Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՕՎԿԻԱՆՈՍԱԳԵՏԸ` ՀԱՅՈՒՀԻ

04.04.2012 | 09:33

<<Չպե°տք է մտածել սեփական <<ես>> -ի մասին, այլ անդադար աշխատել. կան բաներ, որոնք ավելին արժեն, քան` սեփական կյանքը>>:

Անիտա Կոնտի

                Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ հերոս, հայ ժողովրդի պանծալի զավակ` Հովհաննես Բաղրամյանն իր հուշերում գրել է. <<Ինձ հիացնում է մեր ժողովրդի քանքարավոր գենը: Մշակույթի եւ գիտության բոլոր բնագավառներում հայերը խոշոր  անհատներ են տվել: Անասելի հպարտությամբ եմ լցվում, երբ խոսք է բացվում  երկու հանճարեղ Հովհաննեսների` Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ հերոս` Հովհաննես Իսակովի եւ  <<ծովի անգերազանց երգիչ>>, աշխարհահռչակ ծովանկարիչ, Ռուսաստանի եւ մի շարք երկրների Գեղարվեստի ակադեմիաների ակադեմիկոս` Հովհաննես Այվազովսկու մասին: Զարմանալի է, թե ինչպե՞ս ծով ու օվկիանոս չունեցող Հայաստանը կարող էր նման երկու տիտաններ ծնել>>:

Այս երկու մեծ հայերի կողքին անհրաժեշտ է հիշատակել, մեզանում ցավոք գրեթե անհայտ, սակայն աշխարհն իր խիզախությամբ ու աննկուն էությամբ զարմացրած ու գերած մի հազվագյուտ կնոջ, լեգենդար գիտնականի ու բնախույզի, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ` Անիտա Կոնտիի անունը:

Հայտնի լրագրող, հրապարակախոս, բժիշկ, ծովագնաց Զորի Բալայանը սույն հոդվածի հեղինակի հիմնադրած <<Ծագումով հայ գործիչներ>> հեռուստաշարքում (Հ1), 2007թ. Անիտա Կոնտիին նվիրված հաղորդման կապակցությամբ ասել է. <<Օվկիանոսագիտությանը նվիրված բազմաթիվ գրքերում ու ուսումնասիրություններում հաճախ եմ հանդիպել Անիտա Կոնտի անվանը եւ հիացել այդ լեգենդար կնոջ գործունեությամբ, սակայն շատ մեծ հպարտություն ապրեցի, երբ տեղեկացա, որ այդ աշխարհահռչակ օվկիանոսագետը… հայուհի է: Նա Կիլիկիայի փառապանծ ծովագնացների արժանի հետնորդն է: 2011թ. Մայիսին <<Արմենիա>> նավից Անիտա Կոնտիի  մասին գրած իր հոդվածում Զորի Բալայանը եւս մեկ անգամ իր անկեղծ հիացմունքն է հայտնել այդ հիասքանչ կնոջ հանդեպ, ապա նույն թվականին լույս տեսած <<Հայուհիներ>> երկհատորյակում` նյութեր զետեղել նրա մասին:

Անիտա Կարագոշյանը (ֆրանսերեն` Anita  Caracotchian) ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին` Ֆրանսիայի Էրմոնտ քաղաքում: Անիտայի ծնողները, ծնունդով Կոստանդնուպոլսցի  Լեւոն ու Ալիս Կարագոշյանները յուրահատուկ սիրով էին փայփայում իրենց աշխույժ ու գեղեցիկ դստրիկին` կարծես կանխազգալով, որ ուշիմ  ու  խելացի Անիտային ճակատագիրը հեշտ ուղի չի կանխորոշել:

Անիտան իր հուշերում գրում է. <<Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր, նրանց  տարերքը ճամփորդելն էր: Ես եւ եղբայրս` Ստեփանը մեծացել ենք նրանց ճիշտ  դաստիարակության եւ գրքերի շրջապատում` ճամփորդելով աշխարհի երկրներով ու  ծովերով: Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց  փոթորկոտ ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել>> եւ ժպտալով ավելացնում. <<ասում են, ես ավելի շուտ եմ լողալ սովորել, քան`քայլել>>:

Երբ Անիտան չափահաս դարձավ եւ որոշեց զբաղվել օվկիանոսագիտությամբ շատերը փորձում էին նրան տարհամոզել առաջարկելով այլ` հանգիստ մասնագիտություն ընտրել: Նրանք փորձում էին համոզիչ փաստարկներ բերել, ասելով.  <<Հին ժամանակներից  ի վեր կինը նավի վրա անհաջողության նշան է եւ ողջ աշխարհում այս կանոնը խստագույնս  պահպանվում է ու դու, սիրելի Անիտա, տեսանելի հաջողությունների չես կարողանա  հասնել>>: Միայն Անիտայի ծնողներն էին, որ ոչ միայն չխոչընդոտեցեին իրենց դստեր երազանքի իրականացմանն, այլեւ ոգեւորեցին ու նեցուկ եղան նրան` նպաստելով իրենց կամային ու խիզախ դստերն աներեր մնալ իր որոշման մեջ: Անիտան պատմում է. <<Ինձ  միշտ գրավել է չհետազոտվածը, հանելուկայինը, անհուն սեր եմ տածել ծովի  խորախորհուրդ գաղտնիքների հանդեպ, ձգտել` հնարավորինս բացահայտել դրանք: Երբեք  ոչնչից չեմ վախեցել, հասկանալով, որ բոլոր առաջամարտիկների ճանապարհը միշտ  լեցուն է եղել փշով ու տատասկով եւ երազանքին հասնելու համար պետք է քաջաբար պայքարել:

28 տարեկանում Անիտայի կյանքի ընկերն է դառնում Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի` Մարսել Կոնտին, ով բարձր գնահատելով սիրելի կնոջը` ողջ կյանքում նեցուկ է լինում. հավատալով Անիտայի եզակի ու դժվարին առաքելությանը:

1935թ. գիտական նավարկության էր պատրաստվում ժամանակի  տեխնիկայի վերջին  նվաճումներով զինված <<Թեոդոր Թիսյե>> նավը, որի զուտ տղամարդկանցից բաղկացած անձնակազմում աշխատելու հրավիրվեց 36-ամյա տաղանդաշատ ու խոստումնալից, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ` Անիտա Կոնտի-Կարագոշյանը: Այդ իրադարձությունը լայնորեն լուսաբանող տասնյակ լրագրողներ, ապշած էին նավի վրա  օվկիանոսագետ կնոջ առկայությամբ եւ այդ իրողությունը որակեցին որպես` <<դարի  ամենաանհավանական ու ցնցող սենսացիա>>:

1936-38թթ. արդեն ճանաչված օվկիանոսագետ Անիտա Կոնտին  հետազոտություններ է կատարում Խաղաղ, Հնդկական եւ Սառուցյալ օվկիանոսներում: Անիտա Կոնտիին նվիրված փաստագրական ֆիլմում նավաստիները հիացած պատմում են, որ պետք էր տեսնել, թե ինչպե¯ս էր այդ փխրուն, սակայն երկաթյա կամքի տեր կինը  դիմակայում փոթորկահույզ ծովերին, ինչպես էր անվախ նավաստու նման մեկ ակնթարթում հեշտությամբ մագլցում կայմի վրա ու անհրաժեշտ հրահանգներ տալիս, արժեքավոր  լուսանկարներ կատարում` հաճախ կրկնելով. <<Եթե օվկիանոսն ու ծովը շատ եք սիրում, դառնում նրանց հարազատ` չընկրկելով դժվարությունների առջեւ, ապա նրանք ձեր առաջ շռայլորեն բացում են իրենց գաղտնիքները>>:

1941-45թթ. գրեթե ողջ աշխարհը ներ էր քաշված երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Ֆրանսիական կառավարության առջեւ մի դժվարին խնդիր էր ծառացել` ականազերծել Պա-դե Կալե նեղուցում եւ Բարենցի ծովում գերմանացիների կողմից ականապատված ֆրանսիական նավերը: Այս դժվարին գործի կազմակերպումն ու ղեկավարումը վստահվում է մեր աննկուն ու խելացի հայրենակցուհուն: Ահա թե ինչ է պատմում այդ աշխատանքը ստանձնած նավի նավապետը. <<Երբ իմացանք, որ մեզ վստահված դժվարին առաքելությունը կին է ղեկավարելու` անչափ զարմացանք: Սակայն հետագայում` հույժ կարեւոր այդ առաքելության ողջ ընթացքում, աներեւակայելի խիզախ ու անվեհեր այդ տիկնոջ ներկայությունը մեզ հավաք էր պահում, նրա հնարամտությամբ ու հերոսությամբ հմայված ու ոգեւորված էին նույնիսկ փորձառու ծովայինները: Մեր ջանքերը պսակվեցին հաջողությամբ եւ բոլոր նավերն ապահով, առանց կորուստների  ականազերծվեցին>>:

Պատերազմի տարիներին Անիտա Կոնտին զբաղված էր եւս մեկ կարեւոր գործունեությամբ` նա անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելով, գտնում էր ձկների մեծաքանակ վտառների հարուստ պաշարներ ու սննդառատ ձկնատեսակներով ապահովում ինչպես մարտնչող զորքին, այնպես էլ խաղաղ բնակչությանը, ինչն ուտելիքի ծայրահեղ  սղության պայմաններում պարզապես անփոխարինելի էր:

1947թ. Անիտա Կոնտին ծանոթանում է լեգենդար ծովագնաց, ճանապարհորդ, ակվալանգի գյուտի համահեղինակ, ֆրանսիացի մեծ գիտնական Ժակ Իվ Կուստոյի հետ, ով հետագայում դառնում է նրա լավ բարեկամն ու գործընկերը: Աշխարհահռչակ ծովագնացը  հիացած էր խիզախ հայուհու մեծ հարգանք ներշընչող գործունեությամբ. <<Անիտան երեւույթ է համաշխարհային օվկիանոսագիտության պատմության մեջ: Գեղեցիկ հայկական դիմագծերով այս կինն` օժտված լինելով <<առնական բանականությամբ>>, միեւնույն  ժամանակ անչափ հմայիչ է ու զգացմունքային: Անթերի ու դիպուկ նշանառու է, սակայն  բարի է ու կենդանասեր: Ես շատ զարմացա, երբ մեր առաջին հանդիպմանը նա ինձ  դիմավորեց իր սիրելի հսկա օձը պարանոցին: Նավաստիները նրան պարզապես պաշտում են` իր բարի, կենսախինդ ու խիզախ բնավորության համար եւ քնքշորեն անվանում “La Dame  de  la  Mer ” – <<Ծովի  տիկին>>: Անիտայի ավանդը գիտության գանձարանն ահռելի է: Նա անխոնջ մշակի պես իր ողջ կյանքը ծառայեցրեց մարդկանց: <<Ծովի տիկնոջ>> ուղին շատ դժվար է եղել: Նրան երկար ժամանակ չէին թույլատրում զբաղվել` միայն  տղամարդկանց մենաշնորհը համարվող ծովագնացությամբ, սակայն ծովի հանդեպ  անսահման սիրո, համառության ու մեծ ձգտման շնորհիվ` Անիտան ջարդ ու փշուր անելով կարծրացած պատկերացումներն ու տաբուները` փայլուն ու աներևակայելի հաղթանակ  տարավ: Անիտայի նման կանայք 1000 տարին մեկ են ծնվում եւ պետք է նրա մասին  հաճախ գրել ու խոսել, չպետք է թողնել, որ այդ փառավոր ու լեգենդար կնոջ անունը մոռացության քողով պատվի, քանի որ նման անհատները յուրաքանչյուր պետության  ամենաթանկ կապիտալն են>> այսպես է Անիտա Կոնտիի մասին իր հիացական խոսքը եզրափակել  Իվ Կուստոն:

1954թ. “Bois Rose° “- <<Բուա Ռոզ>> նավի վրա փորձառու օվկիանոսագետ Անիտա Կոնտին միակ կինն էր` 60 հոգանոց անձնակազմում: Վեց ամիս նավը գտնվեց բաց ծովում, ետեւում բազմաթիվ փոթորկոտ օրեր, նեղություններ թողնելով, վերադարձավ անասելի  հարուստ բեռով` 1100տ ապխտած ձկով, բերելով  նաեւ Անիտայի շուրջ 5000 արժեքավոր  լուսանկարները եւ նրա <<Օվկիանոսը կերտողները>> ապագա գրքի ձեռագրերը:

1958-ին Անիտա Կոնտին մասնակցում է դարակազմիկ մի իրադարձության` Միջերկրական ծովում աշխարհում առաջին բատիսկաֆի փորձարկմանը: <<Երբեք չեմ մոռանա այդ հիշարժան օրը. հուզմունքս չէի կարողանում զսպել>> պատմում է Անիտան. <<Մենք առաջին հետազոտողներն էինք աշխարհում, որ մոտ 600մ խորությամբ ընկղմվել էինք ծովի հատակը: Ես հիացած դիտում էի զարմանահրաշ ձեւ ու գույն ունեցող, մինչ այդ գիտությանն անհայտ ստորջրյա ձկներին եւ դրանց մասին ռադիոկապով տեղեկացնում նավի վրա գտնվող գիտնական-օպերատորներին>>:

Ճամփորդության հանդեպ սերը ծնողներից ժառանգած Անիտան եղել է բոլոր  մայրցամաքներում եւ նավարկել աշխարհի գրեթե բոլոր ծովերով ու օվկիանոսներով, ուսումնասիրել ձկնային պաշարները, ջրի բաղադրությունը, գծագրել կարեւոր ձկնորսական  քարտեզներ: Աֆրիկայում Անիտա Կոնտիի հետ նավարկած նավաստիներից մեկը  պատմում է. <<Այնքան շոգ էր, որ մենք Աստված գիտե, թե ինչպես էինք հագնվում, իսկ <<Ծովի  տիկին>>-ը մշտապես սպիտակ վերնաշապիկ էր հագնում` վրան գեղեցիկ ժապավեն կապում եւ մինչեւ արմունկները հասնող սպիտակ ձեռնոցներ կրում: Ողջ օրը տիկինը քրտնաջան աշխատում էր, իսկ գիշերները զրույցի էր բռնվում տեղացի ձկնորսների հետ, խորհուրդներ տալիս, նրանցից էլ` ձկնորսական գաղտնիքներ սովորում>>:

Անիտա Կոնտին ընտրվել է տասնյակ Օվկիանոսագիտական ակադեմիաների պատվավոր անդամ, նրա մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրել ֆրանսիական առաջատար “Le Monde”, “Le Figaro” եւ բազմաթիվ այլ պարբերականներ ու գրողներ` հիացական տողեր ձոնելով, անգամ 80 տարեկանում ծով դուրս եկած լեգենդար գիտնականին, փիլիսոոփային, մեծ բնախույզին ու լուսանկարչին, նշելով, որ այս բազմատաղանդ կինը նաեւ մի շարք բանաստեղծությունների ու պոեմների հեղինակ է:

“Le  Figaro”-ն մասնավորապես գրում է. «Անիտա Կոնտին առաջին կինն էր աշխարհում, որ Աֆրիկայում մանրամասն հետազոտել է <<տաք ծովերի հսկաներին>>` շնաձկներին: Պարզելով, որ այդ կենդանիները սննդարար մեծ արժեք ունեն, իսկ լյարդը  հարուստ է վիտամիններով` անձամբ ղեկավարել է նրանց որսը: Ձկնարդյունաբերության  զարգացմանը զարկ տալով` խելամիտ ու հեռատես գիտնականը խորապես մտահոգված էր բնության պահպանմամբ: Նա գտնում էր, որ բնակչության աճը, տեխնիկական առաջընթացը, անվերահսկելի շահույթ կորզելը կարող են հանգեցնել օվկիանոսի կողոպտմանը եւ ամեն կերպ փորձում էր հավասարակշռություն պահպանել>>:

“Le  Monde” թերթը հավելում Է. <<Անիտա Կոնտին ոչ միայն բազմաթիվ լեզուների տիրապետող անվանի գիտնական էր, այլեւ հմուտ կազմարար: Իր հեղինակած արժեքավոր  գրքերն ինքն էր կազմում: Երբ նրան հարցրել են, թե ինչպես է կարողանում այդքան  վարպետորեն գեղեցիկ կազմեր պատրաստել, նա պատասխանել է. <<Գրակազմության արվեստը ժառանգել եմ սիրելի Ոսկան պապիցս: Թերթեք հիասքանչ հայկական  մագաղաթները, դիտեք դրանց ոսկեզօծ ու արծաթապատ, թանկարժեք քարերով ագուցված զարդարուն կազմերը եւ ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա>>:

Բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակ, բանասիրական գիտ. թեկնածու Արծվի   Բախչինյանն իր <<Հայազգի գործիչներ>> գրքում գրում է. <<1946-ին Անիտա Կոնտին Կոնակրիում (Գվինեական Հանրապետություն) հիմնում է շնաձկների պահածոյացման գործարան, 1952-ին` ձկան ապխտման աշխատանքը տեղափոխում է նավի վրա: Նա մի շարք գրքերի` <<Օվկիանոսը կերտողները>>, <<Տաք ծովերի հսկաները>>, <<Օվկիանոսները, կենդանիներն  ու  մարդը>> հեղինակ է, նրան անվանել են մարդ, ում  գրքերը խոսում են` գրքերից մեկն արժանացնելով <<Վիկինգ>> մրցանակի: Ծովագնացներն ու նավաստիները մեծ հարգանք տածելով անվանի օվկիանոսագետի հանդեպ` նրան անվանել են <<շրջազգեստով Մագելան>>, <<Ծովի մեծ տիկին>>, <<Օվկիանոսի թագուհի>>:

Մեծ հետազոտողն ու գիտնականը մոտ մեկդարյա բեղմնավոր կյանք ունեցավ: Նա կյանքից հեռացավ 1997թ. դեկտեմբերի 25-ին` Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դաուրնեն քաղաքում` 99 տարեկան հասակում: Ասում են այդ օրը ծովն անասելի փոթորկոտ է եղել. այսպես է ծովն ընդդիմացել իր նվիրյալ զավակի կյանքից հեռանալուն:

Մեծ օվկիանոսագետը վերջին հանգրվան չունի: Ըստ նրա կտակի իր աճյունափոշին ի պահ է տրվել նրա պաշտելի օվկիանոսի ջրերին: Այս լեգենդար կնոջ պայծառ հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է “ANITA CONTI” ձկնորսական նավը, Ֆրանսիայում գործում են նրա անունը կրող քոլեջներ, լիցեյներ, որտեղ երիտասարդները խորամուխ են լինում ծովերի ու օվկիանոսների գաղտնիքների մեջ:

Անիտա Կոնտի–Կարագոշյանի հարուստ ժառանգությունը` նրա հեղինակած գրքերն  ու բանաստեղծություններն, օրագրերն, ավելի քան 40.000 արժեքավոր լուսանկարները եւ արխիվային այլ մեծարժեք նյութերը, անգնահատելի փաստագրական ժապավենները խորին ակնածանքով պահպանում եւ ուսումնասիրում է նրա միակ որդին` նկարիչ-արվեստաբան Լորան Կոնտին:

Այսօր աշխարհի ամենահայտնի հանրագիտարաններում ծավալուն նյութեր են զետեղված առաջին կին-օվկիանոսագետ` Անիտա Կոնտիի մասին, ում այժմ անվանում են նաեւ <<ծովի Էդիտ Պիաֆ>>:

Ասում են, երբ օտարները զարմանում էին, թե ծով ու օվկիանոս չունեցող հայ ժողովուրդն ինչպես է իր նման մեծ օվկիանոսագետ ծնել` Անիտան պատասխանում էր. <<Իմ ժողովրդի մի հատվածը 300 տարի ծովի մոտ է բնակվել` մենք ունեցել ենք փառապանծ Կիլիկիան, որի ծովափերին աշխարհի հզորագույն երկրների հետ առեւտրական սերտ կապեր հաստատած ավելի քան հազար հայկական նավեր էին հանգրվանում, վերջապես մենք ունեցել ենք հայոց ամենահզոր արքա Տիգրան Մեծի <<Ծովից ծով Հայաստանը>>. իմ մեջ այդ խիզախ հայրենակիցներիս արյունն է հոսում>>:

Մեր մյուս մեծերի կողքին պետք է վառ պահել հայ ժողովրդի լավագույն դուստրերից մեկի` Անիտա Կոնտի-Կարագոշյանի անունը, որն իր ողջ կյանքը նվիրաբերել է բարիք ստեղծելուն` չմտածելով հատուցման ու վարձի մասին: Սիլվա Կապուտիկյանի հետեւյալ տողերը կարծես ձոնված լինեն նրան.

Բարեսի’րտ եղի’ր,

Լավություն արա ու ջուրը գցի°ր,

Թաքուն մի’ հուսա հատուցում ու վարձ,

Այլ ջուրը գցի’ր ու նետի’ր անդարձ,

Ջուրը կտանի, կհասցնի ծովին,

ՈՒ կշատանա աշխարհի բարին:

                                                               Նյութը պատրաստեց Հասմիկ  Աղուզումցյանը

Print Friendly
Facebook