Սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

Հեղինակ՝ Nairi Manukyan

Հայ կաթողիկե եկեղեցու Պատրիարքական կառավարիչ Արհիապատիվ Տեր Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյան և սինոդոսական հայրեր Խոր ցավով տեղեկացա Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք, Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանի մահվան մասին և դառնորեն փաստեցի, որ հայ ժողովրդին պատուհասած այս մղձավանջում, Հայաստանի և Արցախի վտանգված անվտանգության պայմաններում, ազգային ևս մեկ հենասյուն կորցրեցինք: Հայ ժողովրդի կաթողիկե հավատավոր հոտը կորցրեց իր տաղանդավոր Առաջնորդին, նվիրյալ Հոգևորականին, մեծապատիվ Ուսուցչին, քանքարավոր Մտավորականին, վառ Անհատականությանը, Հայ հավաքական ինքնության ազնիվ պահապաններից մեկին: Որպես հայ կթողիկե եկեղեցու առաջնորդ՝ նա իր պատվավոր առաքելությունը կատարեց անսահման սիրով ու նվիրումով: Նրա ապրած կյանքն ու գործունեությունը հայրենասեր հայորդու, ճանաչված ու հարգված հոգևորականի անցած բեղմնավոր ճանապարհ էր, ազգին ծառայելու բացառիկ օրինակ էր: Պատրիարքը հայ ազգային արժեքների հավատավոր մշակ էր, Հայոց ուխտի աննահանջ մարտիկ։ Աշխատանքի բերումով մոտ 30 տարի հնարավորություն եմ ունեցել հանդիպելու ազգային ընգծված արժեքներ կրող, հոգևոր աշխարհում հայտնի ու հետաքրքիր անձնավորությանը՝ Ֆրանսիայի հայ կաթողիկե համայնքի Փարիզի Սուրբ Խաչ Թեմի առաջին եպիսկոպոս, նաև Արևմտյան Եվրոպայի Հայոց Առաքելական այցելու գերապայծառ Կապրոյեանին, ապա Ամենապատիվ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի Կապրոյեանի հետ և քննարկել ազգի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, զարմանալ ու հիանալ նրա մտքի խորաթափանցությամբ, իմաստնության և կռահողականության ուժով, համադրելու և բարդ իրողությունները որպես պարզ ճշմարտություններ բանաձևելու և ներկայացնելու ունակությամբ: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվեցին Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրուած երկու գիտաժողով, ինչպես նաև երջանկահիշատակ Ներսէս Պետրոս ԺԹ. Պատրիարքի հետ մեծ ջանքեր գործադրեց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ: Նա իր մարդկային վեհ նկարագրով, մտքի ճկունությամբ և համոզիչ ու գեղեցիկ խոսքով, կուռ տրամաբանությամբ ու ասելիքի սրությամբ, հարուստ ներաշխարհով և արժեքային ճիշտ կողմնորոշումներով գերում էր հավատացյալներին, իր բոլոր զրուցակիցներին: Նա խստաբարո էր, միաժամանակ, մարդասեր ու բարի, լավատես ու հզոր գաղափարներով լեցուն։ Նա մարդ էր, ումից կարելի էր անվերջ սովորել: Գերերջանիկ Տերը իր ողջ գիտակցական կյանքում հոգևոր ծառայություն մատուցեց և սպեղանի դրեց հիվանդին ու անօգնականին, տկարին ու մանուկին, ծերին ու խնամքի կարոտ անձանց: Նա իր ներկայությամբ գոտեպնդում էր համայնքներին, հոգևորականներին, իր շրջապատին:Այսօր ալեկոծված է հայ ժողովուրդը, թշնամին անարգել հատում է մեր պետական սահմանները և հայրենի հողի վրա սպանում հայ զինվորին: Պատերազմի հետևանքով ունեցել ենք անչափ թանկ կորուստներ, արնածոր են մեր սրտերը, կորսված է Արցախ աշխարհի մեծ մասը, և պատկերացնում եմ, թե ինչպիսի հոգեկան տառապանք, անասելի ծանր ապրումներ է ունեցել հայրենասեր, ազգասեր ու մարդասեր Կաթողիկոս-Պատրիարքը: Նրա երազանքն էր տեսնել ժողովրդավարական, զարգացած, համախմբված ու պաշտպանված Հայաստան և Արցախ: Գերերջանիկ Տիրոջ գործը, թողած հետագիծը, պայծառ անունը անջնջելի են և անմոռանալի, խոնարհումի և երախտագիտության արժանի:Խորապես վշտակցում եմ Ձեզ, մեր բոլոր հոգևորականներին և յուրաքանչյուր հայի, քանզի մենք կորցրեցինք իսկապես մեր ազգի խոշորագույն հոգևոր սպասավորներից մեկին, ազգի մեծ ներկայացուցչին։ Նրա մահը մեծագույն կորուստ է Հայկական Սփյուռքի և մեր Հայրենիքի համար։ Եվ այդ վիշտը կիսում են Հայաստանում, Արցախում և աշխարհով մեկ սփռված հայ հավատացյալ զավակները: Վստահ եմ, որ Հոգևոր Տերը կշարունակի իր հոգևոր ներկայությունը, կշարունակի ապրել հարազատների, հայրենակիցների, իրեն ճանաչողների սրտերում, մտքերում և հոգիներում։ Թող Աստված հոգին լուսավորի եւ արժանացնի նրան երկնային Արքայության։Թող իրագործվի Գերերջանիկ Տիրոջ փափագը. թող Աստված պահապան լինի մեր Հայրենիքին, հայ համայնքներին, աշխարհասփյուռ հայությանը և փրկի պատերազմերից ու արհավիրքներից: Խորին խոնարհում Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանի պայծառ հիշատակին։‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››: Ամեն։ Անկեղծ ցավակցությամբ և վշտակցությամբ՝ Հրանուշ Հակոբյան ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար,ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

взять быстрый займ на карту без проверок срочно круглосуточно
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն