Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը

18.09.2017 | 16:24

Սեպտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:  Օրհնության խոսքով հանդես եկավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,  տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ՝ 1500-ից ավելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են շուրջ 400-ից ավելի  պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92),    Լիբանանից (107),  Սիրիայից (44), Իրանից (56),  Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:

Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան ևս 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղությունների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություններն են Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի  նախարարությունները:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան 2 կլոր-սեղան-քննարկումներ: Առաջին կլոր-սեղան քննարկումը վերաբերում է Համահայկական խորհրդի ձևավորմանը: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերի քննարկմանը:

Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես կգա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» թեմայով:

Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ապա 4 ուղղությունների պատասխանատուները կներկայացնեն թեմատիկ նիստերի քննարկումների արդյունքները:

Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը կընդունի հայտարարություն:

Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն են ներկայացնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների  կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Առանձին տաղավարներով ցուցադրված են գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները: «Մեգերյան կարպետը» ներկայացնում է հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումներն է ներկայացնում Արցախը: Գործում է նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված տաղավար:

Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ:  Սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում արդեն բացվել է «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանը, որտեղ տեղադրված են հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձան: Սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին: Սեպտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնշվի «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակը: Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները ներկա կգտնվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգին, որտեղ կմեծարվեն Հայաստանի և Սփյուռքի արվեստի նշանավոր գործիչներ: Սեպտեմբերի 5-29-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է «Ընտրանի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկզբի 24 հայ նշանավոր արվեստագետների 30 ստեղծագործությունները՝ բացառապես մասնավոր հավաքածուներից: 

Համաժողովի հովանավորներն են «Գրանդ քենդի» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը, «Վեդի ալկո» ընկերությունը, «ՋԱՀ» հիմնադրամը, «Նոյյան» հյութերի հիմնադրամը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Ոսկեվազ» գինու գործարանը, «Սիփան» ընկերությունը, «Ավշար-Ալկո» ընկերությունը: Տեղեկատվական հովանավորներն են Հայաստանի հանրային, «Շանթ», «Երկիր մեդիա», «Արարատ», «Ար» հետուստատեսությունները, Հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Համաժողովի ընթացքում գործելու է մամուլի կետրոն:

Նշենք, որ առաջին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ  2011 և 2014 թվականներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը: 

Print Friendly
Facebook