Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը Սփյուռքի նախարարությունում

13.09.2014 | 11:13

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկահայ  նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանին:

Քննարկվեցին սեպտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային պատկերասրահում բացվող արվեստագետի «Խաղաղության արվեստ»  խորագիրը կրող անհատական ցուցահանդեսին առնչվող կազմակերպչական հարցեր:

Դանիել Վարուժան Հեճինյանի ցուցահանդեսը կազմակերպվելու է Սեպտեմբերի 18-21-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում, այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նախարարը բարձր գնահատեց ամերիկահայ նկարչի ստեղծագործությունները և կարևորեց նման ցուցահանդեսները Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հայոց պահաջատիրության գործում:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր հիացմունքն արտահայտեց Դանիել Վարուժան Հեճինյանի ստեղծագործությունների հանդեպ, նա մասնավորապես ասաց. «2014թ-ի գարնանը Դուք ամերիկյան հասարակությանը ներկայացրիք մի բացառիկ ստեղծագործություն՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված «Մոր ձեռքերը» կոչվող խաչքար-կոթողը, որը տեղադրվեց Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց: Բրոնզի և գրանիտի համադրությամբ ստեղծված այդ Մայր-խաչքարը առանձնահատուկ խորհուրդ է կրում իր մեջ. զարդանախշերը թափվում են ցեղասպանությունից փրկված Ձեր ասեղնագործող մոր ձեռքերից, ձեռքեր, որոց վրա փախուստի ճանապարհին հանգել են  նրա մայրն ու քույրը, շնորհակալություն ձեր փայլուն մտահղացման և այն կյանքի կոչելու համառության ու տքնանքի համար»:

Ծագումով Հալեպցի նկարչին նախարարը ներկայացրեց Հայաստանում հանգրվանած սիրիահայերի համար Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կառուցվող «Նոր Հալեպ»  բնակարանաշինության ծրագիրը: Քննարկվեցին ծրագիրն իրականացնելու նպատակով Սփյուռքում արվեստագետների հնարավորությունները օգտագործելու, որոշակի մեխանիզմներով «Նոր Հալեպի» կառուցմանն օժանդակելու հետ կապված հարցեր:

Դանիել Վարուժան Հեճինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ցուցահանդեսը կազմակերպելու համար:

Facebook