Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




<<Հայաստանից դուրս չեմ կարողանում ստեղծագործել>>. Նարինե Զարիֆյան

08.02.2018 | 20:36

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտորների միության անդամ, Մովսես Խորենացու մեդալակիր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը ստեղծագործող մարդու համար անհեթեթ է համարում <<մուսա>> ասվածը, առաջնայինը տեղ տալով մասնագիտական գիտելիքներին, պրոֆեսիոնալիզմին և ստեղծագործ մտքին: Մեր հարցազրույց էջի զրուցակիցը մեծ ավանդ ունեցող հայուհին է… 
-Ինչի՞ց են ծնվում Ձեր ստեղծագործությունները:
-Ստեղծագործությունները ծնվում են կուտակված տպավորություններից՝ կլինի դա բնության գրկում, ֆիլմից թե ներկայացումից հետո, այդ ամենը կուտակվում և ծնում են տարբեր ստեղծագործություններ: Համարում եմ, որ մուսան այդքան էլ էական չէ, հիմնական շեշտը դնում եմ ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքի վրա:
-Մասնագիտական առումով ո՞րն է Ձեր ձեռքբերումը:
-Շատ մեծ են ձեռքբերումներս, սկսած կոնսերվատորիայում սովորածս տարիներից, երբ ուսանում էի մեծագույն վարպետների դասարաններում՝ ինչպիսիք են Գրիգոր Եղիազարյանը, Ավետ Տերտերյանը և Ղազարոս Սարյանը: Նրանք ինձ տվել են գիտելիքներ ոչ միայն մասնագիտական, այլ նաև հետագայում` կյանքի համար: Վերջացրած պրոֆեսիոնոլիզմն իմ ոլորտում, ինչը շատ քիչ ես հանդիպում ներկայիս ժամանակներում:
-Հաջողության հասնելու մեթոդն ու գրավականը ըստ Նարինե Զարիֆյանի:
-Հաջողության հասնելու համար նախ և առաջ պետք է լինել աշխատասեր. աշխատասիրությունը ամենակարևոր հանգամանքն է՝ գումարած տաղանդը, եթե տաղանդ չկա ինչքան ուզում ես եղիր աշխատասեր, միևնույն է չես հասնի այն բարձունքներին ինչին ցանկանում ես: Հիմա կարող ես հինգ րոպեյում դառնալ սիրված և պահանջված արտիստ, բայց նորից կրկնում եմ, որ պետք է լինել պրոֆեսիոնալ, ինչին ես շատ մեծ տեղ եմ տալիս:
-Ի՞նչ կասեք ներկայիս երգարվեստում տիրող անորակ երաժշտության և նմանակման քաոսի մասին:
-Այս թեման ես ծանր չեմ համարում, ինչպես շատերը քանի որ կոնսերվատորիայում դասավանդելիս առաջին կուրսեցիների հետ առաջինը հենց այդ թեման եմ շոշափում, որ պետք չէ հեշտ ճանապարհով հասնել ճանաչման, պետք է ընտրել այն ճանապարհը, որը տանում է պրոֆեսիոնալ բեմ: Իսկ հիմա տիրում է այն ինչ տիրում է, ես այն համարում եմ <<եթերային աղբ>> ուրիշ ոչ մի ձևով չեմ կարող բնութագրել, չի կարելի այդ աստիճանի հասցնել երգարվեստը:
-Ձեր վերաբերմունքը AAD.am կայքի կողմից կազմակերպված Step by step երաժշտական մրցույթին թե որպես ժյուրիի նախագահ, թե որպես կոնպոզիտոր:
-Մեծ գովասանքի է արժանի: Արված աշխատանքը շատ մեծ է Մամիկոն Խուրշուդյանի կողմից, ով ամեն ինչ անում է երիտասարդների համար, իր բացառիկ վերաբերմունքն ունի թե երիտասարդների, թե ներկայիս երգարվեստին, այդ ամենը բազմիցս նշել եմ մրցույթի ընթացքում: Կարևորն այն է, որ ամբողջ ընթացքում չհնչեց ցածրորակ երաժշտություն, իսկ մենք որոշեցինք, որ պետք է հնչեն միայն բարձրորակ ստեղծագործություններ: Հուսով եմ, որ շուտով մասնակիցներից ոմանց հետ կլինեն առանձին համագործակցություններ, որովհետև այդ երիտասարդների մեջ ֆավորիտներ իսկապես կան:
-Ի՞նչ կասեք ընդհանուր AAD.am կայքի գործունեության մասին:
-Բազմիցս խոսել եմ այն մեծ գործունեության մասին, որ կատարում է AAD.am կայքը: Իր բարեգործական ուղին շատ մեծ դեր է խաղում մեր հասարակության համար: Լինելով անապահով ընտանիքների կողքին և աջակից լինելով նրանց, մենք մեզ ենք աջակից լինում, մեր երկրին և ի վերջո մեր հոգևոր հանգստության համար: Անսահման մեծ է կայքի ծավալած գործունեությունը և ես փորձում եմ որքան հնարավոր է լինել նրանց կողքին:
-Ի՞նչ է պետք կատարյալ երջանիկ լինելու համար:
-Կատարյալ երջանկությունը անհասանելի է ( ժպտում է. Հեղ.): Միանշանակ Հայրենիքը, ընկերները, ընտանիքը, խաղաղությունը, զիվորների անփորձանք վերադարձը դեպի տուն, սեփական երկրում ստեղծագործելը: Հայաստանից դուրս չեմ կարողանում ստեղծագործել, օտար երկրում ապրելու տարիներին ոչ մի նոտա չեմ գրել, վերադառնալուն պես մեծ քանակի ստեղծագործություններ եմ գրել: Եվ կուզեմ խոսել ներկայիս հրաշք երիտասարդության մասին՝ նրանք տաղանդավոր են, խելացի, նպատակին հասնելու ուժ ունեն, սա ևս երջանիկ լինելու փաստ է:
 
Ներկայացրեց՝ Մադաթ Սադոյանը
Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

 

 
Print Friendly
Facebook