«Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսին ներկայացել են ավելի քան 80 կրթօջախներ

Հեղինակ՝ Nairi Manukyan

«Yerervan EXPO» ցուցասրահում ապրիլի 28-30-ը տեղի է ունեցել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տաղավարն այցելուների պակաս չի ունեցել. ցուցադրվել են բուհի հրատարակությունների ընտրանին, գովազդային գրքույկները, բուհի մասին տեսահալովակները և վիրտուալ տուրը: Այցելուների մեծ մասը հետաքրքրված ու հարցասեր դպրոցականներ էին, որոնք սպառիչ տեղեկություններ են ստացել բուհի կրթական ծրագրերի, վարձավճարների, համալսարանական գիտակրթական միջավայրի, ձեռքբերումների և ընդունելության գործընթացի վերաբերյալ: ՀՊՏՀ տաղավարի այցելուներից էին նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տարբեր կուրսերի ուսանողները։ Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել դիմորդի աջակցման տեղեկատվական, ճանաչողական հերթական միջոցառումը:

Ցուցահանդեսի առաջին օրը Երևանի պետական համալսարանի տաղավարումհանդես է եկել բնագիտական թևը. աշակերտները ծանոթացել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների ուսանողների կատարած հետաքրքիր փորձերին:

«Տաղավարում ներկայացված են օրինակներ՝ մեր ինստիտուտի սեփական արտադրության և համագործակցության արդյունքում առաջացած նյութերի, օրինակ՝ յուղերն արտադրում ենք ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ միասին, իսկ դեղամիջոցները պատրաստել են անձամբ մեր ուսանողները»,- մեզ հետ զրույցում ներկայացված օրինակները ներկայացրել են ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները: Տաղավարում միաժամանակ հետաքրքրաշարժ փորձեր և ցուցանմուշներ են ներկայացրել բուհի քիմիայի ֆակուլտետի սաները: Ցուցահանդեսի երկրորդ օրը ԵՊՀ տաղավարում ներկայացվել է Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Մշակույթի կենտրոնի, իսկ վերջին օրը՝ Պատմության, Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությունը: Բացի դրանից՝ ցուցահանդեսի կոնֆերանս սրահում ցուցադրվել են տեսանյութեր՝ ԵՊՀ-ի միջազգային գործունեության մասին: ԵՊՀ-ի տաղավարում ցուցադրվել է նաև աշխարհի հնագույն՝ 5000-ամյա կաշվե կոշիկի կրկնօրինակը (ԵՊՀ պատմության թանգարան):

Երևանում Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, որը գործում է 2015 թվականից, ցուցահանդեսին ներկայացրել է բուհի մասնագիտությունները. բակալավրիատում՝ տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, կիրառական մաթեմատիկա, լեզվաբանություն և ժուռնալիստիկա, իսկ մագիստրատուրայում՝ իրավաբանություն, միջազգային հարաբերություններ և տնտեսագիտություն: «Մեր բուհում առարկաների մեծ մասը վարում են ռուս դասախոսները, որոնք գործուղվում են Երևան: Շրջանավարտներին տրվում է մայր բուհի դիպլոմը, այսինքն՝ ավարտական վկայականում չի նշվում մասնաճյուղ: Համալսարանի առավելությունն այն է, որ հայ ուսանողները հնարավորություն ունեն մնալ իրենց հայրենիքում և չլքել այն՝ ստանալով նույն որակի կրթություն, ինչ Մոսկվայում՝ դրա համար վճարելով 2-3 անգամ քիչ»,- ասում է բուհիարտաքին կապերի վարչության աշխատակից Լիլիթ Մանուկյանը՝ ընդգծելով, որ բուհում ուսանողական կյանքը եռում է. սովորողները մասնակցում են տարբեր մրցույթների, որի արդյունքում ունեն բազմաթիվ մրցանակներ:

Ցուցահանդեսին ներկայացել է նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, որը ստեղծվել է 1997 թվականին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը: ԳԱԱ գիտակրթական միջազգահի կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանի խոսքով՝ ակադեմիայի տարբեր ինստիտուտներում տեղակայված են կենտրոնի ամբիոնները:

