Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ես ու Ամերիկաները

20.03.2012 | 06:08

 

Երբ դեռ Հայաստանում էի ապրում (այո, ապրում էի և ոչ բնակվում) ու գիտեի, որ շուտով Միացյալ Նահանգներ եմ գալու, ընկերուհիներիցս մեկը կատակեց` այ սփյուռքահայ… Որքան էի վիրավորվել, միայն ես գիտեմ: Ու ինձ մեղադրում էի վիրավորվելուս համար. չէ՞ որ Հայաստանից մեկնելու եմ շուտով, իսկ Հայաստանից դուրս ապրող հայերն “սփյուռքահայեր” են անվանում…
…Եկա ԱՄՆ, ընդամենն ինը ամիս եմ այստեղ ու թե որքանով կարելի է ինձ սփյուռքահայ համարել, չգիտեմ…
Չնայած երբևէ չեմ մեղադրել այն մարդկանց, ովքեր իսկապես կարիքից ելնելով են հայտնվել օտար ափերում, սակայն, հայտնվելով այստեղ, սկսեցի բարկանալ: Բարկանալ, որ մարդիկ, հասնելով այստեղ, սկսել են մոռանալ ազգություն ու հավատ: Ասածներս միայն ուղիղ իմաստով պետք է հասկանալ: Հայեր կային այստեղ, որոնց հետ ծանոթության հետ կապված մեծ հույսեր էի կապում, բայց որքան եղավ հիասթափությունս, երբ իմացա, որ այդ երիտասարդների կարծիքով իրենք ռուս են. Հայաստանում գրեթե չեն ապրել, ապրած ժամանակն էլ “մութ ու ցուրտ” տարիներն էին… “Մենք հայ չենք”: Կարող էի ենթադրել իհարկե` լսելով ռուսականցված ազգանունը: Ու չնայած հայրն ու մայրը հայ են` երեխաները, իրենց ազգությունն ընդունելու դեպքում, երբևէ հայ չեն դառնա: Ու ես զարմանալու ոչինչ չունեմ այժմ. չէ՞ որ հայության խորհրդանիշն երիտասարդների շրջանում այստեղ հանրահայտ Քարդաշյան քույրիկներն են  (չգիտեմ էլ` ազգանունը ճիշտ եմ գրել, թե ոչ): Շատ ընտանիքներ կան, ովքեր Բաքվից փախչելու համար ռուսականացրել էին իրենց ազգանունները, սակայն հայությունը պահպանել ցանկացողները փոխել են դրանք` ամերիկյան քաղաքացիություն ստանալուն պես. գոնե իրենց ազգությունից չեն ամաչում մարդիկ: Ազգանունը չփոխածներ էլ կան սակայն, որոնք պակաս հայ չեն:
Մեծահասակների մասին չեմ խոսում. նրանց մեջ հայությունը հակադարձ համեմատական է օտարության մեջ ապրած տարիների քանակին: Նրանց էլ է ժամանակը փոխում…Այս մարդիկ իրենց երեխաներին հայեցի են դաստիարակում: Սկզբում կարծում էի, թե տարբերություն չկա հայեցի ու հայ ածականների միջև: Պարզեցի, որ տարբերությունն ահռելի է: Հայեցի դաստիարակված հայ երեխան ամաչում է հայերեն խոսել, հայկական ավանդույթներն իր համար ծիծաղելի ու անընդունելի են: Հայեցի մեծացած երեխան իրեն “ամերիկացի-հայ” է համարում. չի կարող անտեսել Ամերիկայում ծնված լինելու փաստը:
Սկզբում բանավիճում էի անընդհատ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր առիթը բաց չէին թողնում` վատաբանելու Հայաստանը: Չեմ ասում, որ մեր հայրենիքում ամեն ինչ հրաշալի է: Բայց “հայի պատիվ” արտահայտություն կա…չպահե՞նք գոնե օտարների մոտ. չթողնենք վատ կարծիք կազմել:
Հիմա էլ ասելիք չունեմ “խևին խրատը” ոչինչ էլ չի անի:
Ես արդեն վախենում եմ փոքր հայ երեխաներին հարցնել, թե արդյոք հպա՞րտ են, որ հայ են. չէ՞ որ ծնողների պարտադրանքով են հայկական դպրոց հաճախում շաբաթը մեկ անգամ:
Ուրախ եմ բոլոր այն երիտասարդների համար, ովքեր արդեն իսկ կայացած են հեռացել երկրից` չնայած “խևի ու խրատի” ասացվածքն այստեղ էլ տեղին է…
Հ.Գ. Նյութս անձնական է` ԱՄՆ Օրեգոն նահանգում իմ անձնական փորձի արդյունք: Միայն ուրախ կլինեմ, եթե միայն իմ անձնական փորձն այսպիսին լինի: Սփյուռքի հայերի դեմ ոչինչ չունեմ…
Իսկ ես հայ եմ, ու դրա համար չեմ ամաչում` չնայած Հայաստանի մասին շրջապատիս (մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից) միայն հինգ տոկոսն է տեղյակ: Չեմ զլանում ամեն անգամ ուղղում մտցնել` Հա-յաս-տան և ոչ Ռումենիա (Armenia և Romania բառերի արտասանությունն իրենց համար նույնն է)… Եվ ի վերջո` դա նրանց համար ուղղակի նշանակություն չունի…
Հայկուշ Շահբազյան (ԱՄՆ)
Print Friendly
Facebook