Իմ պաշտելի Հայաստան,
Իմ տանջված, բայց տոկուն և աշխատասեր հայ ժողովուրդ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
2024-ը բոլորիս համար աշխատանքային, կառուցելու և զարգացման տարի էր։
2024-ին մենք ևս մեկ տարով իմաստնացանք, տարբերեցինք չարն ու բարին, զուսպն ու գռեհիկը, կիրթն ու տգետը։
Տարին անցավ հարաբերական խաղաղության մեջ և մեր երկրի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր ակնկալիքները տեղափոխվեցին 2025 թվական:
Իմ շատ սիրելի մտերիմներ, ընկերներ ու բարեկամներ,
2025-ը կարևոր է մեր միասնականության պահպանման, նոր մտքերի ու գաղափարների իրականացման և այլ ծրագրերի ստեղծման համար:
Այս տարի մենք նշելու ենք Արցախյան Ազատամարտի հերոս, ՄՀՆՋ հրամանատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանի 70 ամյակը և տարվա ընթացքում կլինեն հերոսի հիշատակին նվիրված միջոցառումներ։
Կարևոր է նաև շարունակել «Հայրեններ 4» գրաշարի հրատարակումը, ինչպես նաև այն ներկայացնել Հայաստանում և Սփյուռքի գաղթօջախներում։
Կարևոր է նաև տարվա ընթացքում մեր մեծերին ու վիրավոր հերոսներին ներկայացնելը և բարձր գնահատանքի արժանացնելը։
Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր նախաձեռնություններին, շարունակել Հայրենիքի ազատության համար ընկած տղերքի գործերն ու առաքելությունները, լինել հայապահպան բոլոր միջոցառումների կողքին, հարգել որդեկորույս ծնողներին։
Իմ հայ ժողովուրդ,
Ցանկանում եմ, որ 2025-ը բոլորիս համար լինի առողջության, ձեռքբերումների և հաղթանակների տարի։
Թող 2025-ը՝ իր արևշատությամբ, արգասաբերությամբ և բարեբերությամբ ողողի բոլորիդ սրտերը, հոգիները, տները:
Թող ընտանիք բառը երբևէ չկորցնի իր իմաստն ու նշանակությունը, իսկ դուք ապրեք հանգստության, խաղաղության և սիրո հաճելի մթնոլորտում։
Աստված պահապան բոլորիս…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…