Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մեկ օր Երեւանում Արտաշես Ալեքսանյանի հետ

12.12.2011 | 18:47

Բոլորս սիրում ենք մեր Երեւանը, մեր սիրելի Հայաստանի սիրտը, եւ մեզանից յուրաքանչյուրը իր պատկերացումներն ունի սիրելի քաղաքի մասին, այս անգամ մեր հյուրն է սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը:

Երբ պետք է հաստատվեիք Երեւանում ի՞նչ զգացողություններ ունեցաք:

-Արմատներս Էրզրումից են գալիս, ծնվել եւ որոշ ժամանակ ապրել եմ  Գյումրիում, ութերորդ դասարանից հետո տեղափոխվեցինք Երեւան: Մինչեւ հիմա չգիտեմ որտեղ պետք է հաստատվեմ: Ինչպես ասում են “человек предполагает, а Бог располагает”, այն որ երկրագնդի վրա պետք է լինեմ մի որոշ ժամանակ պարզ է, բայց հաստատվել` մի քիչ տարօրինակ է ինձ համար:

Որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ զգացողություններ ունեք մեր մայրաքաղաքի նկատմամբ:

-Ընդհանրապես չեմ սիրում, երբ հայրենիքը մասնատում են, օրինակ` Երեւան, Գյումրի, Վանաձոր, Տաշիր, Ղարաբաղ, այս բոլորը մի ամբողջություն է, եւ մեր հայրենիքը: Համեմատենք այն օրգանիզմի հետ, որի սիրտը Երեւանն է. եթե հանենք այն, մարմինն այլեւս պետք չի լինի: Եթե ձեռքը կտրենք կլինի մեկ ձեռանի, եթե ոտքր` մեկ ոտանի: Դրա համար չեմ ընդունում, երբ հայրենիքս մասնազատում են. այն իմ հայրենիքն է ամբողջությամբ, իմ հողն ու ջուրը:

Ի՞նչ կարծիք ունեք նախկին ու այսօրվա քաղաքի տեսքի մասին` ճարտարապետական եւ ոճային  որոշակի փոփոխություններով հանդերձ:

-Շատ գեղեցիկ է ու հիանալի: Իհարկե’, պետք է պահպանել այն, ինչ-որ ունենք, բայց միեւնույն ժամանակ պետք է ստեղծենք, այսինքն քայլենք ժամանակի հետ: Այն, ինչ կատարվում է շատ գեղեցիկ է, արդիական եւ ողջունելի: Ժամանակի շունչն է զգացվում:

Այն ժամանակվա երեւանցիների՞ն էլ էիք անվավանում <<ՙպոնչիկ ուտող երեւանցի>>:

-Այն ժամանակ մի շարք անվանումներ էին տալիս երեւանցիներին, օրինակ` բիբար կրծող, պոնչիկ ուտող… Բայց ես երբեք չեմ ասել եւ ոչ էլ ընդունել եմ այդ պիտակավորումները: Մարդիկ տարբեր են. մեկը ջանում է, աշխատում է իր ազգի պատիվը բարձր պահելու համար, մինչդեռ մյուս լպրծունը ցեխ է շպրտում այդ ազգի վրա: Այս պատճառով էլ չեմ սիրում երբ մարդկանց պիտակներ են կպցնում:

Այսօր Երեւանում են գտնվում մշակութային կյանքի կարեւոր հաստատությունները, եւ գրեթե անտեսվում են մնացած քաղաքները, ի՞նչ կասեք այդ բեւեռացման մասին:

– Ես այն կարծիքին չեմ, որ բեւեռացել ենք միայն մայրաքաղաքում: Ես անձամբ մի քանի օր հետո գնում եմ Վանաձոր, որովհետեւ այնտեղ արտիստական ստուդիա եմ հավաքում: Ինչ-որ չափով այո կենտրոնացում կա Երեւանում, եւ դա հասկանալի է, քանի որ սիրտը իր արյունատար ու արյունաբեր անոթներով ինքը պետք է ընդունի եւ բաժանի: Վերջերս իմ ստուդիայի ուսանողների հետ, որոնք թատերախմբերով մարզերից էին եկել, փառատոնի մասնակցեցի: Ասեմ շատ հետաքրքիր ու հաճելի ներկայացում դիտեցի:

Պատմե՞ք ձեր ուսանողական տարիների մասին, որոնց մի մասն անց եք կացրել մայր թատրոնում:

-Բոլորս էլ գիտենք, որ ամենահետաքրքիր ու գեղեցիկ տարիները հենց ուսանողական տարիներն են: Սունդուկյանի ստուդիայում մեկ տարի սովորելուց հետո գնացի Մոսկվա, որտեղ սովորեցի կինոինստիտուտում: Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ ավարտեցի իր իսկ արվեստանոցը: Շատ հիշարժան ու երջանիկ ուսանողական կյանք եմ ունեցել:

Մի փոքր պատմեք Ձեր ստուդիայի մասին: Ինչպե՞ս ստեղծվեց այդ գաղափարը:

– Ես ինքս ստուդիայում եմ սովորել, հենց այստեղից էլ ծագեց այդ գաղափարը: Որոշեցի այն ինչ տեսել ու զգացել եմ փոխանցել նոր սերունդներին: Երբ ուսանում էի Սունդուկյան թատրոն-ստուդիայում, անմիջական կապ ունեի բեմի հետ. նախնական տեսարաններում խաղում էի մեր մեծությունների հետ` Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սար•սյան, Խորեն Աբրահամյան, Վարդուհի Վարդերեսյան, Արմեն Խոստիկյան… Շնորհիվ այս դերասանների շատ բան եմ սովորել: Այդ կարգավիճակի մեջ էլ փորձում եմ սերտել ստուդիա եւ փառք Աստծո ստացվում է: Մի քանի պրոֆեսիոնալ դերասանների հրավիրեցի` որպես գլխավոր դերակատարներ, եւ ներկայացում պատրաստեցի: Շնորհակալ եմ այս տղաներից, որոնք համաձայնվեցին գալ եւ սովորեցնել այն ամենը ինչ կարող էին: Ուսանողները 11-60 տարեկան տարիքային խմբերում են, եւ բոլորն ել կարողացան մասնակցել այդ ներկայացմանը, ինչն էլ հիանալի պրակտիկա էր նրանց համար: Մինչեւ հիմա էլ հրավերներ ենք ստանում, նույնիսկ արտերկրից:

Այժմ բազմաթիվ ստուդիաներ են բացվում: Դրանք ինչոր կերպ խանգարո՞ւմ են Ձեր գործունեությանը:

– Ոչ չեն խանգարում, քանի որ իմ աշխատելաոճը տարբերվում է: Առնվազն մեկ տարի անց բոլորն էլ կարող են գալ եւ տեսնել, թե ինչ փոփոխություններ են նկատվում ուսանողների մոտ, ինչ հաջողությունների են նրանք հասել:  Այն ինչ կարողանում եմ փոխանցում եմ, այնուհետեւ հանձնում հանդիսատեսի դատին:

Ի՞նչ հետաքրքիր, ծիծաղաշարժ դեպք կարող եք պատմել կապված մեր համաքաղաքացիներ հետ:

– Ծիծաղաշարժ դեպք դժվարանում եմ հիշել: Հիմնականում հիացմունքի խոսքեր են արտահայտում, շնորհակալություն հայտնում, ավելի ամաչկոտներն էլ պարզապես մատնացույց են անում: <<Վերադարձ>> ֆիլմից հետո շատերն էին շնորհակալ, որ շնորհիվ իմ կերպարի` եւս մեկ անգամ թարմացվեց բոլորի հիշողությունը, հասկացանք ով է մեր թշնամին եւ ինչի է ընդունակ: Երբեք չի կարելի թերագնահատել թշնամու ուժը, հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի է: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ուղակիորեն են հասկացել այդ կերպարները, ինչի արդյունքում էլ բազմաթիվ հայհոյանքներ եւ անեծքներ եմ լսել:

Գո՞հ եք ձեր աշխատանքից:

– Հանդիսատեսը պետք է գոհ լինի, իսկ ես իմ աշխատանքն եմ կատարում: Ստեղծագործական պրոցեսում երբեք գոհ չես լինում ինքդ քեզանից:

Ձեր կոչը մեր քաղաքացիներին:

– Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Լավ կլինի, որ յուրաքանչյուրն իր տեղն իմանա եւ իր երեխայի պես վերաբերի մեր հայրենիքին: Սեր եւ երջանկություն եմ մաղթում մեր քաղաքին:

Հարցազրույցը վարեց Մամիկոն Խուրշուդյանը

 

 

Facebook