Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Տեսակապով ասուլիս Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

22.03.2019 | 08:58

Մարտի 21-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Հունգարիայի «Արմենիա» ամսագրի խմբագիր Սոսի Սուսանին, Աթենքի «Հայ կեանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Աբասյանը, Աթենքի Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար, «Թեթրադիա» հունարեն հայկական ամսագրի հրատարակիչ Հովսեփ Քասեսեանը, Հունաստանի «Նոր աշխարհ» շաբաթաթերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը, «Հայաստան» մշակույթի կենտրոնի «Հայաստան» շաբաթաթերթի հիմնադիր Մինաս Հովհաննիսյանը, Լատվիայի «Հավատք» հայկական միության խորհրդի «Հավատք» ամսագրի գլխավոր խմբագիր Սպարտակ Տեր-Ավետիսյանը, Կիպրոսի հայկական ռադիոժամի խոսնակ Նայիրի Մուրադեանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը և կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, Բուլղարիայի «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը, ՍԴՀԿ Հունաստանի ներկայացուցիչ Մհեր Քոսակյանը, Ֆրանսիայի «Հայկական նորություններ» լրատվական կայքի փոխխմբագիր Գրիգոր Ամիրզայանը, Ֆրանսիայի «Նոր Յառաջ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Վատիկանի ռադիոյի հայկական մասի տնօրեն Ռոբերտ Աթթարյանը, Նիդերլանդների «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանը,  Բելգիայի «Լրագիր» թերթի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը, Փարիզի  «InfoArmenie» հեռուստատեսային կայքի խմբագիր Նարե Թադևոսյանը, «Ռադիո Արմենի» լրատվամիջոցի վարչության ներկայացուցիչ Հիլդա Չոբոյեանը, «Եվրոպայի հայերի համագումար»-ի նախագահ, կառույցի տեղեկատվական կայքի խմբագիր Կարո Հակոբյանը, Իսպանիայի «Լոս Արմենիոս» կայքի պատասխանատու, Կատալոնիայի «Արարատ» ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Հակոբյանը:

Ողջունելով Եվրոպայում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը համառոտ ներկայացրեց նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը, կարևորեց գրասենյակի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության շարունակականությունն և արդյունավետ աշխատանքը:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ Սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելու է մյուս նախարարությունների սփյուռքի հետ տարվող աշխատանքը, մշակելու ենք հայապահպանության համապարփակ ռազմավարություն: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը եզակի պաշտոն է լինելու: Գրասենյակն առաջին անգամ պատմության մեջ գրասենյակը դառնալու է կամուրջ Հայաստանի և համայնքների միջև: Այս փոփոխությունները կատարվել են հաշվի առնելով նաև սփյուռքի նախարարությոն բացթողումները, թերությունները: Փորձ է արվել ձևավորել կառավարման գործիք: Բովանդակային առումով՝ օրակարգը մենք չենք թելադրելու, այն ձևավորվելու է քննարկումների միջոցով: Պահպանելու ենք նախարարության դրական փորձը: Նոր ձևավորվող գրասենյակի հիմնական գործառույթը սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարության մշակումն է, իհարկե քննարկելով սփյուռքի ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների հետ», – նշեց Տեր Գրիգորյանը և հավելեց, որ գրասենյակի հայեցակարգը մշակման փուլում է, և հենց հայեցակարգից էլ կբխեն կառույցի ռազմավարությունն ու օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունները:

Լրագրողների այն մտահոգությանը, որ սփյուռքահայերի մեծամասնությունը կազմակերպված համայնքային կյանքին չեն մասնակցում, ընդգրկված չեն կառույցներում, Բաբկեն Տեր Գրիգորյանը պատասխանեց, որ գրասենյակը նպատակ ունի և պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար ու հավելեց. «Սփյուռքը բազմազան և բազմաշերտ է, այն համաշխարհային ցանց է, որը բաղկացած է կազմակերպություններից և անհատներից, որոնք պետք է թիրախավորվեն և նրանց հետ աշխատենք: Սփյուռքի ներուժը ներկայացված է նաև անհատներով, որ պիտի լինեն մեր գործունեության տիրույթում: Սփյուռքի հետ աշխատանքում մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը, բայց ոչ միջամտությունը: Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը: Եվ վերջում ուզում եմ շեշտել, որ գրասենյակը կշարունակի մնալ սփյուռքահայի տունը Հայաստանում, և կա հասցե, որը պահպանվելու է: Հույս ունեմ, որ ձեզ կտեսնենք արդեն գրասենյակում»:

Print Friendly
Facebook