Մայրենիի օրվա առիթով այցելություն էր կազմակերպվել Օշական

Հեղինակ՝ Nairi Manukyan

Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես Մայրենի լեզվի օր: 2005 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի կողմից օրենքի նախագիծ է դրվում քննարկման, ըստ որի փետրվարի 21-ը ՀՀ-ում նույնպես հռչակվի որպես Մայրենի լեզվի օր: ՀՀ ԱԺ-ի կողմից նախագիծն ընդունվում է և Մայրենի լեզվի օրը նշվում է ամեն տարի: Հայաստանում օրվա խորհրդին նվիրված միջոցառումները սկսվել են Օշականի եկեղեցում ամփոփված Հայ գրերի գյուտի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին այցելությունից: Մայրենիի օրը մեծ նշանակություն ունի ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի համար և տարիներ շարունակ նախարարը գիտաժողովների, մրցանակաբաշխությունների, շարժումների միջոցով համայն հայության ուշադրությանն է հրավիրում մայրենի լեզվին առնչվող խնդիրներին:

Տիկին Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության ՙՄայրենիի դեսպան՚ մեդալը: Անց էր կացվում ՙՄայրենիի պաշտպան՚ մրցանակաբաշխությունը: Դեռևս 2012-ին Հայաստանում և Սփյուռքում Հրանուշ Հակոբյանի անմիջական կազմակերպմամբ իրականացվել է ՙՏանը խոսենք հայերեն՚ շարժումը: Ըստ տիկին Հակոբյանի անտարբերությունը մայրենիի նկատմամբ հավասարազոր է դավաճանության: Նրա խոսքով, հայերը պետք է մայրենիի նկատմամբ անսահման սեր ցուցաբերեն և պարտավոր են այն անաղարտ պահել:

Ավանդույթը չխախտելով, փետրվարի 21-ին մի խումբ հայորդիներ տարբեր ոլորտներից այցելեցին Օշական, ծաղիկներ դրեցին Սբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին: Այնուհետև Օշականի գրադարանում հանդիպեցին գրադարանի տնօրեն Արև Գևորգյանին: Գրադարանի պատմությանն ու անցած ուղուն ծանոթանալուց հետո ներկաները հաստատությանը նվիրեցին պետական գործիչ Հրանուշ Հակոբյանի հեղինակած ՙՀիշում ենք ու պահանջում՚ գիրքը:

Մեծ է Մայրենիի դերն աշխարհասփյուռ հայության համախմբման, ազգապահպանման և ազգային նկարագրի պահպանման, ինչպես նաև օտար ազդեցություններին դիմակայելու գործում: Ինչպես կասեր մեծն վարպետ Ավ. Իսահակյանը. ՙՄեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու՚: Ուստի պարտավոր ենք յուրաքանչյուրս լինել Մայրենի լեզվի արժանի զավակն ու անբասիր տարածողը հանուն Հայրենիքի և Հայ ժողովրդի լուսաշող ապագայի, հանուն ամրության և ինքնության գիտակցման…

быстрый займ 18 лет без процентов
0 Մեկնաբանություն
0

Թողնել մեկնաբանություն