Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում իրականացվող մշակութային ծրագրեր

10.10.2018 | 10:23

Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կիրականացվեն հետևյալ մշակութային ծրագրերը.

 

◆ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում բացվել է ֆրանսաբնակ գեղանկարչուհի Ասիլվայի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված է գեղանկարչուհու՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, վերջին ամիսներին ստեղծած կտավները:

Ցուցահանդեսը բաց է ժամը 11:00-17:00-ն և կգործի մինչև հոկտեմբերի 20-ը:

 

◆ «Ֆրանկոֆոնիայի ավան»

Հոկտեմբերի 7-12-ը,  ժամը 12:00-20:00-ն, Ազատության հրապարակում կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»: Ավանում ներկայացված կլինեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ` շուրջ 30 պետություններ և գործընկեր կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց ազգային մշակույթը՝ ցուցահանդես-վաճառքի ձևաչափով: Տաղավարներում կանցկացվեն նաև քննարկումներ, վարպետության դասեր: Ավանի տարածքում, այդ օրերին հյուրընկալվող երկրների և Հայաստանի արտիստների կողմից նախատեսվում են ելույթներ՝  երգ, պար, թատերական ներկայացումներ. ծրագիրը կազմել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Հայկական կողմը հանդես կգա տարատեսակ ելույթներով՝ հայկական ֆոլկ երաժշտություն, օպերային կատարումներ, պար, թատերական բեմականացումներ, ֆլեշմոբեր և այլն:

 

◆ «Մենուա» խմբի համերգ
Հոկտեմբերի 8-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի է ունեցել «Մենուա» խմբի համերգը: Խումբը կներկայացնի հայկական ֆոլկ երաժշտություն: Հարկ է նշել, որ խումբը հոկտմեբերի 23-28-ը Հայաստանը կներկայացնի «WOMEX» համաշխարհային ֆոլկ և ժողովրդական երաժշտության փառատոնին:

 

◆ «Մխիթարյան քույրեր և ընկերներ» բենդի հաներգ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է «Մխիթարյան քույրեր և ընկերներ» բենդի համերգը: Ներկայացվել է հայկական ժողովրդական և ֆոլկ երաժշտություն:

 

◆ «Գիրք և գինի» խորագրով ցուցահանդես-վաճառք 

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կբացվի «Գիրք և գինի» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը: Այն բաղկացած է երկու մասից. ցուցահանդես, որը կներկայացնի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի պատմությունը, և ֆրանկոֆոն «Գրքի սալոն»: Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն նաև գրքի շնորհանդեսներ, մասնավորապես,  ժամը 15:30-ին՝ ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

 

◆ Հայ նկարիչների ցուցահանդես

Հոկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 7 հայ նկարիչների, քանդակագործների և լուսանկարչի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի մասնակիցները տարբեր տարիներին մասնակցել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը:

 

◆ «Մանոն» օպերային ներկայացում 
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ժ. Մասնեի «Մանոն» օպերային ներկայացումը:

 

◆ Յ. Ղեզայի «Սպանդի աստվածը» ներկայացում

Ֆրանսիայում գործող «Սաթե-Աթղը» թատերական միությունը կներկայանա Յասմինա Ղեզայի «Սպանդի աստվածը» պիեսի բեմադրությունով. Ներկայացումները՝ Երևանում  հոկտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին և 20-ին, ժամը 19:30-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, իսկ Գորիսում` հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին:
«Սաթե-Աթղը» թատերական միությունը և ֆրանսիացի գործընկերները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կանցկացնեն նաև վարպետության դասեր, գրական ընթերցումներ և այլն:

 

◆ Թանգարաններ
Հայաստանի պետական թանգարանները նույնպես պատրաստվել են գագաթնաժողովին: Հայաստանյան 9 թանգարանների վահանակները թարգմանվել են ֆրանսերեն: Գագաթնաժողովին ընդառաջ կբացվեն հատուկ ցուցադրություններ, օրինակ՝ օրեր առաջ Մ. Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:

Print Friendly
Facebook