Հաղթանակի օր

Հեղինակ՝ Nairi Manukyan

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր հայ ժողովրդի փառապանծ հաղթանակի օրն է: 103 տարի առաջ՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հաղթանակներով դրվեց դարերով կորսված հայոց պետականության վերականգման հիմքը: Հայ ժողովրդի՝ ցեղասպանությունից մազապուրծ, հիվանդ, քաղցած, ջլատված ու անպաշտպան բեկորներն, առանց պետական իշխանություն ունենալու, համախմբվեցին հայրենասեր ու տաղանդաշատ զորավարների ու ազգային գործիչների շուրջ, և տղամարդ, թե՛ կին, հոգևորական, մտավորական, թե՛ շինական ոտքի ելան և հերոսաբար մեր Հայրենիքը մաքրեցին ու փրկեցին թուրք ենիչերներից, տոնեցին մեծ հաղթանակ։ Այսպիսով, եղեռնի, գաղթի, համաճարակի հրեշավոր քուրայով անցած հայության փշրանքները բռունցքվեցին ու ողբի ու որբի հողակտորի վրա ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ճակատագրի դառը հեգնանքով դարձյալ հայտնվել ենք ծանրագույն պայմաններում, կրկին վշտահար, հուսահատ ու ալեկոծ, հայրենազրկված, որդեկորույս ու մոլորված է հայ ժողովուրդը, կրկին ադրբեջանական հրոսակները մեր սահմաններին են: Սիրելի՛ հայրենակիցներ, վտանգված է ամենագլխավորը՝ մեր պետության անվտանգությունը, փոքրանում է մեր առանց այն էլ կուչ եկած ու փոքրացած Հայրենիքը։ 103 տարի առաջ չունեինք պետություն և պետականություն, սակայն հաղթեցինք։ Այսօր՝ ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության, ռազմավարական գործընկերների և միջազգային ատյանների առկայության պայմաններում, մեր իշխանությունները վարում են պարտվողական, վախվորած ու զգուշավոր քաղաքականություն: Իշխանության կողմից չի հնչում հասարակությանը ոգևորող ու համախմբող որևէ խոսք, չեն ձեռնարկվում անհրաժեշտ դիվանագիտական, ռազմական, կազմակերպչական և այլ միջոցներ։ Վկան այն վիճակն է, որի մեջ հայտնվել ենք…Հրամայական պահանջ է՝ շտկել Հայոց պետության վնասված ողնաշարը, ծռված մեջքը, ուժ գտնել մեր մեջ և համախմբվել, վերջ դնել հասարակության կործանարար պառակտմանը՝ քաջ գիտակցելով, որ հապաղումը հավասարազոր է… Ցավոք, ժամանակը վաղուց մեր օգտին չի աշխատում: Բոլորիս մտքից և հոգուց դե՛ն նետենք պարտվողականությունը և հիշե՛նք, որ մենք հետնորդներն ենք Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Սերոբի, Սոսեի, Անդրանիկի, Նժդեհի, Սիլիկյանի, Փիրումյանի, Մանուկյանի, Նազարբեկյանի, Մոնթեյի, Վազգենի… Մենք այս հերոսների սերունդն ենք և իրավունք չունենք ծնկած ապրելու: Մեր հազարավոր զոհերի արյունն ու վիրավորների դեռ չմարած հառաչանքները մեզանից պահանջում են լինել սթափ ու վճռական, մեր միասնականությամբ վերջ դնել մեզ պարտադրված անպտուղ և անգործունակ քաղաքականությանը, դուրս գալ ամենակուլ աղետի ճիրաններից և երկիրը դուրս բերել նոր ուղեծիր: Մեր պապերի օրինակով մենք պետք է ունենաք համազգային երազանք ու տեսլական՝ ապրենք ազգային զարթոնք, ունենանք վերընձյուղվելու ձգտում, մեր պետությունը վերակառուցելու ընդհանուր կամք և վճռականություն։ Եվ այդ բաղձալի վերածննդին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ՝ իր հնարավորությունների սահմաններում: Մենք կարող ենք արդյունքների հասնել միայն միաբան ու միակամ ժողովրդով և փորձառու, խելացի, հավասարակշռված ղեկավարներով՝ մարդիկ, որոնց խոսքը կշիռ ունի, ովքեր գիտեն կազմակերպել և համակարգել, ապահովել բնակչության անվտանգությունը, ծառայել և կառավարել, ովքեր կարող են հաստատակամորեն որոշումներ կայացնել, մարդիկ, ովքեր պատասխանատվություն են ստանձնել և կատարել հանձնառությունը, ծառայել են բանակում, անցել պատերազմի բովով, գիտեն արտաքին աշխարհում մեր ազգային շահն արժանապատիվ ներկայացնել, բանակցել ռազմավարական գործընկերների հետ և ստիպել միջազգային ատյաններին՝ իրենց հետ հաշվի նստել…Արթնացե՛ք, քույրե՛ր և եղբայրնե՛ր, ժամն է երկրի փրկության, մեր սահմանների պաշտպանության։ Մայիսի 28-ի խորհուրդն է համախմբել ազգը և արձանագրել հաղթանակներ: Եկե՛ք չհուսալքվենք, չվհատվենք, հավատանք ինքներս մեզ, մեր հավաքական հզոր ներուժին, մեր հզոր մտքին, կամքին ու բազկին, հավատանք Հայոց հանճարին և Հայրենիքի, Արցախի ու Սփյուռքի միասնությամբ, կազմակերպվածությամբ, սիրով, հույսով ու հավատով կերտենք մեր վաղվա անվտանգ, ապահով ու հզոր Հայաստանը՝ մեր երազանքների Հայաստանը:

0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն