունեցել մշակութային բոլոր խոշոր օջախներում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններ, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, այլ հաստատություններ, որտեղ բեմադրել է ներկայացումներ, խաղացել տասնյակ դերեր, կազմակերպել բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ:

Նշանակալի է նաև արվեստագետի ավանդը հայ մեծերի, գրականության և արվեստի նշանավոր գործիչների անձնական արխիվների, մեծաքանակ լուսանկարների, բացառիկ ձեռագրերի, վավերագրերի, անձնական իրերի հավաքագրման և անվանական հավաքածուների ստեղծման գործում: Հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը, հեղինակել և կազմել է երաժշտաթատերական արվեստի նշանավոր մարդկանց կենսագրական նկարազարդ ալբոմ-ժողովածուները:

Սերգեյ Առաքելյանին իրավամբ կարելի է կոչել նոր ժամանակների «Հայ արվեստի տարեգիր», արդի ժամանակների հայ երաժշտաթատերարվեստի և մշակույթի վավերագիր:

Սերգեյ Առաքելյանին շնորհավորել են նաև արվեստի և մշակույթի նշանավոր գործիչներ, դերասաններ, կոմպոզիտորներ, ռեժիսորներ` Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արամ Սաթյանը, Վահե Շահվերդյանը, Դավիթ Մուրադյանը, Հակոբ Ղազանչյանը, Դավիթ Ղազարյանը և այլք:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն