Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ալվարդ Թադևոսյան. «ԻՄ ԱՄԲՈՂՋ ՆՎԻՐՈՒՄՆ ՈՒ ՍԵՐԸ ՏՎԵԼ ԵՄ ԴՊՐՈՑԻՆ»

23.11.2013 | 07:27

«Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Իսկ եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին», – ասել է ռուս մեծ գրող և մանկավարժ Լև Տոլստոյն ու հավելել. «Բայց, եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ»: Հենց այս սկզբունքով էլ առաջնորդվելով` AAD.AM-ը ընտրեց իր զրուցակցին, ով որքան նվիրված է իր աշխատանքին, նույնքան էլ հարազատ զավակների պես կարողանում է սիրել իր հարյուրավոր աշակերտներին: Այո, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Թադևոսյանը, ով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացել է «Դրաստամատ Կանայան» մեդալի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվոգրով, իր մեծագույն պարգևը համարում է այն, որ վայելում է աշակերտների ու նրանց ծնողների սերն ու հարգանքը:

Տիկին Թադևոսյան, թիվ 192 դպրոցը մշտապես աչքի է ընկնում իր հաջողություններով, ո՞րն է կայացած դպրոց ունենալու գաղտնիքը:
1987 թվից մեր դպրոցը գործում է: Ի դեմս պարոն Հարություն Պողոսյանի, ունեցել ենք հրաշալի գործադիր տնօրեն, ով ավանդույթներով հարուստ դպրոց է ստեղծել, որի սանն ենք համարվում մենք և որի հոգածության ներքո աշխատել ենք: Նա հրաշալի ղեկավար է եղել մեր դպրոցին: Կուզենայի, որ այն բոլոր ավանդույթները, որոնք եղել են և կան պահենք-պահպանենք ու նաև ավելացնենք նորը: Հենց այդ նվիրված աշխատանքի ու ավանդույթների պահպանման շնորհիվ է, որ մենք այսօր կայացած դպրոց ունենք:
Եվ այդ կայացման մեջ քիչ  չէ նաև Ձեր ներդրումը:
Շուրջ երկու տարի է, որ տնօրինում եմ դպրոցը: 1988 թվից աշխատել եմ թիվ 192 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի, իսկ 1992-94 թթ.-ին աշխատել եմ Մաշտոցի շրջանի ժողկրթբաժնում որպես օտար լեզվի մեթոդիստ և 1994-2011 թթ.-ին աշխատել եմ նույն դպրոցում ուսումնական գծով փոխտնօրեն:
Այսինքն` արդեն իսկ Ձեզ համար բարդ չէր ստանձնել դպրոցի տնօրինման պարտականություններն ու նորանոր ձեքբերումներ ունենալ:
Ուսումնական մասը ղեկավարելը, կներեք անհամեստության համար, գրեթե հավասարազոր է տնօրինելուն, որը շատ ավելի բարդ է, քան դպրոցը տնօրինելը: Կարծում եմ, որ իմ լավագույն ձեռքբերումները եղել են հենց իմ ուսմասվար աշխատելու տարիներին, որը նաև փոխանցվել է իմ տնօրինմանը: Թեպետ երկրոդ տարին է, որ տնօրինում եմ դպրոցը, բայց աշխատում եմ ոչինչ թերի չթողնել, նաև չեմ կարողանում անտեսել ուսումնական մասի աշխատանքը: Վերջին հաշվով տնօրեն լինելը ավելի շատ գործադիր պաշտոն է, իսկ ուսումնական մասին երբ գումարում ես տնօրենի աշխատանքը, դա արդեն ամբողջ դպրոցն է:  Ես իմ ձեռքբերումները  չեմ կարող  գնահատել, բայց այն ձեռքբերումները, որ ունեցանք այս երկու տարվա ընթացքում, քիչ չեն: Դպրոցն արժանացել է բավական խրախուսանքների մեր հանրակրթության վարչության բաժնի պետ տիկին Գ.Սողոմոնյանի, Երևանի քաղաքապետի կողմից: Տիկին Սողոմոնյանի մեծ ուշադրության արդյունքում  հիմնովին  վերանորոգվել է  և վերազինվել է «U com» կաբինետը, որը կարող եմ ասել եզակի դասասենյակ է  մեր դպրոցի համար` իր տասը համակարգչով և ամբողջ դասարանի գույքով: Վերջին ձեռքբերումներից է նաև այն, որ  Դավթաշեն վարչական շրջանի նախկին  ղեկավարի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի հոգածության արդյունքում ցանկապատվեց մեր դպրոցը, որը  կարևորում եմ՝ ելնելուվ  դպրոցի աշակերտների անվտանգությունից: Պետք է խորին շնորհակալությունս հայտնեմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանին, շախմատի դպրոցի բացման առիթով և իր հոգատար վերաբերմունքի համար, որն ուղղված է ողջ վարչական շրջանի դպրոցներին և մանկապարտեզներին: Այս շրջանում մեր մի շարք ուսուցիչներ պարգևատրվել են տարբեր մրցանակներով ու պատվոգրերով: Ի դեպ, հաճախ  ունենում ենք հրաշալի դաս-միջոցառումներ, որոնք նաև աննկատ չեն մնում հանրակրթության վարչության, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի  կողմից:
Այժմ կարո՞ղ ենք  առանց կաշկանդվելու ասել, որ մեր երկրում մանկավարժը գնահատված է:
Միանշանակ, որովհետև և՛ հիմա, և՛ նախկինում աշխատող ուսուցիչը միշտ գնահատվել է: Ես փառք ունեմ տալու Աստծուն նաև, որ իմ 27 տարվա մանկավարժական աշխատանքի տարիների արդյունքում աշխատել եմ, երբեք չեմ սպասել որևէ պարգևի, բայց միշտ գնահատվել եմ: Իսկ այս տարիներին առավել ևս: Աշխատող ուսուցիչը անպայման գնահատվում է ու աննկատ չի մնում:
Փաստորեն, կնոջ ուսերին այսօր ծանրացած է մի ամբողջ դպրոց տնօրինելու պարտականությունը, ինչպե՞ս եք հաղթահարում ստեղծված խոչընդոտները ու կարողանում պահպանել ուսուցչական կոլեկտիվում համերաշխություն:
Նախ նշեմ, որ, ըստ իս, շատ ավելի հեշտ է լինում ղեկավարելը, երբ կանանց կոլեկտիվում տղամարդ է ղեկավարը: Իսկ երբ  կին է ղեկավարում շատ ավելի բարդ է, որովհետև երբեմն կինը կնոջն այնքան էլ ճիշտ չի հասկանում: Հատկապես դժվար է  ղեկավարել, երբ ղեկավարը տվյալ դպրոցի արդեն աշխատած որևէ մի անձ է` կարևոր չէ ուսմասվար լինի, թե ուսուցիչ: Փառք Աստծո, մեր ուսուցչական կոլեկտիվում կա մեծ ըմբռնում, կարծես թե, մեզ մոտ ոչինչ չի փոխվել, այլ հնի շարունակությունն է փոխարինված նորով: Եվ կարծում եմ` մեր դպրոցի համակազմի վերաբերմունքը շատ  ավելի  բարյացկամ է, քան նախկինում, որովհետև իրենք շատ լավ գիտակցում են, որ ճիշտ է, երբ դպրոցում ղեկավարում է իրենց միջից որևէ մեկը: Թող ներեն ինձ, եթե ես ինչ-որ մի տեղ սխալ կգտնվեմ, բայց դրսից եկածը այդքան էլ լավ չի ճանաչի տարիների փորձ ունեցող ուսուցիչներին: Իսկ այդ առումով գուցե մեր բախտը բերել է, որ դպրոցի ղեկավարը կոլեկտիվի անդամ է: Իհարկե, միևնույն ժամանակ ծանր է, երբ կին է ղեկավարը, որովհետև տղամարդը շատ ավելի թեթև է մոտենում յուրաքանչյուր հարցի, մինդեռ կնոջ միտքը, կնոջ ըմբռնումը ավելի խորն է: Այդ առումով և՛ հեշտ է, և՛ դժվար կնոջ համար:
Օրվա կեսը ղեկավարելով դպրոցը, լինելով նաև մանկավարժ, տանը կարողանո՞ւմ եք մոռանալ այդ ամենն ու լիցքաթափվել, թե՞ տանն էլ եք ղեկավարի դերում շարունակում մնալ:
Շատ հետաքրքիր հարց տվեցիք, ուրեմն` ոչ թե օրվա կեսը, այլ օրվա մինչև վերջին հատվածը` կլինի 18:00-ն, թե 20:00-ն, ես դպրոցում եմ: Այստեղ կա նաև Աստծո նախախնամությունը, գուցե շատ շատերին ավելի բարդ կլիներ այդ հարցին պատասխանել,  բայց ինքս չունենալով իմ անձնական զավակները` իմ ամբողջ նվիրումն ու սերը տվել եմ դպրոցին: Իսկ տանը, կարծես թե, ոչ մեկի առաջ պատասխանատվություն չունեմ, որը ինչ-որ տեղ շատ վատ է, բայց ինչ-որ առումով լավ, որովհետեւ ամբողջ էությամբ նվիրվում եմ դպրոցին: Եվ իմ ամբողջ հոգսերը սկսվում և ավարտվում են Երևանի համար 192 հիմնական դպրոցում` իմ աշակերտների ու նրանց ծնողների հետ:
Ու այդ նվիրման շնորհիվ այսօր ունեք հարյուրավոր աշակերտ երեխաներ:
Այո, 523 աշակերտ, որոնք այսօր կան, իսկ նախկինում եղել են 1700-ը: Եթե ես 1700-ից գոնե 1000-ին  անուն, ազգանունով, դասարաններով հիշում եմ, ապա այժմ շատ ավելի դյուրին է:
Իսկ աշակերտների հետ ծառացած խնդիրները Ձեր միջոցո՞վ է լուծվում, թե՞ ուսուցիչները կարողանում են կարգավորել առանց Ձեր միջամտության:
Ինչպես ասում են` «գոյություն ունի օրենք ստորության» (կատակում է Ա.Թադևոսյանը-հեղինակ): Իհարկե, լուծումները շատ ավելի հեշտ է լինում հարթել դասղեկի և ուսմասվարի միջոցով, բայց ինչքան էլ ուզում են թաքցնել ինձնից կամա, թե ակամա իմանում եմ և անպայման վերջնահանգույցը լուծման իմն է, որովհետև ուզեն, թե չուզեն ուսուցիչն էլ է վերջում գալիս ինձ դիմում, աշակերտն էլ, ծնողն էլ: Ինչ-որ տեղ զարմանում, ինչ-որ տեղ էլ գոհանում եմ, որ մինչև խնդիրը հասնում է ինձ, կարողանում եմ շատ ավելի սառը դատել, որովհետև երկու-երեք օղակում հարցը ուսումնասիրելուց հետո տնօրենին շատ ավելի քիչ բան է մնում և շատ հանգիստ լուծում եմ յուրաքանչյուր խնդիր:
Ի դեմս Ձեզ, աշակերտները պաշտպա՞ն են գտնում, թե՞ իրավացիորեն իրենց պատժող տնօրենի:
Երբ աշակերտը մի որեւէ վատ արարք արել ու զգացել է իր արարքի բացասական հետևանքը, այստեղ միայն խստություն է պետք, պատիժը այդքան էլ ճիշտ չէ: Եթե նախկինում պատժամիջոցը ընդունված ձև էր, ապա այսօր մենք շատ ավելի փոխըմբռնումով ենք լուծում հարցը: Պատժամիջոցը միշտ չէ, որ պետք է, որովհետև ես դեմ եմ ավտորիտար ոճի ղեկավարմանը, ժողովրդավարական ոճը իմ կարծիքով ճիշտ է և իմն է: Մենք կոլեգիալ ենք լուծում մեր բոլոր խնդիրները, մեր ծնողներն էլ գիտեն, որ այստեղ պատժի միջոց որպես այդպիսին չի կարող լինել: Օրինակ` վերջերս մեզ մոտ եղավ աշակերտական խորհրդի ընտրություններ և այդ խորհրդի նախագահի, տեղակալի, քարտուղարի միջոցով նման հարցեր լուծվում են հենց աշակերտական օղակում, որից հետո գալիս է մեր ծնողական խորհուրդը և վերջում ուսուցչական խորհուրդը, այսինքն` օղակ առ օղակ շատ ավելի հեշտ են ծառացած հարցերը լուծվում:
Ձեր աշակերտների ծնողներից շատերը ժամանակին Ձեր աշակերտներն են եղել, ի դեմս նրանց, այսօր ունե՞նք նոր սերնդի լավագույն ծնողներ:

Հրաշալի ծնողներ ունենք: Աշակերտներ ունենք, որոնց ծնողները` և՛ հայրը, և՛ մայրը, եղել են մեր դպրոցի աշակերտները, ամուսնացել են և հիմա իրենց  զավակներն են գալիս դպրոց: Այնքան հետաքրքիր համադրություն կա. ծնողները՝ լինելով  միջակ սովորողներ, նրանց երեխաներն այսօր գերազանց առաջադիմություն են ցուցաբերում: Չեք պատկերացնի, թե ծնողների կողմից ինչ ուշադրություն է հանդեպ դպրոցը, հանդեպ իր երեխայի: Գուցե նրանք էլ հասկացել են, որ ժամանակին պետք է սովորեին և այսօր այդ բացը լրացնում են իրենց երեխաներով:
Ընդհանրապես մերօրյա աշակերտն ի՞նչ խնդիրներ ունի:
