Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Տնտեսություն

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Միջազգային լրահոս

Վերլուծություն

Հասարակություն

Բարեգործություններ




Աննա Մայիլյան. «ՈՒՂՂԱԿԻ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ»

27.10.2013 | 15:34

ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել և նվիրում է հայ ազգային երաժշտության անաղարտ մատուցմանը, պահպանմանն ու տարածմանը: Իր արվեստով էժանագին երաժշտության, օտարածին անճաշակությունների դեմ պայքարող առաջամարտիկ երգչուհու հետ էլ ծավալվեց մեր զրույցը` անդրադառնալով հոգևոր և դասական երաժշտությանը, ինչպես նաև հայրենիքին ու վաղվա սերնդին:

- Արդեն 20 տարուց ավելի է երգարվեստում եք, հետադարձ հայացք նետելով` ի՞նչ կցանկանայիք փոխել և ինչի՞ համար եք ափսոսում:

- Արդեն քսաներկու տարի է բեմում եմ: Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, քանի որ Աստված միշտ առաջնորդել է ինձ, և դա ես զգացել եմ ամբողջ էությամբ: Իմ միակ ցանկությունն է առ այսօր ունենալ լուրջ կազմակերպչական կառույցներ, որոնք կզբաղվեն դասական մշակույթով: Ցավոք, այս ասպարեզում ոչինչ չի փոխվում: Այդ իսկ պատճառով տարիներ ի վեր ինքս եմ զբաղվում նման աշխատանքով: Տարիներ առաջ ղեկավարում էի «Սաղմոս» մշակութային կենտրոնը, որը ներկայացնում էր երիտասարդ երաժիշտներին, իսկ այսօր արդեն հիմնել եմ Մայիլյան  երգարվեստի կենտրոնը, որն էլ շարունակում է այդ գործընթացը:

- Հեռուստաեթերից հազվադեպ են հնչում հոգևոր, դասական երաժշտություն: Հայ ունկնդրի ճաշա՞կն է փոխվել, թե՞ հեռուստատեսությունն է որոշել նոր սերնդին այդպես «դաստիարակել»:

- Ասվում է, որ ամեն բան պահանջարկից է, բայց, ես կարծում եմ, որ լրատվամիջոցները պետք է դաստիարակչական բնույթ կրեն:  Եթե մեր երկրում գործեն դասական ոլորտի լուրջ կազմակերպություններ այս հարցի ցավոտ կողմը կվերանա:

- Իսկ մեր իրականությունում արդյո՞ք հայ հոգևոր և դասական երաժշտությունը կհարատևի:

- Եթե դարեր ի վեր մեր ազգը կարողացել է պահպանել և փոխանցել մեր հրաշք երգերը, ապա նման հարց ընդհանրապես չպետք է ծագի: Այլ հարց է այս գանձը` հայոց հարուստ մշակույթը, պահպանելն ու աշխարհին հասցնելը: Այ, այստեղ մենք շատ անելիք ունենք:

- Դուք նաև դասավանդում եք, վաղն ի՞նչ սերունդ է գալիս, որը հայ երգարվեստի ապագան կլինի:

- Այո, ես դասավանդում եմ Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում ու պետք է ասեմ, որ բավականին լավ ձայներ ունենք: Եվ այստեղ կարող ենք հանգիստ լինել, ձայների պակաս մենք երբեք չենք էլ ունեցել: Բայց կան տարբեր կրթական և այլ կազմակերպչական խնդիրներ: Պետք է կրկնվեմ` մեզ պետք են արհեստավարժ երաժշտական կազմակերպություններ ու, իհարկե, հիմնադրամներ, որոնք կաշխատեն զուտ դասական մշակույթի ոլորտում և այդ ոլորտի զարգացման համար:

- Շատարվեստագետներնաևքաղաքականությամբենզբաղվում` փորձելովայդասպարեզումհանրօգուտգործունեությունծավալել: Հնարավո՞րէ, որմիօրԱննաՄայիլյաննէլհամալրինրանցշարքերը:

- Ինչու ոչ, բայց կարծում եմ ներկա պահին ես դրա ժամանակը չունեմ: Իմ նպատակն է հնարավորինս իմ կատարողական արվեստով ծառայել մշակույթին, իսկ ապագայում` կտեսնենք: Ամեն դեպքում, եթե նման բան պատահի, վստահ եղեք, որ ձևականություններ չեն լինի. ես երբեք կողմ չեմ եղել հանուն կարիերայի դավաճանելու իմ սկզբունքները: Ներկա դրությամբ անդավաճան, ուղղակի իմ կատարումներով ծառայում եմ իմ հրաշք հայ մշակույթին` աշխատանքով և երիտասարդ երգիչների սերունդներ դաստիարակելով:

- Ձեր ֆեյսբուքյան գրառումներում հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցներին հաճախ կոչ եք անում կամ վերադառնալ հայրենիք, կամ էլ զուր չխոսել հայրենասիրության մասին: Ի՞նչը Ձեզ կարող էր ստիպել հեռանալ հայրենիքից:

- Կյանքիս ընկերոջ հայտնվելը իմ կյանքում, միայն դա: Եթե կնոջ կյանքում հայտնվում է այն տղամարդը, որին պետք է հետևես, ապա այդտեղ հարցեր չեն ծագում:

- Այսօր հայուհու կերպարը, ցավոք, փոխվում է, Ձեզ ինչպե՞ս է հաջողվում մնալ իսկական հայուհի` իր կոլորիտով, մտածելակերպով ու ավանդույթներին հավատարիմ:

- Չեմ կարծում, որ անսովոր պահելաձև ունեմ: Ուղղակի, սիրում եմ իմ հայ լինելը և տանում եմ այդ զգացումը մեծագույն բերկրանքով: Իսկ երբ երգում եմ իմ գանձերը, վերը նշված բոլոր զգացումները կրկնապատկվում են:

-Մի տեսակ այնպիսի տպավորություն է, որ մեծատաղանդ արվեստագետն այսօր գնահատվում է, ըստ արժանվույն, միայն հետմահու: Արդյո՞ք մեր իրականությունն այդքան խավարի մեջ է:

- Սա ցավալի հարց էԱյո, նման բան կա մեզանում, կարծում եմ` սա սովետական մնացորդ է: Բայց սա միայն արվեստագետներին չի վերաբերում: Արդյո՞ք մենք ուշադիր ենք մեր հարազատներին, ընկերներին, բարեկամներին հենց իրենց կյանքի օրոք: Համամարդկային խնդիր է:

- Ձեր երկրպագուներին ի՞նչ նորություններ են սպասվում աշնանը:

- Ես ծրագրերից երբեք չեմ խոսում: Իսկ երբ ունենում եմ հետաքրքիր համերգային նախագիծ, մեկ շաբաթ առաջ հայտնում եմ այդ մասին թե´ հեռուստաալիքների եթերից, եւ թե´ ինտերնետային տարբերակով:

-Ի՞նչ խորհուրդ կտաք դասական, ինչու ոչ` հոգևոր  երգի ուղին բռնած սկսնակ կատարողներին, որոնց բավական քարքարոտ ճանապարհ է սպասվում:

- Ուղղակի սիրել այն գործը, որը սկսել են: Երբեք չի կարելի մտածել, որ դա կարիերա է:  Այդ ուղին միայն նվիրյալներին է պատկանում, ըստ այդմ, պետք է բավական հոգեկան և ֆիզիկական աշխատանք թափել ու այդ քարքարոտ եւ փշոտ ճանապարհը շուտով ծաղիկների արահետի կվերածվի:

Հարցազրույցը` AAD.AM-ի

Print Friendly
Facebook