- – Պրն Խուրշուդյան սեպտեմբերի 1-ին կկայանա Ձեր հեղինակած «Հայրեններ 3» գրքի շնորհանդեսը: Ի՞նչ անակնկալներ եք պատրաստել այս անգամ:
– «Հայրեններ 3» գիրքը 44 օրյա պատերազմի ժամանակ վիրավոր հերոս քսանհինգ տղաների մասին է, որոնց պատմությունները շատ հուզական են, ազդեցիկ ու հպարտության արժանի: Տղաներից շատերը մինչ օրս էլ դեռ չեն կազդուրվել և նրանց ապրումներն ու պատմությունները սինխրոն կերպով աչքերիդ առաջ բերում են պատերազմ կոչվող արհավիրքը՝ իր բոլոր դաժանություններով հանդերձ:
- – Դժվա՞ր էր այդ պատմությունները թղթին հանձնելու գործընթացը:
– Դժվարը մեղմ է ասված: Դու ինքնաբերաբար ապրումակցում ես, քեզ շատ փոքր ես զգում, կյանքի հանդեպ ունենում ես հակասական զգացողություններ, փորձում ես ամեն դժվարություն հաղթահարել տղերքի օրինակով:
Հենց անելանելի իրավիճակում եմ հայտնվում, ինքս ինձ ուժ եմ տալիս՝ հիշելով տղերքին: Եթե Ներսեսն ու Առնոն կարողացել են, ուրեմն ես էլ կարող եմ:
- – Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ին:
– Արտառոց ոչինչ, ժամը 17:00-ին Ժամանակակից Արվեստի թանգարանում, Մաշտոցի 7 հասցեում կհավաքվենք տղաների կողքին կանգնած նվիրյալներով, կխոսենք գրքի ստեղծման մասին, կներկայացնենք մեր տղաներին ու կգոհանանք, որ Աստված նրանց 2-րդ կյանք է պարգևել:
- – Կա՞ն շնորհակալական խոսքեր։
– Շնորհակալ պետք է միշտ լինել,
Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ միշտ մեր կարիքների մասին տեղեկանալու և օգնելու համար, անգամ այն ժամանակ, երբ դեռ քաղաքապետ էլ չէր։ Նա անձնապես լավ ընկեր է մեր տղաներին:
Շնորհակալ եմ վիրավոր տղաների ծնողներին՝ արժանի զավակներ կրթելու և Հայրենիքին նվիրելու համար։
Շնորհակալ եմ Աստծուն՝ վերը նշված մարդկանց ու շրջապատող բոլոր հարազատներիս կողքիս պահելու և 24 ժամ մշտարթուն ինձ հետ օրեր անցկացնելու համար: