Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բորիս Պեպանյան. <<երկրիդ համար մի լավ բան արա’>>

02.07.2012 | 10:45

 1972 թվականից Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սկսեց իր գործունեությունը ծավալել Բորիս Պեպանյանը: Նրա բնատուր տաղանդը միանգամից նկատվեց Կարպ Խաչվանքյանի կողմից, ով իրեն էր միայն վստահում լավագույն դերերը, եւ մինչեւ այսօր, նույն թատրոնում, բայց եւ այնպես, ոչ ժամանակավրեպ շարունակում է աշխատել եւ ստեղծագործել: Բորիս Պեպանյանը երբեք չի զլանում կրկնել իր առաջին ուսուցչի ով լինելու մասին.

-Հանճարեղ կատակերգակ Կարպ Խաչվանքյանը: Նա ինձ ասաց, որ ծնվել եմ այս ժանրի համար: Դա եղավ իմ մուտքն այս թատրոն: Ոգեւորված երիտասարդ էի, ուսուցիչս լավ դերեր էր տալիս, չմոռանանք, որ Խորհրդային տարիներն էին, որտեղ արվեստագետը չուներ հոգսեր, չուներ մտածմունքներ, միայն թատրոն եւ ուրիշ ոչինչ, դերեր… դերեր… դերեր…: Մի դեպք եմ հիշում, որ գուցե երբեք էլ չմոռանամ` խաղացի Կալմանի <<Սիլվա>> օպերետում Բոնիի դերը, մի դեր, որը լավ խաղալու դեպքում կհամարվես այս ժանրի վարպետ, ես դա իրագործեցի, ավարտից հետո Խաչվանքյանը մոտեցավ եւ ասաց. <<ты мой герой>>: Նրանից այնքան բան սովորեցի, որ հիմա երիտասարդներին եմ տալիս այդ ամենը, իհարկե խելացիները վերցնում են, ու ես դա տեսնում եմ: Ու հիմա կարծես հիմնականում տվողի դերում եմ, քանի որ յուրաքանչյուր արտիստ իր ժամանակահատվածի համար է, եւ ես արդեն հետին պլան եմ ընկնում, դա կյանքի դիալեկտիկան է:

-Ովքե՞ր են այն գրողները, արվեստագետները եւ ընդհանրապես մարդիկ ովքեր ստիպել են Ձեզ սովորել եւ հիանալ:

-Զարմանալի բան է. Ես հիացած եմ պարսկական փիլիսոփայությամբ, պոեզիայով` Օմար Խայամ,Ֆիրդուսի: Նրանց կարդալով ես ապշում եմ, ի~նչ փիլիսոփայություն ունի այդ հնագույն աշխարհը: Իսկ հայկականը իմ կուռքն է, իմ պաշտելին է Հ. Թումանյանը: Եթե նա ոչինչի էլ չգրեր, միայն <<Գիքորը>> գրեր բավական է, որ նա դառնար հանճարեղ. պաշտում եմ, խոնարհվում եմ այդ մեծության առջեւ: Եւ այն դպրոցը, որ ես ստացա ինստիտուտում Ռուբեն Զարյանի, Լուիզա Սամվելյանի, Լեւոն Հախվերդյանի շնորհիվ մտա ամբողջ անտիկ աշխարհը` Արիստոտել, Պլատոն, այնուհետեւ Մաքիավելի  քանի մեծանում եմ ավելի եմ հասկանում եւ հիանում նրանցով: Ընդհանրապես արվեստ եմ  համարում  անտիկ աշխարհը եւ Վերածնունդը: Ոչ թե դեմ եմ նորին, այլ իմ հոգին է այն:

-Ո՞վ եղավ այն մարդը, որ օգնեց Ձեզ կայանալ, ընտրել այս ասպարեզը:

-Մայրս… Մենք հինգ երեխա ենք եղել, եւ բոլորիս մեջ սերմանեց սեր դեպի արվեստը: Իսկ ընդհանրապես մասնագիտություն ընտրելը թողեցին ինքնուրույն իրագործել: Երբ արդեն թատերականի ուսանող էի, հայրս հարցրեց ինձ, թե որտեղ եմ սովորում, ասացի թատերական, նայեց վրաս, ու ասաց. <<Է~հ բալես դու ընտանիք պահո՞ղ ես>>:

-Այսօր գո՞հ եք, որ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

-Ոչ, ի՞նչ եք ասում, ահավոր վիճակ է արվեստագետի համար, ծանր է շատ: Եւ ո՞ւմ բողոքեմ, իշխանությա՞նը, թքած ունեն քո ասածի վրա, օլիգարխները աշխարհը վերցրել են իրենց ձեռքը, եւ անիմաստ է դառնում քո խոսքը: Ու արդեն համոզվել եմ` ճշմարտություն որոնողը հիմար է: Չկա այդպիսի բան, փնտրողները տապալվում են, մարտիրոսանում, ու մեզ մնում է միայն ոգեւորվել ներկայացումներով, կինոներով, արվեստով:

Դարձել ենք անտարբեր, խոսքը դարձել է դատարկություն, ապա լսեք մեր քաղաքական գործիչների ելույթները` ծիծաղդ է գալիս, գոնե 1 տոկոս օգտակար լինեն ազգին` դա էլ չկա, կամ հեռու մի գնացեք միացրեք հեռուստացույցը, ինչքան էժանագին է ամեն ինչը:

-Որտե՞ղ փնտրենք սխալները, եւ ինչպես լուծենք այն:

-Մեր մեջ, ինքներս ենք մեղավոր, եթե ազգս ի վիճակի է ընտրություններին վաճառել իր հոգին, վերջացավ, ի՞նչ մատերիաների մասին կարող ենք խոսել, հիասթափություն եմ ապրում, վիրավորված եմ…, մարդիկ կան, որ միայն ստամոքսով են մտածում: Փաստորեն երբեք էլ մեզ պատմությունը դաս չի տալիս: Մեր հանդիսատեսը այսօր ծայրահեղ է դարձել, եւ դրա միակ մեղավորը հեռուստատեսությունն է, ժողովուրդն արդեն կարծում է դա է արվեստը, ինչքան էլ խոսենք չեն փոխում գործելակերպը, ձայն բարբարո հանապատի: Ինչքա՞ն կարելի է մատի ծծած սցենարներ գրել, ինչքա՞ն կարելի է լուրջ-լուրջ ընդմիջումներով, դատարկ հայացքներով եւ անիմաստ խոսքով գժվեցնել ժողովրդիս, ինձ թվում է դա հատուկ է արված` բթացնել ազգին: Եւ միակ լուծումը ինքնամաքրման մեջ եմ տեսնում:

    Երիտասարդներ գնացե’ք առաջ, հավատով գնացե՜ք, դեպի նպատակը գնացե՜ք, մակարդակ, մակարդակ, մակարդակ, կիրթ եղեք, հարգեք, որպեսզի նույն ձեւ պատասխան ստանաք: Հանուն հայրենիքի մի քար դրեք բազիսի վրա: Երկրիդ համար մի լավ բան արա’:       

Գեորգի Պեպանյանը եւ Մամիկոն Խուրշուդյանը

Հ.Գ. Ի դեպ վերջերս Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր զորակոչվեց նաեւ Բորիս Պեպանյանի կրտսեր որդին` Գեորգի Պեպանյանը, ով իսկապես հավատով գնում է դեպի նպատակը, կիրթ է եւ հանուն հայրենիքի պատրաստ է մի ամբողջ շինություն դնել բազիսի վրա: Շնորհիվ հենց այդպիսի կիրթ մարդկանց` երկրի համար մի լավ բան հաստատ կանե’նք…

Հարցազրույցը վարեց Նելլի Ավետիսյանը

Լուսանկարիչ Աշոտ Հարությունյան

Print Friendly
Facebook