Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆ. «…աշխատում եմ շատ քիչ մարդկանց հետ, ովքեր գոհացնում են թե’ իրենց մարդկային տեսակով, եւ թե’ պրոֆեսիոնալիզմով»

01.11.2012 | 15:01

Հայ երաժշտական ասպարեզի մասին պատեհ անպատեհ առիթներով մենք հաճախ ենք լսում տարբեր մարդկանց կարծիքներ: Եվ հաճախ էլ տեսնում ենք, թե ինչպես են ոլորտի մասնագետները լռում, ու ցավոք սրտի, հայ երգարվեստի բոլորիս հանդիպած տգեղ երեւույթները այդպես էլ չեն մաքրվում ու բյուրեղյա տեսք ընդունելու փոխարեն ավելի ու ավելի մշուշոտվում են, հեռվանում մեզանից: Այս եւ այլ մեզ հուզող հարցերին կպատասղանի Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս, երգահան Նարինե Զարիֆյանը:

Գո՞հ եք մեր երգարվեստից:

Ոչ, չեն գոհացնում այն երգերը, որոնք հնչում են, սկսած նրանից թե ով է գրում: Յուրաքանչյուր փողոցում հանդիպող մարդ էլ մեր այժմյան «աստղերի» համար երգ գրելու ցանկություն ունի: Գրում են մեղեդանման մոտիվներով, եւ գործիքավորողները այն վերածում են ստեղծագործության:

Հիմա հիմնականում այնքան շատ են հայերենով թարգմանված թուրք-տաջիկական երգերը, որ երգարվեստի մասին խոսելն ավելորդ է դառնում: Էստրադան ռաբիսացված է, ռաբիսն էլ վերածվել է էստրադայի: Իսկ ճաշակով երաժշտությունը, ցավոք սրտի որակում են ֆորմատից դուրս:

Ըստ Ձեզ ի՞նչ պետք է ձեռնարկի կոմպոզիտորների միությունը:

Մի քիչ հետ են քաշվել այն դեպքում, երբ պետք է ավելի ակտիվ լինել: Կոմպոզիտորները շատ քիչ են: Կոմպոզիտորները կոչված են ոչ միայն մեղեդիներ գրելու, այլեւ սիմֆոնիաներ եւ ավելի լուրջ երաժշտական աշխատանքներ կատարելու համար:

Թուրքական երգից մինչեւ իսպանական կրկնօրինակումներ, ի՞նչ կասեք այս մասին:

Երկուսն էլ վատն են, հատկապես, որ դրանց ավելացնում են նաեւ իրենց ձեռագիրը եւ այս տեսակն էլ հանդիսանում է ճաշակ քարոզողը եւ ինչու չէ նաեւ թելադրողը: Դրա համար էլ շատ կոմպոզիտորների աշխատանքներ դուրս են մնում մեր իրականությունից: Ինչ վերաբերում է ինձ` ես դասական երաժշտությունը սինթեզում եմ ջազային, ժողովրդական երաժշտության հետ, որը անվանվում է սիմֆո-պոպուլյար ժանր, որը տարածված է ամբողջ աշխարհում: Ամեն ինչի հիմքը դասականն է: Երիտասարդները շատ լավ են ընկալում իմ գրած երգերը: Գրում եմ նաեւ JAZZ-FUNK ոճում:

Ովքե՞րենՁեզմոտգալիսեւո՞ւմհետեքհաճույքովաշխատում:

Շրջանակը շատ մեծ է: Համագործակցում եմ Ֆիլարմոնիկ նվագախմբի հետ, որոնք շատ են հնչեցրել իմ ստեղծագործությունները: Համագործակցում եմ Ռուբեն Հախվերդյանի հետ: Գործիքավորել եմ նրա «0-ից 100 տարեկան» անվանումով գիրք-CD-ն, որի մեջ տեղ գտավ նաեւ իմ ժողովրդական երգերի մշակումները: Այժմ վերջացրել եմ նրա 60-րդ CD-ն, որը մատուցել եմ նոր ձեւով, կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի նվագակցությամբ: Շնորհանդեսը կլինի շուտով: Համագործակցում եմ «Կադանս» անսամբլի հետ, շնորհիվ որի իմ ստեղծագործությունները տարածվել են ամբողձ աշխարհում: Համագործակցում եմ Հայաստանի փոքրիկ երգիչների հետ: Աշխատում եմ Սոնա Շահգելդյանի հետ, որը իմ կարծիքով Հայաստանի լավագույն երգչուհին է: Շուտով նա էլ հանդես կգա նոր ծրագրով: Աշխատում եմ նաեւ հայտնի կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի եւ էլի շատ ու շատ վառ անհատականությունների հետ: Ի դեպ միակ կոմպոզիտորն եմ, որ գրում եմ նաեւ կիթառի եւ կամերային նվագախմբի համար:

Ի՞նչ կփոխեիք ոլորտում:

Կարգելեի ցածրորակ երաժշտությունը հեռուստացույցով ներկայացնելը: Երեխաներին պետք է մատուցել հաճելի երաժշտություն:

Ի՞նչ կհորդորեիք մարդկանց:

Թող վերացնեն իրենց մեջից մեծամտություն կոչվածը, քիչ մեծ-մեծ բաներից խոսեն եւ ավելի շատ աշխատեն: Շատ աշխատանքը ավելի շատ արդյունք է բերում: Թերեւս նմանատիպ վատ երեւույթներն են պատճառ դառնում, որ աշխատում եմ շատ քիչ մարդկանց հետ, ովքեր գոհացնում են թե’ իրենց մարդկային տեսակով, եւ թե’ պրոֆեսիոնալիզմով:

Ի՞նչ կմաղթեք երգիչներին:

Երգե’ք որակյալ երաժշտություն, մի’ խուսափեք պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից:

Հարզազրույցը վարեց Մամիկոն Խուրշուդյանը

Print Friendly
Facebook