Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունքը». «ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 3 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է 4 ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ»

25.07.2014 | 09:24

«Իրավունքը» գրում է.

Նոր մրցաշրջանի նախապատրաստական այս շրջանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար դարձավ լավագույն որակները դրսեւորելու հարթակ: Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկող Մխիթարյանի համար շատ կարեւոր է երկրորդ մրցաշրջանը գերմանական ակումբի կազմում անցկացնել նախորդից բարձր մակարդակի վրա: Առաջին մրցաշրջանում թեեւ Մխիթարյանը հիմնականում արդարացնում էր իրեն խաղադաշտում, բայց ցանկացած վրիպման դեպքում արժանանում էր սուր քննադատության:

Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իր անցկացրած առաջին մրցաշրջանին եւ կիսվել նոր ծրագրերով, հայ կիսապաշտպանը մասնավորապես նշել է. «Դրական եմ գնահատում առաջին մրցաշրջանս «Բորուսիայում»: Նախորդ մրցաշրջանում հնարավոր է, որ չօգտագործեցի իմ բոլոր հնարավորությունները: Իհարկե, ցանկանում եմ ավելի շատ աչքի ընկնել հաջորդ մրցաշրջանում: Պետք է բարելավեմ խաղս բոլոր տեսանկյուններից: Մարզիչն ասաց ինձ, որ պետք է շարունակեմ այնպես, ինչպես սկսել էի»:

Ինչպես երեւում է Մխիթարյանն իր արժեքը թիմում որոշել է ցույց տալ հենց առաջին իսկ հանդիպումներից: «Բորուսիան» արդեն անցկացրել է 3 ընկերական հանդիպում, որոնց ելքի վրա Հենրիխն անմիջականորեն ազդել է: Գերմանական «Հեսեն Կասելի» դեմ հանդիպմանը Մխիթարյանը աչքի էր ընկել մեկ անգամ, իսկ «Բորուսիայի» երկրորդ` «Հայդենհայմի» դեմ ընկերական խաղում Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղը սկսել էր «Բորուսիայի» փոխարինողների նստարանից եւ խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջմանը, երբ դորտմունդցիները պարտվում էին 1:2 հաշվով: 56-րդրոպեին Մխիթարյանը հավասարեցրել է հաշիվը, սակայն 11 րոպե անց մրցակիցը դարձյալ առաջ է անցել հաշվի մեջ: 71-րդ րոպեին Հենրիխը դարձավ նաեւ դուբլի հեղինակ` կրկին հավասարեցնելով հաշիվը: Խաղի ավարտից 5 րոպե առաջ ամերիկացի կիսապաշտպան Ջոյ Գյաուն կամային հաղթանակ պարգեւեց «Բորուսիային»` 4:3:

Իսկ «Բորուսիայի» երրորդ ընկերական խաղում թիմը պարտությունից խուսափեց հենց Մխիթարյանի գոլի շնորհիվ: Մրցակիցը Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկն» էր, որի դեմ խաղն ավարտվեց 1:1 հաշով: Այսպիսով` Մխիթարյանը 3 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ, եթե հայ ֆուտբոլիստն այս արդյունավետությամբ հանդես գա նաեւ պաշտոնական խաղերում, լուրջ մրցակից կդառնա առաջնության ռմբարկուների պայքարում: Ինչեւէ, ֆուտբոլում կանխատեսումներ ու գուշակություններ անելը, մեղմ ասած, անլուրջ է, առաջիկայում նոր մրցաշրջանն է Բունդեսլիգայում եւ անչափ կարեւոր հանդիպումներ` Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրո-2016թ. խմբային փուլի շրջանակներում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Print Friendly
Facebook