Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Կատարյալ հաղորդավարի ուղեղը պետք է մտածի ավելի արագ` քան նա խոսում է». Սուրեն Առուստամյան

13.02.2018 | 06:50

Այսօրվա մեր զրուցակիցը հանրային այն դեմքն է, ով չունի «ավանդական հայկական» կազմվածք և մարզված լինելու շնորհիվ դարձել է պահանջված: Խոսքը՝ երիտասարդ դերասան և հաղորդավար Սուրեն Առուստամյանի մասին է: Ի դեպ, Սուրենը չի ընդունում այն մարդկանց, ովքեր մասայականություն վայելելով հանդերձ ունեն ավելորդ քաշ՝ գեր են: Ըստ նրա, հանրային դեմքը պետք է լինի մարզված և ունենա խնամված տեսք: Մեր զրույցի ընթացքում Սուրենը կիսվեց իր հետաքրքրությունների, մասնագիտական հայացքների և աշխատանքային ոլորտի մասին:

-Սուրեն թատրոնի և հեռուստատեսության դերասան լինելը համատեղելի է, իսկ ո՞րն է Ձեզ համար առաջնայինը, ո՞ր ասպարեզում եք Ձեզ կայացած համարում, որում` լավ զգում:

– Համատեղելի է, սակայն թե՛ հեռուստատեսությունը, թե՛ թատրոնը պահանջում են, որ ամբողջությամբ նվիրվես, հատկապես թատրոնը, եթե կես ոտքով  վերաբերվես աշխատանքիդ այն կտուժի: Ցանկալի է թատրոնում լինելու դեպքում ամբողջությամբ նվիրվել, այդ իսկ պատճառով հիմա ընտրել եմ ավելի շատ հեռուստատեսությունը: Սակայն, առաջնայինը ինձ համար թատրոնն է, քանի որ ես ավարտել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Սկսել եմ հավասար սիրել նաև հեռուստատեսությունը, սակայն մեկ է` թատրոնը մնում է թատրոն և այստեղ շփումը հանդիսատեսի հետ ավելի անմիջական է և անկեղծ: Կայացած ինձ համարում եմ այնտեղ, որտեղ հիմա աշխատում եմ: Իսկ լավ եմ ինձ զգում, երբ դասավանդում եմ, քանի որ այս տարի իմ առաջին փորձն է և հուսանք, որ այստեղ էլ կամաց-կամաց կկայանամ:

-Որո՞նք են Ձեր կարևոր ձեռքբերումները` դերասանական ասպարեզում:

– Այն ամենը, ինչը մինչ օրս ձեռք եմ բերել, համարում եմ կարևոր, որովհետև ցանկացած ձեռքբերում ինձ համար կարևոր է: Եթե աշխատանքի մեջ ցանկացած երևույթի վերաբերվում եք ոչ այդքան կարևոր, ապա այդտեղ դուք ձեր գործը թերի եք արել: Յուրաքանչյուր աշխատանքի վերաբերվում եմ պրոֆեսիոնալ և կարևորում եմ բոլոր այն հաջողությունները, դա կլինի թատրոնում, թե հեռուստատեսությունում:

-Ձեր պարագայում թատրոնը և հեռուստատեսությունը լրացնում են իրար, ո՞րն է Ձեզ օգնում լինելու լավ հաղորդավար:

– Բնականաբար կրթությունը, որ ստացել եմ ինձ օգնում է լինելու լավ հաղորդավար, քանի որ դերասանի կրթությունը մի ամբողջություն է և այնտեղ ներառվում է ամեն ինչ, ուստի այդ երկուսը լրացնում են իրար և դերասանական փորձը ինձ օգնեց էկրանի առաջ ավելի ազատ լինել:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ հաղորդավարը:

– Լավ հաղորդավար լինելու համար պետք է շատ կարդալ, այսինքն լինել խելացի, ունենալ մասնագիտացում, պրակտիկա, քանի որ հաղորդավար դառնում են ոչ թե լսարանում, այլ հեռուստատեսությունում: Ուսանողներիս միշտ խորհուրդ եմ տալիս շատ կարդալ, քանի որ կատարյալ հաղորդավարի ուղեղը պետք է մտածի ավելի արագ քան նա խոսում է:

-Ասում են՝ Արմնյուզ տեղափոխվել եք, քանի որ այնտեղ հիմնական կազմը երիտասարդներ են, ցանկանում եք հավերժ երիտասարդ մնա՞լ:

– Բոլորն են ցանկանում երիտասարդ մնալ, սակայն չեմ համարում, որ արդեն ծեր եմ, ես շատ երիտասարդ եմ: Արմնյուզ տեղափոխվել եմ և ինձ այնտեղ շատ լավ եմ զգում, երիտասարդներից շատ բան եմ սովորում: Չի բացառվում, որ ցանկանամ միշտ երիտասարդ մնալ:

– Ձեր գերզբաղված գրաֆիկի հետ միասին հասցնում եք նաև հաճախել մարզասրահ, մարզված լինելը նպաստե՞ց, որ այսօր լինեք պահանջված հաղորդավար և դերասան:

– Միանշանակ, եթե էկրանի մարդ ես, ապա պարտավոր ես հետևել նաև քո կազմվածքին և որքան գեղեցիկ եղավ կազմվածքդ, այնքան շատ կլինի պահանջարկդ: Ցավոք սրտի Հայաստանում կան դերասաներ, ովքեր այդպես չեն մտածում և «փոր», ավելորդ քաշ ունեցողների էկրանից շատ կտեսնենք: Իսկ եթե շաբաթական գոնե երկու-երեք անգամ տրամադրեն մարզվելուն, ապա այդպիսի պատկեր չի լինի: Որքան էլ հաղորավարը տիրապետի տեխնիկային, լինի գրագետ, միևնույն է, պետք է ուշադրություն դարձնի արտաքին տեսքին, կազմվածքին և որքան մարզված լինի հաղորդավարը կամ դերասանը, այնքան ավելի գեղեցիկ կնայվի էկրանից:

