Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Գրքի երևանյան փառատոնը մեկնարկել է

22.11.2019 | 17:32

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր՝  Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում մեկնարկել է Գրքի երևանյան 3-րդ փառատոնը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, մտավորականներ, մշակութային գործիչներ, ընթերցասերներ:

«Արդեն երրորդ տարին է՝ վայելում ենք մեր քաղաքի լավագույն տոներից մեկը: Այս տոնը գիտելիքի, գեղագիտության և գրականության շուրջ է պտտվում: Գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի մեջ շատ եմ կարևորում հենց ընթերցողին: Նրանց, ովքեր դեռ ընթերցանության վայելքը շատ չեն ըմբռնում, կոչ եմ անում փորձել, քանի որ ընթերցելը մեծ բերկրանք է: Ամեն առավոտ և երեկո մի քանի էջ կարդալով՝ զգում ենք, թե ինչպես ենք փոխվում՝ հարստանում, բարիանում և ճկուն է դառնում մեր միտքը: Այս փառատոնի ամենագրավիչ պահերից մեկը նոր արտահայտությունների շրջանառությունն է».- ասել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Բացմանը ելույթով հանդես են եկել «Ագապէ» կամերային երգչախումբը՝ կոմիտասյան երգերի կատարմամբ, և «Երևան» լարային քառյակը:

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում անցկացվում է ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում են 37 հրատարակչություն, գրախանութ և կազմակերպություն: Գրքերը վաճառվում են մինչև 40 տոկոս զեղչով։

Փառատոնի շրջանակում հայտարարվել էր գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ 43-ը «Պոեզիա», 34-ը «Արձակ», 10-ը «Դրամատուրգիա» անվանակարգերում։ Արդյունքներն ամփոփվելու են  փառատոնի փակման օրը` նոյեմբերի 24-ին: Լինելու են վեց հաղթող, յուրաքանչյուր անվանակարգում՝ երկուսը:

Facebook