Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ. «ՀԱՅՐՍ ՈՒԶՈՒՄ ԷՐ, ՈՐ ԴԱՌՆԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ»

10.09.2014 | 05:57

«Իրավունք» թերթը գրում է.

Երեկ ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ծննդյան օրն էր: «Իրավունքի» հետ զրույցում 72-ամյա վարպետը իրեն հատուկ առույգությամբ շեշտեց, որ դեռ չի կորցրել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը եւ հավաստիացրեց, որ կյանքում ամենամեծ երջանկությունը սիրած գործով զբաղվելն է` որ տարիքում էլ ուզում է լինես:

– Բաներ կան, որ այս կյանքում հետաքրքիր են ինձ համար, ես դեռ կյանքի նկատմամբ հետաքրքրությունս չեմ կորցրել: Ամենակարեւորը, ամենամեծ երջանկությունը սիրածդ գործով զբաղվելն է ու դրանից հաճույք ստանալը: Մինչեւ հիմա զբաղվում եմ դերասանությամբ, ռեժիսուրայով ու թատրոնով եւ դրանից մեծ հաճույք եմ ստանում:

Այն ազդեցությունը, որ ստացա Մայակովսկու անվան դպրոցում սովորելու տարիներին, փաստորեն տեղին էր: Բախտս բերեց, 8-րդ դասարանում հանդիպեցի մի հանճարեղ մարդու` Էլմիրա Արկադեւնա Մարտիրոսյանին, իմ ուսուցչուհուն, որը թատրոնով տառապող մարդ էր, բայց ինչ-ինչ պատճառներով ընտրել էր  մանկավարժությունը: Նա կարող էր մեծ թատրոնի գործիչ դառնալ:

Այսինքն` նա՞ Ձեր մեջ սերմանեց սերը դեպի թատրոն:

– Այո, բանն այն է, որ հայրիկս ինձ ավելի շուտ դաստիարակում էր այն ուղղությամբ, որ դառնայի ճարտարապետ, որովհետեւ նա մանկուց երազել էր, բայց այլ մասնագիտություն էր ընտրել` զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, պարտիական աշխատող էր, պարտիական մեծ գործիչ: Դեռ Թբիլիսիում նա բարձրագույն կուսակցական էր, դպրոցը Մոսկվայում գերազանց ավարտելուց հետո նրան հրավիրեցին Վրաստան` կենտկոմում պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ: Եվ երբ այդ տարիներին Հարությունովին նշանակեցին Հայաստանում առաջին քարտուղար, նա Վրաստանից բոլոր մասնագետներին բերեց Հայաստան, այդ թվում նաեւ հայրիկիս, որը նույն պաշտոնը զբաղեցրեց: Մոտ 30 տարի եղավ Գլավլիտի պետ. այն հիմնարկություն է, որը հսկում է ռազմական, պետական, քաղաքական գաղտնիքների պահպանումը` ռադիոյում ու հեռուստատեսությունում: Դե, իսկ մեր տանը բնականաբար ճարտարապետությանը վերաբերող շատ գրքեր կային, որոնք հայրս ձեռք էր բերել ամենաբարդ ու դժվար ճանապարհներով: Այդպես, հայրիկս կարծում էր, որ մեր տանը նման գրքերի գոյությունը ինձ կշեղեր այդ ուղղությամբ: Իսկապես այդպես էլ մտածում էի, եւ եթե չհանդիպեի Էլմիրա Արկադեւնային, երեւի կգնայի ճարտարապետության գծով, որովհետեւ շատ էր ինձ հետաքրքրում, եւ բացի դրանից արդեն սկսկում էի կամաց-կամաց զարգանալ այդ ուղղությամբ: Սակայն, իմ ուղղվածությունը փոխեց ուսուցչուհիս եւ շնորհակալ եմ մայրիկիս, որ ինձ կողմ եղավ, իսկ հայրիկին` դեմ եւ ասաց` թող նա որոշի, թե ինչ է ուզում դառնալ: Ըստ երեւույթին մայրս էլ ուներ նման հակումներ, բայց չեմ ափսոսում, որ ընտրեցի այս ուղղությունը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ     

Առավել մանրամասն կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Print Friendly
Facebook