«Ընդունվելով մեր կենտրոն՝ ուսանողները դառնում են հետազոտող և հնարավորություն ստանում իրականացնել իրենց գիտական աշխատանքը: ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնել անցումը կրթությունից դեպի գիտական գործունեության»,- ասում է մեր զրուցակիցը:

ՀՀՊՆմարշալԱրմենակԽանփերյանցիանվանռազմականավիացիոնհամալսարանն իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով:

«Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է, որոնք իրենց նեղ մասնագիտական ունակություններով կարողանան ապահովել հաջող և գերազանց մարտական առաջադրանք»,- ասում է կուրսանտ Սմբատյանը:

ՄոնթեՄելքոնյանիանվանռազմամարզականվարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը ներկայացրել է ուսհաստատության տաղավարը՝ նշելով, որշրջանավարտների 85-90 տոկոսն ընդունվում է տեղական ռազմական բուհեր, իսկ որոշ մասը՝ ՌԴ և արտերկրի բուհեր, եթե վարժարանին ընդունելության տեղ են հատկացնում տվյալ ժամանակահատվածի համար:

«Վարժարանը հագեցած է ժամանակակից միջոցներով՝ մարզական և ռազմագիտական մասնագիտացված ծրագրեր իրականացնելու համար: Այս տարի շեշտը դրել ենք ակտիվ գործնական պարապմունքների վրա: Հաստատությունում իրականացրել ենք նաև նոր փոփոխություններ՝ ուսման որակի բարձրացման ուղղությամբ, որդեգրել նոր մեթոդներ՝ 21-րդ դարի կրթության պահանջներին համապատասխան»,- ընդգծել է նա:

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տաղավարում իրենց մասնագիտությունն են ներկայացրելՖիզիկական վերականգնման ամբիոնի ուսանողները` կինեզիոլոգները: ՀՖԿՍՊԻ տաղավարում իրենց ուժերը շախմատում փորձել են շախմատիստ գրոսմայստեր Աննա Սարգսյանը, բուհի ռեկտորը և ապագա դիմորդները: Ինստիտուտի հոգեբանության ամբիոնի դասախոս Վարդան Գեղամյանն այցելուներին է ներկայացրել հոգեախտորոշիչ բազմագործուն սարքը, որը կիրառվում է հոգեբանական սպասարկման ոլորտում ոչ միայն մարզիկների, այլ նաև ոստիկանների, զինվորների և նմանօրինակ այլ մասնագիտությամբ անձանց համար:

«Այն իմ հեղինակային սարքն է, որը ստեղծել եմ գիտական աշխատանքի համար: Հետագայում սարքի միջոցով աշխատել եմ Հայաստանի ըմբշամարտի և շախմատի հավաքականների հետ»,- մեզ հետ զրուցում ասում է Վարդան Գեղամյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Սերունդ» գինով, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագետների ու ուսանողների ստեղծած հացատեսակներով ու հրուշակեղենով, ինչպես նաև հիմնափոխված կրթական ծրագրերով էր ներկայացել «Կրթություն և կարիերա» ցուցահանդեսին: Բուհի աշխատակազմի և ուսանողների ներկայացմամբ՝ ՀԱԱՀ-ի տաղավարի այցելուները, այդ թվում՝ դպրոցականները, լիարժեք տեղեկություններ են ստացել համալսարանի ագրոտեխնոլոգիական փոխակերպման ընթացքի մասին, ծանոթացել տեխնոլոգիական նոր մոդելներին և համտեսել համալսարանում ստեղծված բարիքները: Բուհի աշխատակիցները նշել են, որ համալսարանի ջերմատան բերքը, որը ուսանողների աշխատանքի արդյունք է, ուղղվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որպեսզի նրանք մշտապես ստանան թարմ մթերք: Բուհի ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողները ցուցադրել են իրենց ստեղծած սարքը, որը գազի արտահոսքի դեպքում այդ հոսքը միանգամից կասեցնում է. այն օգտագործվում է նաև մեքենայի անվտանգության համակարգում: Ուսանողները ցուցադրել են նաև իրենց պատրաստած ավտոմատ ջրման սարքը:

