Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Մանկուց ինչ երազել եմ, երազանքներիս հասել եմ». Անահիտ Կիրակոսյան

12.01.2017 | 11:40

Հարցազրույցի հյուրն է դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը:
Նա հանրությանն առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության հեռուստասերիալներից:

-Ողջույն Անահիտ, ասացեք ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:
-Ես այն եզակի բախտավորներից եմ, որ մանկուց ինչ երազել եմ, երազանքներիս հասել եմ: Այսինքն դեռ փոքր տարիքից գիտեի, որ բեմը իմն է: 17 տարեկան էի դեռ, երբ որոշեցի Թատերական ինստիտուտ ընդունվել: Մոտեցա ռեժիսոր Դավիթ Հակոբյանին, որն այն ժամանակ պետք է կուրս հավաքեր և խնդրեցի, որ նա ինձ հետ պարապի, սակայն ասաց, որ չի պարապում ոչ մեկի հետ: Ապա խնդրեցի, որ լսի ինձ և ասի արժի դիմեմ, թե ոչ: Նա լսեց ինձ և ասաց, որ կպարապի ինձ հետ:
Դեռ չընդունված ինձ առաջարկվեց մի դեր, որն այսպես ասած իմ այցեքարտն էր այս ասպարեզում: Երևանի կամերային երաժշտական թատրոնում ստացա Անուշի դերը, որը 17-ամյա աղջկա համար պարզապես նոր ուղի էր, քանի որ շատերը սովորում են, ավարտում են և սպասում են գլխավոր դեր ստանալուն, իսկ ես դեռ չընդունված ստացա այն:
-Ինչպե՞ս Ձեր ծնողները ընդունեցին այդ որոշումը:
-Մայրս ի սկզբանե իմ կողմից էր, իսկ հայրս դեմ էր, հատկապես ասպարեզին: Ասում էր բարդ ասպարեզ է, հաճախ անարդար և այն մթնոլորտը չէ որում պետք է ես լինեմ: Ես այսպես ասած «գրազ եկա» նրա հետ, որ եթե ոսկե մեդալ բերեի, կընդուներ իմ որոշումը: Իհարկե հայրս չեր հավատում, սակայն ես լավ հանձնեցի քննություններս, վերցրի ոսկե մեդալս տուն բերեցի և ասացի, որ գնում եմ թատերական: Երբ արդեն իմ ուժերով անվճար ընդունվեցի հայրս հասկացավ, որ դա իսկապես իմն է:
-Ո՞ր դերն է Ձեզ համար եղել ամենանշանակալիցը:
-Վերջերս Համազգային թատրոնում խաղացի «Համլետ» ներկայացման մեջ Օֆելյայի դերը, որը կարծում եմ շատերն են ցանկանում խաղալ: Ես երկար քասթինգներից հետո միայն ստացա այն: Այդ դերը բարդ դեր է, որովհետև այնտեղ կա խելագարության կտոր, մահվան կտոր և ընդհանրապես այն շատ էմոցիոնալ դեր է, որը ես երբեք չեմ մոռանա»:

-Ո՞ր դերը կցանկանաք խաղալ:
-Շատ կցանկանամ խաղալ Պուշկինի «Եվգենի Օնեգին» ներկայացման մեջ Տատյանայի դերը, քանի որ մոտ է իմ կերպարին:
-Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ ՝ թատրոնը, թե հեռուստատեսությունը:
-Սա բարդ հարց է, ես չեմ կարող ընտրել: Ինձ հետաքրքիր է այն ամենը ինչով ես զբաղվում եմ տվյալ պահին և ամբողջովին նվիրվում եմ իմ գործին: Չեմ կարող ասել թատրոնը ավելի լավ է քան հեռուստատեսությունը, կամ հակառակը, քանի որ երկու դեպքում էլ ես անում եմ իմ գործը՝ դերասանությունը, ուստի ինձ համար լավ է ամեն տեղ: Սերիալային կերպարները ինձ տվել են ամեն բան: Առաջին հերթին հայտնիություն: Ավելի հասանելի ես դառնում մարդկանց և նրանք ճանաչում են քեզ որպես դերասանուհի: Շատ անգամ սերիալների շնորհիվ նաև գալիս են տեսնելու թատրոնում, որտեղ այդքան էլ հայտնի չես կարող դառնալ, իսկ սերիալների շնորհիվ դու մտնում ես մարդկանց բնակարաններ և դառնում սիրված կերպար:
Որքանո՞վ է Ձեր իրական կերպարը նման կերտած կերպարներին:
-Երբ որևէ դեր ես խաղում դա գալիս է քո հոգուց, սակայն պետք չէ մարդ սպանել, որպեսզի մարդասպանի դեր խաղաս, իսկ նմանությունը կլինի այն ինչ կգտնեմ իմ մեջ կերպարներիս հետ կապված: Առհասարակ տարբեր եմ կերպարներիցս, և եթե ինձ իրական կյանքում ճանաչում են, զարմանում են, թե ինչպես կարող եմ խաղալ Հայարփի, բռի աղջիկ՝ Սուսիկ, և շատ այլ կերպարներ: Ես սիրում եմ տարանջատել կյանքն ու բեմը և չբերել մեկը մյուսից առաջ:

Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը և ընտանիքը:
-Ես ունեմ հրաշալի ամուսին և հրաշք երեք բալիկներ, որոնք մշտապես աջակցում են ինձ, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն: Ես էլ մի կողմ չեմ դնում իմ պարտականությունները և ընտանիքիս անդամներն էլ չեն դժգոհում:
-Այժմ ի՞նչ գործունեություն էք ծավալում:
-Ներկայացրեցինք «Տունը սահմանի վրա» ներկայացման պրեմիերան, մասնակցեցի ամանորյա ներկայացմանը: Ինչպես նաև վարում եմ «Առավոտը Շանթում» հաղորդումը, որը նույնպես ունեցավ ամանորյա տոնական եթեր:

Հավելենք որ, Անահիտ Կիրակոսյանը նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում», «Քաղաքում», «Անցյալի ստվերներ» և «Խոպանի տեսություն» հեռուստասերիալներում, որոնք մեծ ճանաչում են բերել դերասանուհուն:

Հեղինակ՝ Լիանա Հարությունյան

Լուսանկարիչ Վահան Սուրենց

Print Friendly
Facebook