Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հեղինակ՝ Nairi Manukyan

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Եզրափակիչում Ամոյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց 2017թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսի հետ։

Ամոյանը Նեմեսին պարտվում էր 1-4 հաշվով, սակայն գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ Ամոյանը հիասքանչ հնարքով 4 միավոր վաստակեց, մրցակցի բողոքարկումը չբավարարվեց, մրցավարները ևս մեկ միավոր տվեցին Ամոյանին, և նա հաղթեց 6-4 հաշվով: 

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Մալխասը 10-0 հաշվով հաղթել էր խորվաթ Անտոնիո Կամենյասևիչին, իսկ քառորդ եզրափակիչում 7-0 հաշվով՝ դանիացի Օլիվեր Կրյուգերին:

Կիսաեզրափակիչում Ամոյանը 6-1 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Էմիր Բասարին, որն ավելի վաղ նույն հաշվով առավելության էր հասել Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի նկատմամբ։

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն