AAD.am «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՐՑԱԽ, ՍՓՅՈՒՌՔ» 15-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը սպասված միջոցառում է հայ հասարակության համար, որը 15 տարվա ընթացքում եղել է բազմաթիվ գործիչների մեծարման ու արժևորման հարթակ։
Մրցանակաբաշխության կազմակերպչական հարցերի կապակցությամբ մի քանի հարց ենք ուղղել մրցանակաբաշխության հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանին:
- Պրն Խուրշուդյան, AAD.am «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՐՑԱԽ, ՍՓՅՈՒՌՔ» մրցանակաբաշխությունը 15 տարեկան է, ի՞նչ անակնկալներ են սպասվում այս տարի։
-Մրցանակաբաշխությունը տարին ամփոփելու, գնահատելու և մեր քայլերը վերանայելու հրաշալի միջոց է։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կան անակնկալներ, որոնք հուզիչ են, արժանի հիացմունքի ու դրվատանքի խոսքերի: Մենք ունենք մեծեր, որոնք անուշադրության են մատնված, ունենք արվեստի ճյուղեր, որոնք չեն հիշատակվում և այդպես շարունակ: Մենք տարեվերջին գնահատում ենք վերը նշված հայորդիներին։ Առավել ուշադրության կարժանանան արվեստի որոշ ճյուղերի ներկայացուցիչներ։
Այո՛, կան շատ անակնկալներ:
- Այս տարվա հրավիրյալներն արդե՞ն հայտնի են։
-Դեռևս ուրվագծվում է հյուրերի ցանկը։ Կան մարդիկ, որոնք կարևոր առաքելություն ունեն մրցանակաբաշխության ժամանակ, բայց նույն դեմքերը հաստատ չեն լինելու։ Մարդիկ կան, որ տարվա ընթացքում ծպտունները դուրս չի գալիս, բայց միջոցառման օրերին սկսում են աշխուժանալ ու իրենց ներկայացնել, որը ճիշտ չէ։ Օրինակ կան շնորհալի գրողներ, երաժիշտներ ու լրագրողներ, որոնց մի կերպ ենք բացահայտում և իրենց զուգահեռ կան ալարկոտներ, միջակներ, որոնք սովորաբար ավելի հավակնոտ են լինում։ Բացառում եմ նման դեպքերը։
- Ամենասպասված մրցանա՞կը:
-Հերոսինն է։
- Ոգեղեն մրցանա՞կը։
– Մարզիկինն ու Ուսուցչինը։
- Ի՞նչ կավելացնեք:
– Խելացիներին՝ սեր և խաղաղություն, անխելքներին խելք և մոլորությունից դուրս գալու հնարավորություն։
Նյութը AAD.am-ի