Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՄԵՂԱՎՈՐԸ ՈՉ ԹԵ ՁՄԵՐՈՒԿՆ Է, ԱՅԼ` ԽՈՐՈՎԱԾԸ, ՕՂԻՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ

25.07.2014 | 09:52

«Իրավունքը» գրում է.

Վերջին տարիներին գնալով հաճախակիացան դժգոհությունները` գյուղատնտեսական մթերքների որակի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախկինում դժգոհությունների հիմնական թիրախը ներմուծված գյուղմթերքներն էին, ապա հիմա քիչ չեն բողոքները նաեւ տեղական արտադրանքից:

Վերջին, հատկապես մեկ-երկու տարիներին սպառողներից ո՞վ չի հանդիպել, ասենք, տեղական լոլիկի, որի ներսում կարելի է անգամ փայտացած հատվածներ հայտնաբերել: Չթվարկենք, բայց այն բոլոր խոսակցությունները, թե չկա առաջվա լոլիկը, վարունգը եւ հազար ու մի այլ տեսակի մթերքներ, իրոք հիմնավորում են, որ որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, որոնք տարեց տարի ահագնանում են: Մի խոսքով` սպառողները բողոքում են մթերքի անորակությունից, իսկ սննդի անվտանգության հարցերով զբաղվող պատկան կառույցներից հաստատում են, թե շուկայում հայտնված բոլոր մթերքները ենթարկվում են փորձաքննության եւ վերահսկվում են, ուստի պետք չէ կասկածել դրանց բարձր որակի վրա: Բայց այդ «հուսադրող» հայտարարություններն արդեն շարքային սպառողին քիչ են հետաքրքրում, եւ բանը հասել է նրան, որ տանտիրուհիները սկսել են նույնիսկ հրաժարվել ավանդական մթերքի պահածոյացումից` մտածելով, որ եթե այն անորակ է,  ապա ամիսներ անց կարող է լուրջ վտանգ առաջացնել եւ հանդիսանալ տարբեր հիվանդությունների պատճառ:

ԳՆՍննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն «Իրավունքի» հետ զրույցում խոսելով գյուղմթերքի  ընդհանուր որակից, իր հերթին հավաստիացրեց, որ գյուղատնտեսական արտադրանքը այսօր շուկայում ամբողջությամբ վերահսկվում է: Ընդ որում, խոսքը ե՛ւ ներմուծված, ե՛ւ տեղական արտադրանքի մասին է: «Գյուղմթերքի ներմուծման ժամանակ վերահսկողություն է իրականացվում սահմանային հսկիչ կետերում, իսկ տեղական արտադրանքը վերահսկվում է հանրապետության ներսում: Անցկացնում ենք մոնիթորինգ, որի ընթացքում ստուգվում են արտադրանքի թունաքիմիկատները, պեստիցիդները: Վստահ կարող եմ ասել, որ պատկերը բավականին լավ է, եւ խնդիրներ չկան: Մենք սպառում ենք անվտանգ պտուղբանջարեղեն»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՅԱՆԸ:

Ըստ մեր զրուցակցի` իրենց կողմից պարբերաբար ստուգվում է պտուղ-բանջարեղենում նիտրատների քանակությունը, եւ չի հասկանում այն մարդկանց,  ովքեր պարբերաբար բողոքում են, թե մթերքից տարբեր քիմիկատների հոտ է գալիս. «Նիտրատերը ոչ համ ունեն, ոչ հոտ, ուստի հնարավոր չէ դրանցից հոտ գա: Եթե այդպես լիներ, ապա մոնիթորինգների ժամանակ մենք այդքան ֆինանս չէինք ծախսի, միանգամից հոտից կզգայինք թունաքիմիկատի առկայությունը: Գուցե դրա պատճառն այն է, որ մեր երկրում շատացել են բանջարեղենի տարբեր սորտերը, յուրաքանչյուր սորտ ունի իրեն բնորոշ համ ու հոտ: Յուրաքանչյուր սպառող պետք է գտնի իր քիմքին հաճելի ապրանք»,-փաստեցԱրթուր Նիկոյանը:

Անդրադառնալով  «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ այն հայտարարությանը, թե այս տարի բազմաթիվ մարդիկ են թունավորվել ձմերուկից, Ա. Նիկոյանը ասաց. «Եթե մարդն օգտագործել է ձմերուկ եւ թունավորվել է, ապա նա պետք է դիմի բժշկի, որպեսզի վերջիններս հաստատեն, որ նա թունավորվել է հենց ձմերուկից: Բացի այդ, եթե ձմերուկ են կերել ու թունավորվել, ապա դա չի նշանակում, որ ձմերուկի մեջ թունավոր նյութեր կան: Գուցե մարդիկ հիգիենայի կանոնները ճիշտ չեն պահպանում: Կարող է մարդը գնացել է Սեւան, օղին խմել, խորովածն ու ձմերուկը կերել եւ մտել է ջուրը, որից հետո մնացել է արեւի տակ, մարսողությունը վատացել է եւ թունավորվել: Ուրեմն` պետք է ասել, որ նա թունավորվել է ձմերուկի՞ց»:

Այդպես էլ կարող է լինել: Բայց այդ դեպքում, ինչպե՞ս բացատրել, որ վերջերս երեխան` առանց օղու, խորովածի եւ Սեւան հասնելու, ուտելով միայն սեխ, հաշված րոպեներ անց սկսեց իրան շատ վատ զգալ: Կամ ո՞ր «գիտությանը», սորտին կամ մոնիթորինգին վստահեն այն բոլոր մարդիկ, ովքեր կտրել են թարմ տեսք ունեցող ձմերուկն ու ինչ-որ սուր, քիմիական նյութեր հիշեցնող հոտի պատճառով այն դեն են նետել` առանց նույնիսկ համտեսելու: Չէ որ նմանօրինակները բազմաթիվ են:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Print Friendly
Facebook