Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը ամփոփել է վերջին վեց ամսվա կատարած աշխատանքները և ներկայացրել է առաջիկա անելիքները

10.07.2017 | 13:56

Զինվորները, երեխաները, ընտանիքներն ու երիտասարդները շարունակում են մնալ «Եռամիասնություն հանուն զարգացման» Հ/կ ուշադրության կենտրոնում: Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալությունում վեց ամիսների աշխատանքը ներկայացրեց «Եռամիասնություն հանուն զարգացման» Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը:

Վերջին վեց ամսվա ընթացքում տրամադրվել է 200 ընտանիքի համար նախատեսված օգնություն, կազմակերպվել մոտ 1000 երեխայի հանգիստը, ապահովել նրանց սննդով և հագուստով։ Ուժերի չափով օգնություն է ցուցաբերվել արցախյան շարժման և ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին: Կազմակերպությունը նաև աջակցել ու մասնակցել է արցախյան պատերազմի հերոսների անվամբ կոչված դպրոցների ու դասարանների բացմանը։ Միաժամանակ, կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելուն։ Մի շարք մշակութային միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես` Step by step մրցույթը, որի արդյունքում տասնյակ երիտասարդներ մասնակցել են միջազգային մրցույթների և անվճար ձայնագրել իրենց երգերը տարբեր ստուդիաներում, արժանացել այլ պարգևների։ Բացի վերոհիշյալ նախաձեռնություններից, «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ-ն կազմակերպել է մոտ 20 միջոցառում, որպեսզի երիտասարդներն իրենց դրսևորեն մշակույթի, արվեստի, գիտության և հասարակական ոլորտներում։ Հասարակական կազմակերպությունը սատարել է երիտասարդ լուսանկարիչներին՝ աջակցելով, կազմակերպելով, օժանդակելով ցուցահանդեսներ, որոնց ժամանակ հավաքված միջոցներն ուղղվել են բարեգործությանը։ 

Կազմակերպության աշխատանքի ևս մի ոլորտն է մարզերի ընտանիքներին օգնություն ցուցաբերելը, մասնավորապես` սահմանամերձ գյուղերում, որտեղ շատերը ծանր սոցիալական պայմաններում են ապրում։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև երեխաների պաշտպանության օրն են նշել Արագածոտնի Ղազարավան գյուղում, որտեղ մոտ 500 երեխա կա, և հինգ մոտակա գյուղերը նվերներ են ստացել։

Առաջիկա ուսումնական տարվա առթիվ հասարակական կազմակերպությունը նախատեսում է երեխաներին գրենական պիտույքի մոտ 1000 հավաքածու բաժանել։

Հիմնական բարերարները, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցում է կազմակերպությունը, գտնվում են Հայաստանում, մի քանի ընտանիք կա Սփյուռքում (Էլիզա Աթադջյան, Կարինե Օհանյան, Ռաֆիկ Պետրոսյան, Ամալիա Խուրշուդյան)։ Բոլորն էլ ամեն կերպ փորձում են աջակցել կարիքավորներին։ Եթե ծանրոցների թիվը գերազանցում է անհրաժեշտ քանակը, դրանք փոխանցվում են մանկատներ և ծերանոցներ։

«Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ–ի ակտիվ գործիչներից մեկը, որը նաև «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության իրավաբանն է՝ Նարե Արամյանն, իր խոսքում, նշեց, որ ձգտում են հասարակական գործունեության մեջ ներգրավել բնակչության ավելի լայն շերտերի, տարբեր մասնագիտության և տարիքների մարդկանց։

«Կարիքավորների թիվը տարեցտարի աճում է, շատ բան է կախված ոչ միայն երկրի սոցիալական վիճակից, այլև կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունից»,– ասաց Արամյանը։

Հասարակական կազմակերպությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

«Եռամիասնությունը հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2009 թվականին։ Աշխատանքը սկսել է Արցախում, սակայն շուտով գործունեություն է իրականացրել նաև ՀՀ տարածքում։ Հիմա ՀԿ–ում մոտ 20 հոգի կա, որոնց, անհրաժեշտության դեպքում, ավելանում են կամավորները։

Print Friendly
Facebook