Ցուցահանդեսին ներկայացել է նաև շուրջ 150 տարվա պատմություն ունեցող Երևանի պետական հումանիտար քոլեջը: Ներկայացվել են հիմնական մասնագիտությունները՝ ապահովագրական գործ, բանկային գործ, գործավարություն, զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում, արխիվավարություն, զարդակիրառական արվեստ ու ժողովրդական արհեստներ:

«Ներկայացված բոլոր մասնագիտություններն աշխատաշուկայում պահանջված են: Ուսումնառության ավարտին տրվում է այնպիսի որակյալ կրթություն, որից հետո ուսանողների մեծ մասն աշխատում է իր մասնագիտությամբ: Սա մեր քոլեջի հիմնական առավելությունն է»,- նշում է քոլեջի ուսանողուհի Անին:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սաները ցուցահանդեսին ներկայացրել են իրենց ստեղծած նախագծերը՝ կուրսային և դիպլոմային աշխատանքները: Հիմնականում ներկայացվել է «Մեխատրոնիկա» մասնագիտությունը, որի շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ: Ուսանողները մեծ ոգևորությամբ ներկայացրել են իրենց պատրաստած ռոբոտները, որոնք կառավարում են հեռախոսի միջոցով: Անդրադարձ է եղել նաև ուսանողների ստեղծած 3 D պրինտերին, որը զրոյից են հավաքել, և քոլեջի ավտոմատացված զանգին: Քոլեջի ուսանողներն իրականացնում են նաև տարբեր նշանակության ռոբոտների նախագծում և դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, կարգավորում դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի և դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը:

ԱլանԹյուրինգի ծրագրավորման փիլիսոփայության դպրոցն այցելուներին ներկայացրել է իր առաջարկած ծառայությունները: «Դպրոցն իրականացնում է ծրագրավորման դասընթացներ և պրակտիկա, կազմակերպում դասընթացների փաթեթներ՝ ծրագրավորման տարբեր լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Այս ամենը մեր թիմային աշխատանքի արդյունքն է»,- մեզ հետ զրույցում նշում է դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

«Թիմ լիդեր» բիզնես դպրոցն իր դռները կբացի մայիսի 15-ից՝ 10-15 տարեկան երեխաների համար: Վերջիններիս համար կկազմակերպվեն տարբեր ուղղվածության դասեր, որից հետո երեխաները կընտրեն իրենց բիզնես մասնագիտությունը:

«Ամռանը մեր դասերը կանցկացվեն ճամբարային ձևաչափով՝ հանգստյան օրերին, որի ընթացքում երեխաներին հնարավորություն կտրվի ընտրել իրենց մասնագիտությունը՝ ֆինանսիստ և շուկայագետ, որպեսզի ապագայում նրանք կարողանան կառավարել իրենց ստացած եկամուտը»,- ասում է դպրոցի փոխտնօրեն Անահիտ Թոփուզյանը՝ ընդգծելով, որ դպրոցում կդասավանդվեն նաև խոհարարարական, զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի հմտություններ:

«Golden Palace»հյուրանոցի կադրերի գծով պատասխանատուներն իրենց տաղավարում ներկայացրել են հյուրանոցում առկա թափուր հաստիքները: «Ցանկանում ենք այդ հաստիքները ներկայացնել ուսանողներին, հավաքագրել վերջիններիս տվյալները, ներգրավել նրանց այդ գործընթացում և հետագայում դիտարկել աշխատանքի տեղավորման համար: Այս պահին ունենք 4 թափուր հաստիք, որի թիվն անընդհատ փոփոխվում է»,- մեզ հետ զրույցում ասում է հյուրանոցի աշխատակից Իննան:

Նշենք, որ ամենամյա ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն