Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունք». «ԵԹԵ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՉԿԵՐԱԿՐԵՆՔ, ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅԼՈՑ ԲԱՆԱԿՆԵՐԸ ԿԵՐԱԿՐԵԼ»

10.09.2014 | 05:44

«Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Գեներալ-լեյտենանտի հետ զրուցել են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տիրող լարվածության, ապա երկրապահի` այլընտրանք չունեցող կարեւորության եւ ներքին ու արտաքին դավաճանների մասին:

-Վերջերս շատ խոսվեց այն մասին, թե ԵԿՄ-ն ի վիճակի չէ բոլոր ազատամարտիկների խնդիրներով զբաղվել և այսօր նոր կառույցի կարիք կա, ի՞նչ կասեք այս մասին:

Երկրապահը սոսկ կառույց չէ: Ողջ հայ ժողովուրդն է երկրապահ: Հայկ Նահապետն էլ երկրապահ էր: Այսօր ցանկացած հայ, եթե դավաճան չէ, ուրեմն երկրապահ է: ԵԿՄ-ում մենք սովորեցնում ենք այն, ինչ ծնողը զավակին պետք է սովորեցնի: Սերունդ ենք դաստիարակում: Մեր պատանի եւ երիտասարդ երկրապահները բանակի համար պատրաստի կադրեր են դառնում, նաեւ մեր այս կառույցներով անցած աղջիկներն ու տղաները դառնում են պետության լիարժեք քաղաքացի, հանրության օրինակելի անդամ: Մեր այս կառույցների միջոցով հայրենասիրություն, հայրենաճանաչություն ենք քարոզում: Ես ինչ պետք է ասեմ, ժողովուրդն է այդ հարցի պատասխանը տվել, մեր ժողովուրդն է իր կեցվածքով, ասել, որ չի կարելի երկրապահի դեմ գործել, դա նշանակում է հայ ազգի դեմ գործել: Էն անեկդոտը լսել եք չէ՞: Որ տաքսի կանգնեցնում, թե քշի Թուրքիա` այնտեղ մեկուկես միլիոն հայի են կոտորել: Ասում են` ախր դա 100 տարի առաջ է եղել, սա ասում է` ես նոր եմ իմացել: Հիմա մենք պատրաստվում ենք ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ինչ-որ մարդիկ նոր են իմանո՞ւմ, որ ազատամարտիկների իրավունքներով զբաղվող կազմակերպություն պետք է հիմնել: Թե՞ կասեն` խաբար էլ չեն, թե ինչ հսկայածավալ աշխատանքներ է տանում ԵԿՄ-ն: Ամոթ է, գնացքն արդեն մեկնել է:

– Որոշ ուժերի կողմից անընդհատ շահարկվում է այն թեման, թե մեր ազատամարտիկներն  այսօր ծանր սոցիալական իրավիճակում են հայտնվել, կա՞ այսօր լուրջ մտահոգության կարիք:

– Հազար անգամ ասել եմ: Այսօր հայ ազգն ունի սոցիալական լուրջ խնդիրներ: Ազատամարտիկին հայ ժողովրդից մի առանձնացրեք: Ազատամարտիկն առանձնահատուկ է, երբ կանգնում է թշնամու դեմ, իսկ առօրյա կյանքում ազատամարտիկն էլ հայ ազգի մի մասնիկն է եւ հանրությունից առանձնանալու անհրաժեշտություն չունի: Այսօր կան շատ եւ շատ բարդություններ: Սակայն, կան առաջնահերթություններ: Այսօր պետք է առաջնորդվենք ամեն ինչ առաջին գծի համար, ամեն ինչ սահմանի համար կարգախոսով: Հիշեք` եթե մեր բանակը չկերակրենք, ստիպված ենք լինելու այլոց բանակները կերակրել: Մենք պետք է այսօր առաջին հերթին սպառազինություններ եւ զինվորական հանդերձանք ձեռք բերենք, ուշադիր լինենք սահմանին կանգնած զինվորի, սահմանին կանգնած սպայի նկատմամբ: Սահմանին կանգնած մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքները, իրենց հարազատները ոչնչի կարիք չունեն, որպեսզի ամբողջությամբ նվիրվեն սահմանի պաշտպանության գործին: Եթե պետությունը հնարավորության սահմաններում կարեցածը չանի ազատամարտիկների համար, նեղանալու իրավունք ունենք, բայց մենք տեսնում ենք, որ հնարավորն արվում է: Ես ինչո՞ւ հեղինակեցի «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Սա նախ բարոյական մեծ նշանակություն ունի` երկրապահ կամավորականությունը ճանաչվեց պետականորեն: Եվ երկրորդ` այս օրենքը հնարավորություն է ընձեռում, որ պետության հնարավարությունների աճին զուգահեռ աստիճանաբար նորանոր արտոնություններ հատկացվեն ազատամարտիկներին: Իսկ առայժմ, կրկնեմ՝ ամեն ինչ առաջին գծի համար: Վերջին շրջանի դիվերսիոն թափանցման փորձերը կանխած մեր քաջ տղաները ձեզ օրինակ: Սրանք են մերօրյա հերոսները, իսկական հերոսներ, որոնց օրինակով պետք է դաստիարակվեն սերունդներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Print Friendly
Facebook