Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ակումբային կյանքը Հայաստանում

09.04.2012 | 10:52

Հայաստանում <<ակումբային կյանք>> եւ <<ակումբային հասարակություն>> արտահայտությունները ժամանակին շատ օտար էին հնչում, սակայն այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է, բացի այն, որ մենք արդեն ունենք կայացած ակումբային հասարակություն, ունենք նաեւ նրա լավ ու վատ կողմերը նկատելի դարձնելու հնարավորություն: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում այդ հասարակության եւ նրան մոտ կանգնած մարդկանց տեսակետները:

Հարցեր են առաջանում ի՞նչ է նշանակում <<Face control>> եւ <<Dress code>> արտահայտությունները, ի՞նչ սկզբունքներ են գործում ակումբում <<թույլատրելի>> անձ լինելու համար, ովքե՞ր են կազմում ակումբային հասարակության մասնիկը:

Արման Միտոյան (Kami ակումբի տնօրեն) – Բավականին լուրջ եմ վերաբերվում <<Face control>>-ին, սակայն լինում են բացառություններ, ընկերներ, բարեկամներ, որոնց մուտքն անխուսափելի է: Իսկ ինչ վերաբերվում է ակումբային կյանքի զարգացմանը, ասեմ որ բավականին լուրջ փոփոխություններ կան, միտում կա ավելի լավին, ինչու չէ նաեւ մրցակցելուն: Քանի որ Վրաստանի հետ էլ շատ ընդհանրություններ ունենք նկատելի է նաեւ, որ այնտեղ էլ զարգացումը բարձր մակարդակի վրա է: Մենք նույնպես ապագայում զարգացված ակումբային կյանք կունենանք:

DJ Vakcina – Իմ կարծիքով ակումբային կյանքն այդքան էլ զարգացած չէ եւ համեմատելու եզրեր չկան արտասահմանյան երկրների ակումբային հասարակությունների հետ, անգամ հարեւան Վրաստանի հետ մրցակցություն չկա: Շատ դեպքերում մթնոլորտն այնքան լարված է անցնում, որ լիցքաթափվելու փոխարեն մարդիկ ակումբից դուրս են գալիս <<լիցքավորված>>: Քանի որ հաճախ մարդիկ գալիս են ցուցադրվելու եւ այլեւայլ նպատակների համար:

Գոհ չեմ մեր ակումբների <<Face control>>-ներից, պետք է ավելի խիստ մոտեցում ցուցաբերել: Նախընտրելի տարբերակ կլիներ <<քյարթու>>-ների մուտքը իսպառ փակ լիներ, որոնք իրենց հերթին բաժանվում են երկու խմբի` <<գլամուր քյարթուներ>> եւ <<ռաբիս քյարթուներ>>: Ես ծայրահեղական չեմ, բայց այնուամենայնիվ շատ նորմալ այցելուների համար նրանք նպատակահարմար չեն եւ վարկաբեկում են ակումբի հեղինակությունը: Պետք է նաեւ ուշադրություն դարձնել աղջիկներին, որոնց վուլգար տեսակը ընդհանրապես ակումբային կյանքի հետ կապ չունի:

Խորհուրդ կտամ մեր երիտասարդներին. շատ բան ձեր ձեռքում է, վայելե’ք կյանքը:

Բելլա Նազարեթյան (De Vinci Group-ի հիմնադիր եւ տնօրեն) – Երբեմն ինձ հարց եմ տալիս արդյո՞ք կա <<Face control>> Հայաստանում: Տարիների ընթացքում հասկացա, որ <<Face control>> չկա, քանի որ բացակայում է ակումբային կյանքում պրոֆեսիոնալիզմը եւ զարգացած չէ ակումբային մշակույթը: Հենց <<Face control>>-ների մոտ բացակայում է ակումբ մուտք գործելու տվյալները, ավելին այդ աշխատանքում նրանք չեն փայլում թե’ արտաքնապես եւ թե’ գաղափարապես:

Իսկ <<Dress code>>-ի մասին պետք է ասեմ, որ կա երկու հասկացություն` <<Dress code>> եւ <<Dress control>>, որը հաճախ <<ակումբային>> եւ ակումբի մուտքի մոտ կանգնած մարդիկ չեն տարբերում իրարից: <<Dress code>>-ը դա վերաբերում է կոնկրետ թեմատիկ միջոցառմանը, որը պարտադրում է բոլորին այդ օրը լինել օրվա համար ֆիքսված հագուստով: <<Dress control>>-ը դա հենց նույն <<Face control>>-ը պետք է ստուգի, որը Հայաստանում թերի է: <<Face control>>-ը պետք է լինի ակումբային մարդ, ճանաչի բոլորին եւ լինի ճանաչված, ունենա ակումբային կյանքի մասին բավարար գիտելիքներ:

Երեւանում ակումբ մտնելը չի նշանակում թե դու պետք է լինես օրիգինալ, ճաշակով ու դրական լիցքերով մարդ. պետք է լինես տնօրինությանը մոտիկ, <<ծախսող>> եւ ունենաս հեղինակություն: Իսկ այն մարդկանց խումբը, որը տարիների ընթացքում եղել են ակումբներում, մասնակցել բոլոր միջոցառումներին եւ ապրում են ակումբային կյանքով, այսօր ակումբից դուրս են գալիս հիասթափված: Կարծում եմ, որ տարիներ առաջ ակումբային կյանքն ավելի զարգացած էր, ուրախ եւ հետաքրքիր, քան հիմա:

Կան մարդիկ որոնք ակումբային հասարակության մաս են կազմում, եւ ժամանակին հաճախ էինք նրանց տեսնում ակումբներում, համոզված եմ, որ նրանք ցանկություն ունեն ակումբ գնալու, սակայն ցավոք սրտի նրանց քանակն էլ գնալով պակասում է: Այսօր ակումբային իրավիճակը ակումբում բացակայում է: Շատերը բացասական լիցքերով են, հաճախ չենք լսում լավ երաժշտություն, իսկ շոու-ն ընդհանրապես բացակայում է, չէ որ լավ երաժշտությունից բացի հաճելի է նաեւ լավ ցուցադրությունը, իսկ սպասարկումը գնահատում եմ զրօ:

Գարիկ Շահվերդյան (Kami ակումբի Face control) – Գոյություն ունեն որոշակի սկզբունքներ, ըստ որոնց կարող ենք թույլատրել կամ չթույլատրել մարդկանց մուտքը ակումբ: Եթե այցելուն առաջին հայացքից վստահություն չի ներշնչում, ունի հանցավոր մարդու կամ անբարոյական կեցվածք, հագնված է գռեհիկ կամ թափթփված եւ ոչ խնամված: Ահա այս պայմաններն են, որոնք մենք հաշվի ենք առնում եւ կիրառում ենք ակումբ մուտք գործելու ժամանակ:

Ակումբ առանց որեւէ ավելորդ խոսակցության մուտք են գործում ճանաչված մարդիկ, անվանական ակումբային քարտ ունեցողները եւ նրանց հյուրերը: Ցանկալի է մուտքը լինի զույգերով:

Նյութը պատրաստեց Նելլի Ավետիսյանը

Facebook