Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հայուհին` սիրո եւ պսակի ժամանակ

19.01.2012 | 13:31

Հայ աղջկա համար սեր պսակից առաջ գոյություն չուներ: Սերը նրա միության արդյունքն էր, ոչ թե պատճառը: Սակայն ի՞նչ պայմանով էլ հայուհին մտներ ամուսնական կյանք` գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, իր կամ ծնողների կամքով, կարողանում էր համակերպվել իր նոր վիճակի հետ եւ ամբողջ սրտով նվիրվել ամուսնուն:

Քրիստոնյա հայուհու համար մաքուր ու ազնվական էր ամուսնական սերը, երբ միացած էր աստվածային ամենաազնիվ սիրո հետ:

Միջին դարերում ամուսնությունն սկսվում էր հարսնախոսությամբ. միջնորդներն ու խոսնակներն ¥այրերը` երիտասարդի կողմից, կանայք` հարսնացուի¤, այցելում էին միմյանց, քննում էին ընտրյալի դավանությունն ու տոհմային աստիճանը, ի դեպ, պետք է հավասար լինեին, եւ գալիս փոխադարձ համաձայնության` յուրաքանչյուրն իր թեկնածուի գովքն անելով:

Համաձայնությունից հետո երիտասարդը գնում էր հարսնացուի տուն: Իրար տեսնելուց եւ հավանություն տալուց հետո կատարվում էր նշանադրությունը, որն այլ կերպ անվանում էին «դաշն ամուսնության կամ խոստում»: Միջին դարերում նշանադրությանը «ընկերակցում» էր եկեղեցական արարողությունը: Քահանայի ներկայությամբ խաչն իրար էին հանձնում` իբրեւ տված խոստման վկա, հետո աղջկա ձեռքը երիտասադի ձեռքի մեջ դնելու արարողություն էին կատարում: Ավելի ուշ հարսնացուին իբրեւ նշան մատանի, ապարանջան կամ ականջօղ էին ընծայում: Արարողության այդ պահին հարսնացուի ծնողներին, ըստ ժողովրդական սովորության,  տրվում էր մի թաս գինի:

Մինչեւ պսակը բոլոր տոներին ընծաներով եւ կերակուրներով գնում էին խոսք տվածի տուն. ընծան` փեսացուի, իսկ կերակուրը` հարսնացուի կողմից:

Պսակի օրը որոշում էին ծնողները, որը ըստ եկեղեցական կանոնների, չպետք է լիներ տոնական օր: Պսակից առաջ բոլոր ազգականներին եւ բարեկամներին հրավեր էր ուղարկվում: Իսկ մինչ այդ երիտասարդների հայրերի պարտականությունների մեջ էր մտնում հարսի ու փեսայի գլխին պսակ դնելը, ինչպես նաեւ օգնելը հարսանեկան պատրաստությունների հարցում: Իսկ եկեղեցին պահանջում էր նախորդ երեկոն պարկեշտությամբ անցկացնել, որպեսզի սիրեցյալներն արժանի լինեն պսակի օրհնության եւ աստվածային հաղորդության:

Պսակն արվում էր առավոտից մինչ ճաշի ժամը: Առավոտյան հարսնացուն եւ փեսացուն ընդունում էին իրենց ծնողների օրհնությունը: Մինչեւ եկեղեցի գնալը հարսն ու փեսան զարդարվում էին: Փեսային պճնում էին զարդերով եւ զենքերով, իսկ հարսին զարդարում էին պայծառ, հրաշալի, երկար զգեստով, մաքրափայլ հագուստով: Պարանոցին` քառամանյակ, ականջներին` գինդեր, ձեռքերին` ապարանջաններ, եւ թանկագին քողն էլ` երեսին: Նրանց հանդերձանքի նախընտրելի գույնը համարվում էր սպիտակը:

Այնուհետեւ փեսան, զարդափայլ երիվար հեծած եւ շրջապատված «փեսաներով», որոնք նույնպես պճնված եւ զինված էին, երգելով գնում էր հարսի դուռը:

Հրավիրյալները նախապես տեղեկացնում էին փեսայի գալուստը, որին գեղջկուհիները «աղվես» էին կոչում գաղտնի գալու համար: Հարսն իջնում էր եւ մեծ խումբ կազմում: Առջեւից գնում էր փեսան` իր ձիու վրա, հետեւից` հարսը` նույնպես ձի հեծած: Հասնելով եկեղեցի` հարսն ու փեսան խմբերով մտնում էին գավիթը, ուր քահանան պատարագի հանդերձով ընդունում էր նրանց: Բոլորի ներկայությամբ հարցնում էր նշանվածների ամուսնանալու ցանկությունը եւ կենսական կարեւոր խրատներ տալիս: Այնուհետեւ, ըստ բուն սովորության, կատարում էին նշանածների ձեռքերն իրար հետ միացնելու արարողությունը: Ապա բացվում էին տաճարի դռները ու բոլորը ներս էին մտնում` շարականներ երգելով: Մտնելու ժամանակ հարսը փեսայի աջ կողմում էր, փեսան աջով նրա ձախ ձեռքն էր բռնում եւ նրանք քահանայի առաջնորդությամբ գնում էին ու կանգնում խորանի առջեւ:

Արարողությունից հետո` տաճարից դուրս գալով` ամուսնացողների աջ եւ ձախ կողմերից սրեր էին բարձրացնում: Նորապսակները նստում էին եկեղեցու աստիճանին, եւ բոլորը նրանց շրջապատելով` երկրպագում էին եւ փեսային թագավոր անվանում: Նույն հանդիսավոր ցնծությամբ վերադառնում էին փեսայի հոր տուն` ճանապարհին շարականներ երգելով:

Այնուհետեւ գալիս էր նվիրատվության հերթը` «բաժինք, օժիտ եւ պարգեւք». բաժինքը տալիս էր հարսի հայրը` պսակադրության կարիքների համար, օժիտը փեսայի կողմից էր տրվում կենակցին, իսկ պարգեւքը` բարեկամներից: Կար նաեւ «կարգեալ բաժին»` պսակը կատարող քահանայի համար:

Այդ օրը նորապսակները չէին ուտում եւ չէին խմում մինչեւ երեկո, հետո իրենց ընտանիքների առջեւ մի թեթեւ բան էին ճաշակում:

Պարերն անպակաս էին, որին մասնակցում էին աղջիկները, բայց ոչ ամուսնացած կանայք: Այս ամենի հետ շարունակում էին հնչել նվագարանները կամ փողերն ու սրինգները:

Հարսանիքի երրորդ օրը վերցնում էին հարսի քողը, իսկ ութերորդ օրը` պսակները: Բացի այդ` առանձին մի կանոն կար. նորապսակ զույգը նորից եկեղեցի էր գնում, կամ քահանան ինքն էր գնում նրանց տուն եւ նշանակված աղոթքը կատարելով` հանում նրանց պսակները` ամուսնության հրաման տալով, որ մինչ այդ չունեին:

Նյութը պատրաստեց   Վարդուհի Հարությունյանը

Facebook