Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Աղոթք՝ սպասման ու հույսի. Հունիսի 29-ը անհայտ կորածների միջազգային օրն է…

02.07.2018 | 08:23

Պատերազմները սկսվում են, բայց պատերազի օրերը տեսած սերնդի համար երբեք չեն ավարտվում, պատերազմի հոտը բույն է դնում մարդու հիշողության հետ, որպեսզի անդադար երկխոսության մեջ մտնի, կտրի կապը իր և  անցյալի միջև, հիշեցնի մարտադաշտում ընկած ընկարների մասին…Պատերազմները սկսվում են, բայց չեն ավարտվում…

Հերոսածին Կապան քաղաքը ևս զգաց պատերազմի դառը համն ու հետևանքները: Արցախյան ազատամարտը իր հետ բերեց խոնարհումի և հիշողության ևս մի օր.հունիսի 29-ը  անհայտ կորածների օրն է: Արցախյան ազատամարտում անհայտ կորած Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանն էր Կապան քաղաքում համախմբել անհայտ կորած տղաների հարազատներին, ընտանիքի անդամներին: Միջոցառման մեկնարկը տրվեց քաղաքի սրբավայր պանթեոնում, որտեղ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորածներին նվիրված հուշաքարին,որից հետո կայացավ միջոցառման երաժշտական մասը. Բեմում կապանցի շնորհալիներն էին: Միջոցառման խորհուրդը մեկն էր՝ Սյունյաց աշխարհից եկող այդ հնչեղ երգն ու երաժշտության ձայնը լսելի դառնա տղաներից յուրաքանչյուրին, լսելի դառնա ու ետ վերադարձի նոր ճամփա բացի:

Եթե մինչև անգամ

Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,

Միևնույն է , կգամ, ինչ էլ լինի, կգամ,

Ուր էլ լինեմ, կգամ…

Օրվա խորհրդանշականն ու հուզիչը Շիկահող համայնքում էր, որտեղ կանգնեցվել էր  97-րդ բրիգադի 6-ր գումարտակի մարտիկներին նվիրված հուշաքար, նախաձեռնողը՝ 1993-95թթ-ի առաջին զորակոչի, խրամատի զինվոր Սեյրան Ամիրջանյանն էր: Մարտական ընկերներն այսօր հիշում են, ետ գնում անցյալ ու  սպասում, հավատում, որ մի օր էլ միասին, արդեն ամբողջական կազմով կվերապրեն իրենց անցած ճանապարհն ու պատերազմական օրերը:

Տիկին Զարինեն հուզմունքն աչքերին, բայց և սպասման կրակը սրտում է խոսում. <<1993-ի մայիսի 9-ին ստեղծվեց Շիկահողի թիվ 6-րդ գումարտակը, որտեղ հրամանատարի նախաձեռնությամբ ընդգրկվեցին փորձառու  տղաներ:Ամուսինս՝ Յուրին, դասակի հրամանատարն էր>>: Օրերն անցնում էին, իսկ հունվարի 5-ի՝ տագնապի մասին լուրը մինչ օրս չի մոռանում: Յուրին պիտի գնար: Լուսամուտից  դուրս էր նայում, որպեսզի հենց մեքենան հասնի, տեղեկացնի ամուսնուն: Մեքենան եկավ, Յուրին նստեց թափքում՝ զինվորների կողքին: Այդ օրն էլ վերջին անգամ տեսավ ամուսնուն…

Տիկին Զարինեն հավատում ու սպասում է: Ասում է՝ այսօրվա ծաղիկներն էլ, որ հուշաքարին է դրել,  պատահական չեն: Դրանք այն այգու ծաղիկներն են, որտեղ ամուսինն է եղել տարիներ առաջ, որտեղի օդն ու կանաչը ամուսնու շնչով են հարուստ: Ասում է ու թախծաժպիտ  ավելացնում. << Իսկ մեր դաշտի առաջին ծաղիկները Յուրին ինձ էր նվիրում>>:

Անհայտ ճակատագրի արժանացածների հարազատները չեն դադարում հավատալ, որ մի օր խոսքերն այս իրական կդառնան.

Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ

Անակնկալ դարձիս իրողությամբ,

Քո տան ու քո հոգու տարողությամբ,

Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: 

                                      

                                                                                Սյունե Մանուչարյան

                          

 

 

Print Friendly
Facebook