Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




‹‹Ցանկանում եմ մարմնավորել այնպիսի կերպարների, որոնք ինձ նման չեն լինի››. Հայկ Մուրադյան

13.05.2017 | 15:07

aad.am կայքի զրուցակիցն է դերասան Հայկ Մուրադյանը, որը հանրությանը հայտնի է ‹‹Կայարան›› հեռուստասերիալից:

Ողջո՛ւյն Հայկ, ասացեք ինչո՞ւ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

Ցանկություն միշտ եղել է և տարեց տարի մեծանալով այն դարձել է երազանք: Շուտով կավարտեմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը, սակայն ինձ կայացած դերասան չեմ համարում, քանի որ դեռ շատ բան ունեմ սովորելու:

Ունե՞ք սիրելի դերասան, ո՞ւմ խաղով ոգեշնչվում եք:

Կարծում եմ դերասանի խաղով պետք է ոգեշնչվի հանդիսատեսը, հեռուստադիտողը և ամենակարևորը ռեժիսորը, քանի որ հենց նա է ընտրում դերասաններին: Ես լինելով սկսնակ դերասան չեմ ցանկանում ոգեշնչվել մեկ այլ դերասանի խաղով, քանի որ կարծում եմ դա կազդի իմ ստեղծագործական աշխատանքի վրա:

Դուք հանրությանը հայտնի դարձաք ‹‹Կայարան›› հեռուստասերիալից: Ինչպե՞ս ստացաք առաջարկը:

Առաջարկը պատահական ստացա: Մի օր ինստիտուտից դուրս գալուց ինձ մոտեցավ ‹‹Կայարան›› հեռուստասերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանը և առաջարկեց Մարկի դերը: Ծանոթացա կերպարին, շատ հավանեցի և մեծ սիրով ընդունեցի առաջարկը:

Որքանո՞վ է կերտածդ կերպարը նման իրական կերպարիդ:

Ընդհանրապես նման չեն: Երբ ուսումնասիրեցի Մարկի կերպարը, հասկացա, որ Մարկն ու Հայկը տարբեր մարդիկ են, և հենց դա ինձ շատ դուր եկավ:

Թատրոն, թե՞ կինո:

Ես հասկանում եմ, որ թատրոնը դերասանի հիմքն է, սակայն ինձ առավել հաճելի է ֆիլմերում նկարահանվելը: Նկարահանման հրապարակում լինելն այնպիսի զգացողություն է, որը բառերով չեմ կարող բացատրել: Ես այդ զգացողությունն ունեցա յոթ տարի առաջ, երբ ինձ շատ հարազատ մարդ՝ օպերատոր Գրիգոր Դավթյանն ինձ առաջին անգամ կանչեց նկարահանման: Կարելի է ասել դա դարձավ պատճառ, որ ընտրեմ դերասանի մասնագիտությունը:

Ի՞նչ կերպար կցանկանաք կերտել:

Հատուկ կերպար չեմ կարող նշել, սակայն ցանկանում եմ մարմնավորել այնպիսի կերպարների, որոնք ինձ նման չեն լինի:

Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:

Ավարտեցի դիպլոմային աշխատանքս, այժմ ազատ եմ: Հետաքրքիր առաջարկի դեպքում սիրով կընդունեմ:

Հեղինակ՝ Լիանա Հարությունյան

Լուսանկարիչ՝ Լյուդա Ավագյան

Print Friendly
Facebook