-Սուրեն, ո՞րն է Ձեր կյանքի կրեդոն:

– Լինել լավ մարդ, լինել կարևոր ու հասանելի հարազատների ու ընկերների համար և աշխատանքում փայլել:

-Ընթերցանությունը և ինքնակրթությունը Ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:

– Շատ մեծ է այս երկուսի դերը իմ կյանքում, կարևորություն եմ տալիս գիրք կարդալուն և առավել կարևորում եմ հենց գրքով ընթերցանությունը, այլ ոչ թէ էլեկտրոնային գրքերին, քանի որ այն նախ վնասում է աչքերը և չես զգում այն ինչ տալիս է գիրքը: Երբ գրախանութի կողքով եմ անցնում, չեմ կարողանում չմտնել ու ինչ-որ գրքեր չվերցնել և այնտեղից ինձ դժվարությամբ են հանում, քանի որ սկսում եմ բոլոր գրքերը ուսումնասիրել և վերցնել ինձ հետ:

-Կրթված ու գրագետ մարդը ինչպիսի՞ վերաբերմունք է ցուցաբերում դավաճանության ժամանակ:

– Եթե գրագետ մարդուն դավաճանել են, նշանակում է, որ դավաճանողը անգրագետ է և չգիտի ում հետ գործ ունի, այդ մարդկանց պետք է միայն հեռացնել շրջապատից:

-Իսկ Ձեր կյանքում շա՞տ են եղել դավաճաններ:

– Այո, սակայն ծեծել-ջարդելու փոխարեն, կամաց-կամաց սառեցրել եմ շփումը և հանել եմ շրջապատիցս, փորձելով հեռու մնալ նման մարդկանցից, քանի որ մարդ մեկ անգամ դավաճանելով, դա կանի երկրորդ, երրորդ և շատ անգամներ: Որպես հանրային դեմք շատ եմ հանդիպել նման դեպքերի, որտեղ կան «ընկերներ», որոնք փորձում են մոտենալ քեզ, ինչ-որ բան իրենց պետք է ստանում և հետո դավաճանում են: Դավաճանում են այն մարդիկ, ովքեր ունենում են ներքուստ նախանձելու հատկություն, առաջին անգամ, երբ հանդիպեցի ուժեղ դավաճանության` ընկերոջս կողմից, շատ ցավոտ էր, սակայն ժամանակի և աշխատանքի բերումով սովորեցի և հիմա այդպիսի դեպքերին ավելի թեթև եմ նայում: Աշխատանքս ստիպեց, որ շփվելով մարդկանց հետ, շատ արագ կարողանամ ճանաչել նրանց և իմանալ, թե կես ժամ հետո նրա հաջորդ քայլը որն է լինելու: Եթե պետք է ստիպված շփվեմ նման մարդկանց հետ, աշխատանքի բերումով, ապա նրա հետ շփման այնպիսի պատնեշ եմ դնում, որ բանը չհասնի դավաճանության:

-Բարեգործական միջոցառումներ հաճա՞խ եք վարել և առաջիկայում ունե՞ք նման ծրագրի հրավեր:

– Բարեգործական միջոցառումներ բնականաբար լինում են, ես էլ դա մեծ հաճույքով անում եմ, սակայն բարեգործություն անելու մասին պետք չի բարձրաձայնել, եթե ինչ-որ բան ես անում, ապա անում ես քո խղճի համար: Երբ ինձ դիմում են ինչ-որ բարեգործական միջոցառման համար և ասում են, որ օգնության համար է, մեծ հաճույքով նրանց օգնում եմ և աջակցում: Առավել թուլություն ունեմ երեխաների հանդեպ, երբ ինչ-որ հարց վերաբերվում է նրանց, չեմ կարողանում մերժել: Բարեգործական միջոցառումներ եղել են և իմ մասնակցությունը ունեցել եմ: Առաջիկայում էլ ունեմ, սակայն չեմ ցանկանում խոսել իմ արած կամ անելիք գործերի մասին, այն դեպքում երբ անելիքս բարեգործական նշանակություն ունի: Թող գա օրը բարին էլ հետը և դուք ձեր աչքերով կտեսնեք ամեն ինչ:

-Եթե լսեիք, որ թատրոնը և հեռուստատեսությունը կործանվում են, որտե՞ղ կցանկանայիք վերջին անգամ հանդես գալ:

– Կընտրեի թատրոնը, թատրոնը ուրիշ է, չնայած որ առանց հեռուստատեսության ինձ ևս չեմ պատկերացնում, սակայն միևնույն է կանգ կառնեի թատրոնի վրա, քանի որ, երբ բարձրանում ես բեմ և լույսերը սկսում են աշխատել քեզ վրա, դու կտրվում ես իրականությունից: Նույն իրավիճակը լինում է նաև հեռուստատեսությունում, երբ տեսախցիկի առաջ եմ լինում և ինձ ասում են ռեք: Ամեն դեպքում երկու ոլորտն էլ շատ եմ սիրում:

Զրուցեց ՄԻՍԱԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ

Լուսանկարիչ ՆԱԻՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Print Friendly
Facebook