Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հրանտ Թոխատյան. «ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԵԾ ՊԱԿԱՍ ԿԱ»

19.01.2016 | 06:51

«Իրավունքը» գրում է, որ այս տարվա թերթի առաջին «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ: Սիրված դերասանին ուղղված ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմազան են եղել` սկսած քաղաքականությունից մինչեւ թատերական, հեռուստատեսային ոլորտին առնչվող խնդիրներ, որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Թոխատյան, ինչպե՞ս կգնահատեք մեր ամանորյա հեռուստաեթերը: Ինչո՞ւ են անկում ապրում հումորը եւ տոնական նախագծերը: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր)

– Առիթ չեմ ունեցել ամբողջ եթերին հետեւելու, նայել եմ ընդամենը հատվածներ: Համեմատած մի քանի տարի առաջվա, հիմա ունենալով ավելի պարզ միտք, ավելի լավ տեխնիկա կամ ցանկություն` մի փոքր բարելավվել է վիճակը, բայց սա չի նշանակում, որ արդեն լավն է: Ավելի արագ քայլերով կուզենայի զարգանար մեր հեռուստաեթերը: Իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ հեռուստատեսությունը բացի ստեղծագործական մտքից, կապված է նաեւ տեխնիկական հնարավորությունների ու մանավանդ` գումարի հետ, ինչը մեր երկրում այդքան չկա, որպեսզի կարողանանք ոտք գցել, գոնե թեկուզ ռուսական հեռուստաալիքների հետ, էլ չեմ ասում եվրոպականի կամ ամերիկյանի մասին: Չնայած, եթե դիտեք արտասահմանյան հեռուստաեթերը, կհասկանաք, որ ընդհանրապես անկում կա ամեն տեղ: Եվ, այո, անկում կա հումորի տեսակետից էլ, որովհետեւ փակ երկրներում հումորն ավելի է զարգանում, քան բացեիբաց թողնված երկրներում: Իսկ մենք այդպիսի երկիր ենք, դրա համար էլ այսօր ով ինչ մակարդակի «սրամտություն» անում է, իրեն տրամադրվում է ե՛ւ եթեր, ե՛ւ բեմ: Մինչդեռ հումորն առաջին հերթին ինտելեկտ է, իսկ այսօր մեր երկրում ինտելեկտի մեծ պակաս կա: Այնպես որ, ինչպիսի ինտելեկտ ունենք, այդպիսի էլ հումոր ունենք: Մեր օրերում տարօրինակ բառ են օգտագործում` «հումորիստ»: Չկա նման բան, ի՞նչ է նշանակում` ես հումոր եմ անում կամ հումորիստ եմ: Հումորիստը կոչում է, այսօր անգամ մեծն Ժվանեցկին չի ասում, որ հումորիստ է, այլ ասում է, որ ուղղակի տեքստեր է գրում: Բայց հիմա ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում հումորիստ համարվելու, չի՛ կարելի:

Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Print Friendly
Facebook