Այսօր աշակերտը շատ ավելի ուզում է հեռանալ դպրոցից, բայց, եթե կա ճիշտ ուսուցիչ, ճիշտ ղեկավար աշակերտը ավելի կմոտենա դպրոցին: Օրինակ, օրերս առաջին դասարանի աշակերտի ծնող թույլտվություն էր խնդրել ինձնից, շրջան մեկնելու մեկ օրով:  Ես այդ պահին ականատես եղա, թե ինչպես էր աշակերտուհին լալիս և թախանձագին խնդրում մորը. «Մամա, ինչո՞ւ ես ինձ տանում դպրոցից, ես չեմ ուզում գալ»: Դա լավագույն գնահատականն էր ինձ համար պարզելու, թե ինչքան են մեր աշակերտները սիրում դպրոցը և ինչքան մոտ են կանգնած մեր դպրոցին: Կոնկրետ մեր դպրոցի համար կարող եմ ասել, որ մեր աշակերտներն ամբողջ օրը զբաղված են դպրոցում: Հաճախում  են  Հայորդաց տան պարապմունքների, սիրով մասնակցում են  ֆիզկուլտուրայի դասերին, որտեղ տարբեր մարզաձեւեր են ուսումնասիրում, մասնակցում են միջմարզային միջոցառումների ու վերադառնում հաղթանակներով: Մենք պարբերաբար ունենում ենք նաև կինոդիտումներ: Այնպես որ, եթե գաք դպրոց, կտեսնեք, որ մինչև ժամը 18:00, 19:00-ն մեր աշակերտները գնում-գալիս են: Նրանք կապված են դպրոցին, որն ինձ համար ամենամեծ փառքն ու պատիվն է:
Ասում են` համակարգիչը 21-րդ դարում փոխարինում է ուսուցչին, ի վերջո, դրա դեմ ինչպե՞ս պայքարել:
Ինձ շատերը կմեղադրեն, բայց ինքս դեմ եմ համացանցին` ոչ մի սոցցանցում չկամ և կարծում եմ` չեմ էլ լինի: Աշակերտն ավելի շատ կենդանի խոսք պետք է լսի: Ավելի լավ է մեկ անգամ լսել, քան տասը անգամ տեսնել: Ուսուցչի կենդանի խոսքն անմիջապես մտնում է աշակերտի ականջն ու հասնում ուղեղին: Իսկ համացանցը, որը դարի մեծ ձեռքբերումն է, թող լինի, դեմ չեմ, բայց աշակերտները ավելի տարվում են դրանով և կարդալն ու լսելը շատ ավելի քիչ է լինում: Իսկ տեսողական ու լսողական հիշողությունը առավել օգնում է աշակերտին: Դա նաև խանգարում է աշակերտին դասերի պատրաստման առումով:
Ավանդական կրթությունից անցում կատարեցինք, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Բոլոնյան կրթահամակարգին: Տեղի՞ն էր այս փոփոխությունը, թե՞, ամեն դեպքում, ավանդական կրթությունն էր լավագույնը:
Կարծում եմ` և՛ ավանդականն էր ճիշտ, և՛ ժամանակակիցը, բայց այն, ինչ ավանդականը տվեց մեզ` մեր սերնդին, գուցե դառնանք 70 կամ, տա Աստված, 80 տարեկան,  երբեք չենք մոռանա մեր սովորածը: Իսկ ժամանակակիցը շատ ավելի շուտ է մոռացվում: Չգիտեմ, թե պատճառն ինչն է, բայց սիրելով ավանդականը ընդունում եմ նորագույնը: Մեր խորհրդային դպրոցի մեթոդները շատ արտասահմանյան երկրներ վերցրեցին հասկանալով, որ այն հզոր է:
Մենք էլ, կարծես թե, վերցրեցինք իրենց վատ մեթոդները:
Գուցե, բայց, ամեն դեպքում, երկուսն էլ պետք են: Ժամանակցի հիմքում ունենալով ավանդականը` ավելի պետք է զարգացնել նորագույնը, սա է լավագույն ճանապարհը:
Եվ որպես տնօրեն, որպես մանկավարժ ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր գործընկերներին:
Ինձ համար դժվար է խորհուրդ տալը,  որպես օրենք շատ ավելի հեշտ է խորհուրդ վերցնելը: Իսկ իմ կոլեկտիվին և կոլեգաներին կցանկանայի, որ նախ առողջ լինեն, երկրորդը` միշտ կարողանան բարձր պահել դպրոցի պատիվը, մեր աշակերտների և ծնողների իրավունքները, որովհետեւ այսօր յուրաքանչյուրը պետք է իմանա իր իրավունքն ու պարտականությունը: Եթե ես գիտեմ իմ իրավունքն ու պարտականությունը, հաստատ չեմ  տապալվի: Եվ կուզենայի, որ մեր դպրոցների բոլոր տնօրենները, մեր ընկերները` և՛ ծանոթ, և՛ անծանոթ, միշտ ունենային հաջողություններ և ոչ մի անգամ ոչ մեկի մասին որևէ վատ «նոտա» չլսեի:

Հարցազրույցը` AAD.AM-ի

Print Friendly
Facebook